Ի՞նչ է պետք հաղթահարել. Արամ Աբրահամյան


Ի՞նչ է պետք հաղթահարել. Արամ Աբրահամյան

  • 27-07-2016 18:35:49   | Հայաստան  |  Վերլուծություն

«Առավոտ». Չնայած առաջին նախագահն ասել է, որ վերլուծությունների ժամանակը չէ, ես, այնուամենայնիվ, փորձեմ մի քանի բառով նշել, թե ինչու ենք մենք հասել այս վիճակին` չկենտրոնանալով որեւէ անձի վրա:
 
Արմատներն, իմ կարծիքով, պետք է փնտրել նորանկախ հանրապետության ակունքներում: 25 տարի առաջ պետական վերնախավը կազմվել է երկու բաղադրիչից.
 
1/ ազգային-ազատագրական գաղափարներ` Ցեղասպանության ճանաչման համար պայքար եւ Ղարաբաղյան պահանջատիրություն, կրողներից
 
2/ կոռումպացված, բարոյալքված, ցինիկ կոմունիստական-կագեբեական նոմենկլատուրայից: Երկրորդը «տոգորվեց» առաջինով (այսինքն` կարելի է գողանալ եւ կաշառք վերցնել ու լինել «հայրենասեր»), եւ մենք ունեցանք Երրորդ հանրապետություն:
 
Վերը նշված երկու միտումներն էլ պետք է հաղթահարել:
 
1/ Մենք ասում ենք` «ֆիդայի», «երկրապահ», «ազատամարտիկ», ինչպես որ առաջ ասում էին` «մաուզերիստ», «խմբապետ»: Եվ դա ավելի «հպարտ է հնչում», քան «զինծառայողը» եւ «պատերազմի վետերանը»: Որովհետեւ վերջին երկուսը պետք է տեղավորվեն պետական որոշակի կանոնների մեջ, իսկ «ֆիդային» եւ մնացածը ենթադրում են որոշակի կամայականություն՝ «բա ես ազգիս հմար արյուն եմ թափել» համոզիչ արդարացմամբ` «տղերքի ջոկատներով», տանը պահվող անօրինական զենքով եւ այլն:
 
Պատրոնդաշը, փափախը, ազգասիրության մասին քնարական զեղումները` 19-րդ դարի ազգային-ազատագրական պայքարի այդ «անտուրաժը», գրեթե անփոփոխ տեղափոխվել են 21-րդ դար` ձեւավորելով հասարակական եւ քաղաքական ոչ միայն հռետորաբանություն, այլեւ մտածելակերպ: Ֆիդայականությունը, ազգային-ազատագրական մտածողությունը բավարար է «ցեղասպանության» խնդիրը երկրի ներսում եւ դրսում ներկայացնելու համար: Դրանք բավարար էին` Արցախյան առաջին պատերազմում հաջողությունների հասնելու համար, փառք ու պատիվ մեր հերոսներին: Բայց մտածողության այս մակարդակը խիստ անբավարար է նոր պատերազմում, որը մեզ սպասվում է` քառօրյա պատերազմը մեզ դա հուշեց: Նոր պատերազմը լինելու է ավելի տեխնոլոգիական, ավելի տնտեսական եւ ավելի, եթե թույլ տրվի ասել, պետական: Իսկ դրա համար պետք են տեխնոլոգիաներ, պետք է տնտեսություն եւ ամենակարեւորը` պետություն: Ֆիդայականությամբ պետություն չես կառուցի: Առանց պետության այս դարում մենք չենք կարողանա հաղթել:
 
2/ «Հետխորհրդային» էլիտան խորհրդայինից տարբերվում է նրանով, որ ավելի կոռումպացված է եւ ավելի ցինիկ, գումարած դրան` յուրացրել է ազգային-ազատագրական բառապաշարը:
 
Բացահայտ շուկայական հարաբերությունների, «երկաթյա վարագույրի» բացակայության եւ խոսքի հարաբերական ազատության պայմաններում այն ժամանակի ընթացքում դառնում է ավելի ու ավելի ոչ ադեկվատ եւ նմանվում է բրեժնեւյան քաղբյուրոյի կերպարներին: Նրանք նույնպես բացարձակապես չեն համապատասխանում այսօրվա մարտահրավերներին: Այսօր թվում է, թե առաջինը կռվում է երկրորդի դեմ: Իրականում երկուսի ժամանակն էլ անցել է:
 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 
Նոյյան տապան  -   Վերլուծություն