Հարութ Սասունյան.Թուրքիայում պետական հեղաշրջումը դեռ շարունակվում է. խառը իրավիճակ է տիրում


Հարութ Սասունյան.Թուրքիայում պետական հեղաշրջումը դեռ շարունակվում է. խառը իրավիճակ է տիրում

  • 27-07-2016 15:25:12   | ԱՄՆ  |  Վերլուծություն

Անցյալ ուրբաթ շատ հայեր ոգևորվել էին, լսելով, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել նախագահ Էրդողանին տապալելու համար:   
 
Մի պահ նույնիսկ ես ընկա այդ էյֆորիայի մեջ, մինչ հիշելը, որ չնայած Էրդողանը ֆաշիստ ղեկավար է, սակայն թուրքական զինվորականությունը շատ ավելի վատն է...  Թուրքիայում անցած չորս ռազմական հեղաշրջումների ժամանակ՝ 1960, 1971, 1980 և 1997 թվականներին, գեներալների պայքարն իշխանության համար մշտապես ուղեկցվել է զանգվածային ձերբակալություններով, խոշտանգումներով և սպանություններով: Էրդողանը ամենևին էլ ժողովրդավարական ղեկավար չէ, սակայն նրա զինվորական հակառակորդները կարող են շատ ավելի վայրենի լինել... Սա է պատճառը, որ Թուրքիայի ընդդիմադիր կուսակցություններից ոչ մեկը, նույնիսկ ճնշված քրդերի կուսակցությունը, չաջակցեցին դավադիրներին՝ պատկերացնելով իրենց սարսափելի վիճակը ռազմական վարչակարգի լծի տակ... 
Պետական հեղաշրջման փորձը շտապ ողջունելու փոխարեն, հայերը պետք է ուրախանային Թուրքիայի ղեկավարի գոյատևման համար... Պետք է հաշվի առնել, որ Էրդողանը իսլամիստ է, մինչդեռ բանակի բարձրաստիճան սպաները՝ ազգայնամոլներ: Էրդողանը, իհարկե, քրդերի, հայերի, թուրք իրավապաշտպանների, լրագրողների և քաղաքական հակառակորդների բարեկամը չէ, սակայն մյուս կողմից, ռազմական իշխանությունը կատարյալ մղձավանջ կլիներ բոլորի համար Թուրքիայի ներսում և նրա սահմաններից դուրս, մասնավորապես հարևան Հայաստանի Հանրապետության և Արցախի համար: Կարիք չկա հետ գնալ մինչև 1915 թվականը հիշելու համար թուրքական բանակի կողմից 1.5 միլիոն անմեղ հայ տղամարդկանց, կանանց և երեխաների դեմ իրագործված ջարդերը... Իսկ վերջին տարիներին, 1974 թ. Կիպրոս ներխուժման ժամանակ,  թուրք զինվորականները  նողկալի պատերազմական հանցագործություններ իրականացրեցին ընդդեմ հազարավոր հույն խաղաղ բնակիչների...
Էրդողանի կողմից իշխանության ղեկին մնալը կարող է մեծագույն նվեր լինել բոլոր նրանց համար, որոնք ցանկանում են, որ Թուրքիան ծաղրի առարկա մնա ամբողջ աշխարհում: Նրա ծայրահեղական հայացքները սոցիալական, քաղաքական և կրոնական հարցերի վերաբերյալ հաճելի են միայն նրա արմատական կողմնակիցների համար, բայց վանում են առողջ դատողություն ունեցող մարդկանց: 
Երբ Էրդողանի տապալման նախնական լուրը հերքվեց, նրանք, ովքեր տոնում էին նրա հնարավոր հեռացումը, սկսեցին անհիմ լուրեր տարածել, թե Թուրքիայի նախագահն անձամբ է բեմադրել այդ հեղաշրջումը իր հակառակորդներից ձերբազատվելու համար: Նման արտառոց կարծիքին հավատալու համար, պետք է անտեսել, որ այդ հեղաշրջումը բեմադրել էր զգալիորեն թուլացած ավագ սպաների խումբը՝ Էրդողանի կողմից ամբողջ մի տասնամյակ զինվորականների զտումներից հետո: Հրաշք է, որ սպառնալիքների տակ լինելուց, հետապնդվելուց, բանտարկվելուց կամ վաղ թոշակի գնալուց հետո, դեռ պուտչիստներ են մնացել թուրքական բանակում... Փորձառու հրամանատարները փոխարինվել էին ոչ արհեստավարժ զինվորականներով, որոնց միակ հմտությունը սուլթան Էրդողանի բոլոր ցանկություններն ու քմահաճույքները ամբողջությամբ բավարարելն էր...  
Բացի այդ, պետական հեղաշրջումը վատ էր կազմակերպված, որը հնարավորություն տվեց Էրդողանին խուսափել կալանքից դավադրության մասին վերջին րոպեին իմանալով և հեռուսատատեսությամբ հրահրելով իր մոլեռանդ հետևորդներին դուրս գալ փողոց ու դիմակայել տանկերին... 
Ամերիկյան լրատվամիջոցները, ինչպես միշտ, ապակողմնորոշեցին հասարակությանը՝ էրդողանին բազմիցս անվանելով «ժողովրդավարական ճանապարհով ընտրված ղեկավար», որն իբր «մեծ թվով հետևորդներ ունի հասարակության լայն շերտերում» և «Միացյալ Նահանգների կարևոր դաշնակիցն է ԻԼԻՊ-ի դեմ պայքարում»… Այս բոլոր հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Թուրքիայի նախագահը ֆաշիստ է, նրա կողմնակիցները, թեև ավելի աղմկարար, քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների հազիվ կեսն են, և նրա վարչակարգը ԻԼԻՊ-ի ահաբեկիչների աջակիցն է եղել…  
Ի՞նչ է լինելու հիմա: Էրդողանը շահարկելու է այս հրաշալի հնարավորությունը իր իշխանությունն ուժեղացնելու համար, դառնալով ավելի ոխակալ և միահեծան քան առաջ էր, իր երկաթյա բռունցքով  ջախջախելով բոլորին, որոնք կհամարձակվեն չհամաձայնել իր հետ… 
Թուրքիայի ղեկավարը հիմա ագրեսիվորեն վերացնում է բոլոր կասկածելի հակառակորդներին՝ ձերբակալելով հազարավոր սպաների, այդ թվում 102 գեներալի, և աշխատանքից ազատելով 50 հազար անվտանգության աշխատակիցների ու դատական համակարգի 3000 անդամների, որոնք որևէ կապ չեն ունեցել հեղաշրջման փորձի հետ… Նրանք, իհարկե, կփոխարինվեն Էրդողանի հլու-հնազանդ ծառաներով, վստահ լինելու համար, որ նրա քաղաքական հակառակորդները կարժանանան դատարանների դաժան վճիռների, ամենայն հավանականությամբ, մահապատժի, որը կբացառի Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը…
Էրդողանի միակ անհասանելի հակառակորդը՝ նրա երբեմնի դաշնակից, իսլամական հոգևորական Ֆեթհուլլահ Գյուլենը, որն ինքնակամ աքսորվել  է Ամերիկա և ապրում է Փենսիլվանիայում… Թուրքիայի նախագահը կեղծ մեղադրանք է ներկայացնում մահմեդական հոգևորականի դեմ անցյալ շաբաթվա հեղաշրջման փորձը կազմակերպելու համար՝ իր գլխավոր հակառակորդին վերացնելու նպատակով… Մնում է տեսնել, թե արդյոք Էրդողանին կհաջողվի վախեցնել նախագահ Օբամային՝ արտահանձնելու Գյուլենին Թուրքիային … 
Հակառակ թուրքական կառավարության կեղծ զեկույցների՝ հեղաշրջումն ամբողջովին չի ճնշվել: Հեղաշրջման մեկնարկից հինգ օր անց, Էրդողանը դեռ փակված է Ստամբուլում՝ չկարողանալով վերադառնալ իր հսկայական դատարկ պալատը Անկարայում … 
Բոլոր նրանք, ովքեր հոգնել են Թուրքիայի միջամտություններից հարևան երկրների գործերին, իհարկե, կնախընտրեին, որ երկարաձգվեին ներիշխանական բախումները դավադիրների և բռնատիրական վարչակարգի ղեկավարության միջև: Դա կստիպեր Թուրքիային զբաղվել իր ներքին խնդիրներով՝ նվազեցնելով Հայաստանի Հանրապետության, Արցախի, Կիպրոսի, Հունաստանի, Իրանի, Իրաքի և Սիրիայի անվտանգությանը սպառնալու նրա կարողությունը... 
 
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 
Հարութ Սասունյան 
 «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Նոյյան տապան  -   Վերլուծություն