Վարկյան առաջ պետք է ազատվել ներկայիս ԱԺ-ից և հրաժարվել կառավարությունից. «Զարթոնք» գաղափարական-քաղաքական ակումբի անդամներ (Տեսագրություն)


Վարկյան առաջ պետք է ազատվել ներկայիս ԱԺ-ից և հրաժարվել կառավարությունից. «Զարթոնք» գաղափարական-քաղաքական ակումբի անդամներ (Տեսագրություն)

  • 25-07-2016 12:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ




Հուլիսի 25-ին  ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում  տեղի ունեցավ ասուլիս «Զարթոնք» գաղափարական-քաղաքական ակումբի անդամների մասնակցությամբ։ 

Թեման՝  «Հուլիսյան իրադարձությունները՝  ինչպես հանգուցալուծել խնդիրը»։
 
 
Բանախոսներն են՝ 
 
Արամ  Գրիգորյան,
Գևորգ Արզումանյան, 
Գևորգ Հովսեփյան, 
Լևոն Թումանյան
 
 
«Զարթոնք» գաղափարական-քաղաքական ակումբի հայտարարությունը 2016թ. հուլիսյան իրադարձության  վերաբերյալ.
 
        Հայ ազգն ու Հայաստանը հայտնվել է հերթական փորձության առջև։ Դեռ ապրիլյան դեպքերի հետևանքները չվերացրած և դրանից համապատասխան հետևություններ չարած, մի խումբ մարդկանց կողմից իրականացվել է զինված ապստամբություն՝ քաղաքական պահանջներով։
       Գնահատականներ չտալով բողոքի արտահայտման ձևին և հետևանքներին, գտնում ենք, որ կատարվածն անմիջական պատճառա-հետևանքային  կապ ունի Հայաստանում տիրող քաղաքական, սոցիալ-տնտեսական և բարոյական իրավիճակի հետ։ Համատարած անարդարություններն ու կոռուպցիան, անօրինականություններն ու անպատժելիությունը,  ծայրահեղ աղքատությունն ու մարդկանց անպաշտպանվածությունը, ապագայի նկատմամբ անվստահությունն ու արժանապատիվ ապրելու և արարելու անհնարինությունը, պատկան մարմինների անհեռատես և հաճախ ապազգային գործողությունները, արցախյան խնդրի կարգավորման պարտվողական քաղաքականությունը, վտանգելով երկրի ապագան, մարդկանց մղում են վճռական, նույնիսկ ծայրահեղ քայլերի։ 
       Իշխող համակարգը վերջին քսան տարիներին ամեն ինչ արել է խորացնելու ազգի և իշխանության անջրպետը, խրախուսելով ազգային անվտանգությանն սպառնացող արտագաղթը, նաև կատարելագործելով բոլոր մակարդակների ընտրությունների համատարած կեղծումը, այլընտրանք չի թողել խաղաղ ճանապարհներով երկրի վիճակը փոփոխելու և բարելավելու համար։                                                 
       Համոզված ենք, որ այս ամենի հիմնական մեղավորն ու պատասխանատուն իշխող համակարգի հաճախ հակապետական, իսկ <ընդիմադիր> հռչակվածների հիմնականում երկդիմի, պատեհապաշտ պահվածքն է: Անհասկանալի  է  նաև՝  երկրի  քաղաքական-հասարակական  արձագանքը,  համատարած  ազգային  դժգոհության  պայմաններում  բացակայում  է  հանրային  պահանջը։ Իշխանությունները դեռևս չեն գիտակցում, որ երկիրը հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում, որ անհրաժեշտ են կտրուկ և արմատական բարեփոխումներ, հակառակ դեպքում ներքին  խնդիրների ուժային մեթոդներով լուծումը, այդ թվում՝ արտաքին միջամտությամբ, չի փրկի նրանց և նրանց մերձավոր շրջապատին ազգի, օրենքի և պատմության դատաստանից։
     Կոչ ենք անում.
     իշխանություններին՝ վերջապես սթափվել և գործել հանուն ազգային շահի, պետության և ժողովրդավարության, իրավիճակից դուրս գալ փոխզիջումների միջոցով, բացառելով արյունահեղությունը:
    հանրությանը՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով պայքարել՝ հանուն հայ ազգի զարթոնքի և Հայաստանի պետականության ամրապնդման։ 
    իսկ ներկա պահին՝ երկուստեք  հրաժարվել ուժի կիրառումից ու սկսել բանակցությունը՝ ներգրավելով հանրության ներկայացուցիչների /միջնորդական խումբ, որին պատրաստ է մասնակցել նաև մեր ակումբը/։  
 
Հասսցե՝  0014,  Երևան, Կոմիտասիպողոտա, 56 շենք, 161 տարածք,        
Ֆեյսբուք`     Զարթոնք ակումբ        
Հեռախոս՝  010 23 47 39,  բջջային`  096 23 43 49,  
Էլեկտրոնայինհասցե՝  zartonq-akumb@hotmail.com
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։ 
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play