Տագնապալի նորություններ զինված ապստամբության ֆոնին


Տագնապալի նորություններ զինված ապստամբության ֆոնին

  • 26-07-2016 18:35:58   | Հայաստան  |  Վերլուծություն

Մինչ Հայաստանում հեղափոխական ոգին փորձում է ճեղքել հայերի անտարբերությունն ու ստրկական մտածողության պատը, մեր երկրի շուրջ բուռն զարգացումներ են տեղի ունենում, որոնք կարող են թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական կտրուկ փոփոխությունների հանգեցնել:

 

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն պաշտոնապես հաստատել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու եւ սահմանը բացելու մտադրությունը:

 

Նախարարը խոստովանել է, որ հուլիսի 14-ին՝ նախքան հեղաշրջման փորձը, Բաքու այցի ժամանակ փորձել է քննարկել Հայաստանի շրջափակման վերացման հավանականությունը: Դատելով Չավուշօղլուի երեկվա հայտարարությունից՝ հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի մտադրությունները չեն փոխվել եւ անգամ ամրապնդվել են: Հարցն այն է, թե Թուրքիան աշխարհքաղաքական որ համատեքստում է մտադիր կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ եւ ինչու է հարցը քննարկում Բաքվի հետ:

 

Թուրքիայում վարչապետի փոփոխությունից հետո Անկարան հայտարարել է հարեւանների հետ փչացած հարաբերությունները վերականգնելու մտադրության մասին եւ արդեն արել է դա Ռուսաստանի եւ Իսրայելի հետ: Իսկ չհաջողված հեղաշրջումից հետո Թուրքիան աջակցության համար շնորհակալություն է հայտնել մի շարք երկրների, այդ թվում՝ Ադրբեջանին ու Ռուսաստանին:

 

Պետք է ենթադրել, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը կարող է բացել միայն Ռուսաստանի եւ Ադրբեջանի հետ ընդհանուր շահերի համատեքստում: Այդ համատեքստում է, հավանաբար, ղարաբաղյան խնդիրը: «Լավրովը պլանը», որով նախատեսվում է ղարաբաղյան հողերի հանձնում Ադրբեջանին, ամենայն հավանականությամբ, հայ-թուրքական սահմանի բացման գլխավոր պայմանն է, որին համաձայն է Բաքուն:

 

Փակ հայ-թուրքական սահմանը խոչընդոտ է համաշխարհային ուժերի կողմից տարածաշրջանի աբսորբացիայի ճանապարհին: Արեւմուտքը պահանջում է սահմանը բացել առանց ղարաբաղյան նախապայմանի: Ռուսաստանը, ընդհակառակը, առաջակում է «օգնել» Հայաստանին կատարել հողերի հանձնման նախապայմանը:

 

Չավուշօղլուն ասում է, որ դեռ բանակցություններ չի վարել Հայաստանի հետ, չնայած հանդիպել է իր գործընկերոջը եւ ողջունել նրան: Չավուշօղլուն ինչու՞ պետք է բանակցի Հայաստանի հետ, եթե Հայաստանն իր արտաքին քաղաքական որոշումները պատվիրակել է Մոսկվային: Բավարար է, որ Չավուշօղլուն խոսի Լավրովի հետ:

 

Հայաստանի ԱԳՆ-ն պետք է պատասխանի էքզիստենցիալ հարցերին. Թուրքիայի հետ բանակցություններ տարվու՞մ են սահմանների բացման հարցով, ինչպե՞ս են դրանք կապված ղարաբաղյան «նախապայմանին», ո՞րն է Ռուսաստանի եւ Ադրբեջանի դերը հայ-թուրքական բանակցություններում:

 

Չնայած այն բանին, որ Հայաստանում քաղաքական ուժերը՝ ավելի ճիշտ առանձին քաղաքական գործիչներ, ուշադրություն են հրավիրում ղարաբաղյան հողերի հանձնման իրական սպառնալիքի վրա, ակնհայտ է, որ դա առանձին թեմա չէ, այլ Հայաստանը ռուս-թուրքական հերթական պայմանավորվածության մեջ ներառելու համալիր ծրագրի մաս: Խոսքն արդեն ոչ թե մի քանի շրջանի, այլ Հայաստանի ինքնիշխանության մասին է:

lragir.am

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն