Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների

  • 27-07-2016 19:11:50   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Արևելյան Հայոց թեմի ուխտավորների` ուղեկցությամբ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Կոմիտաս քահանա Զոհրաբյանի:
 
Ուխտավորներին ներկայացնելով Ամենայն Հայոց Հայրապետին` Տ. Կոմիտասը խոսեց Հայրենիքից ստացած նրանց տպավորությունների մասին և հայցեց Նորին Սրբության օրհնությունը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով ուխտավորների այցը Հայրենիք և համայն հայության հոգևոր կենտրոն, իր մասնավոր գնահատանքը փոխանցեց Տ. Կոմիտասին, ում նախաձեռնությամբ հայորդիներն ուխտավորաբար ժամանել էին Մայր Աթոռ Ս. Էջմիածին:
Անդրադառնալով Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հոգեփրկչական առաքելությանը` Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը հավելեց, որ  Հայ Եկեղեցին դարեր  շարունակ թե՛ Հայրենիքում, թե՛ Սփյուռքում ստանձնել է նաև հայապահպանության պատասխանատու գործը:
  Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդգծելով այսօրինակ ուխտագնացությունների կազմակերպման անհրաժեշտությունը, նաև ասաց, որ դրանք լավագույն ճանապարհներից են հայ ժողովրդի ինքնության գիտակցությունը զորացնելու և ամրացնելու առումով: Այս կապակցությամբ Նորին Սրբությունը փաստեց, որ Հայրենիք կատարվող ուխտագնացությունները հնարավորություն են ընձեռում, որպեսզի հայորդիները հասակ առնեն որպես Հայրենիքի ու նախնյաց արժանավոր զավակներ և հետնորդներ իրենց հայրերի ստեղծած հարուստ ժառանգությանը:    
  Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ կրթության ոլորտում Հայ Եկեղեցու իրականացրած առաքելությանը, Հայոց Հովվապետը պատասխանեց նաև ուխտավորների հարցերին: 
  Վերջում իր հայրապետական օրհնությունը բերելով ուխտավորներին` Նորին Սրբությունն աղոթեց, որ Երկնավոր Տիրոջ քաղցր հայացքի ներքո նրանք շարունակեն ապրել` նույն նախանձախնդրությամբ փարված մնալով  Հայ Եկեղեցուն ու ազգային կյանքին:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play