Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ջիմ Կոստային


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ջիմ Կոստային

  • 22-07-2016 17:40:40   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստային` ուղեկցությամբ Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանի: 
 
Ողջունելով հյուրերին` Նորին Սրբությունը հայ ժողովրդի նկատմամբ տածած հարգանքի և կատարած հայանպաստ գործունեության համար իր մասնավոր գնահատանքն ու հայրապետական օրհնությունը փոխանցեց տիար Ջ. Կոստային: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց վերջինիս կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման ու Արցախի ժողովրդի արդար իրավունքների պաշտպանությանն ի նպաստ գործադրված ջանքերը: 
Այս կապակցությամբ Նորին Սրբությունը կարևոր նկատեց նաև այդ գործում Կոնգրեսի մյուս անդամների կողմից բերված զորակցությունը և աղոթքով մաղթեց, որ Երկնավոր Տերն արդյունավորի նրանց ազնիվ ջանքերը:
  Իր հերթին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամը Նորին Սրբությանը վստահեցրեց, որ հայությունը և ԱՄՆ հայ համայնքի խնդիրները եղել են իր հետաքրքրության շրջանակներում, և պատրաստակամ է աջակցելու Հայոց Ցեղասպանության ճանաչման գործում:
Անդրադարձ եղավ նաև արդի պայմաններում մարդկային կյանքի առջև ծառացած մարտահրավերներին, Հռոմի Սրբազան Քահանայապետի` Հայաստան կատարված եռօրյա այցին, Մերձավոր Արևելքում տիրող ծանր իրավիճակին: Հայոց Հովվապետը կարևորեց տարբեր ժողովուրդների նկատմամբ իրականացված ոճրագործություններին ճիշտ գնահատական տալը արդար և խաղաղ աշխարհ կերտելու գործում, ինչպես նաև խոսակցության ընթացքում վերջին օրերին Երևանում ծավալված իրադարձությունների կապակցությամբ վերստին ընդգծեց առկա իրավիճակը բացառապես խաղաղ ճանապարհով հանգուցալուծման առաջնորդելու անհրաժեշտությունը:  
Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն