Արցախյան ազատամարտի շնորհիվ ՀՀ քաղաքացիություն ստացած նախագահները հատուկ վրեժխնդրություն ունեն ազատամարտի մասնակիցների նկատմամբ. փորձագետ (տեսանյութ)


Արցախյան ազատամարտի շնորհիվ ՀՀ քաղաքացիություն ստացած նախագահները հատուկ վրեժխնդրություն ունեն ազատամարտի մասնակիցների նկատմամբ. փորձագետ (տեսանյութ)

  • 28-07-2016 14:49:57   | Հայաստան  |  Քաղաքական



Անլեզու, անհող ու անհայրենիք Արշակ Սադոյան կոչեցյալն իրավունք չունի կարծիք հայտնել Ժիրայր Սեֆիլյանի նման հայրենասեր հայորդու Հայաստանում ապրելու կամ չապրելու մասին: Այս մասին հուլիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հայցպանյանը` անդրադառնալով Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանի այն աառաջարկին, թե Ժիրայր Սեֆիլյանին  «նստեցնելու փոխարեն պետք է արտաքսել»:
 
Ըստ նրա` ցանկացած սփյուռքահայ իրավունք ունի ապրելու իր հայրենիքում` Հայաստանի Հանրապետությունում:
Ս. Հացպանյանի բնորոշմամբ` հայազգի սերունդի արյան և քրտինի հաշվին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը դարձել են ՀՀ քաղաքացիներ. «Այսինքն` եթե չլիներ Արցախյան ազատամարտը, ապա նրանք հիմա Ադրբեջանի քաղաքացիներ կլինեին, ստացվում է, որ նախագահներն ազատամարտին մասնակցած անձանց հանդեպ հատուկ վրեժխնդրություն ունեն կամ հայ լինելու հանգամանքի պակաս կա»: 
«Ես չգիտեմ այդ առաջակը հասել է Ժիրայր Սեֆիլյանին թե ոչ, բայց  պատկերացնում եմ, թե Ժիրայն ինչքան վատ է զգում իրեն, երբ մի անհայրենիք մարդ նման առաջարկ է անում հայրենիքն արժևորող և հայրենիքին իր կյանքը նվիրած հայորդու հասցեին»,- ասաց նա` ընդգծելով, որ Ժիրայր Սեֆիլյանը, Հայաստանում չունենալով կարգավիճակ, ձերբակալվել է անհասկանալի հիմքով: 
Ս. Հացպանյանի խոսքերով` ինքն անձամբ ամոթ է զգում, որ Հանրային խորհուրդ կոչված կառույցի անդամները, որոնց պարտականությունն է հանդես գալ հանրությանը հետաքրքրող հարցերը լուծելու առաջարկով, հանդես չեն գալիս Խորենացի փողոցում տասն օրից ավելի շարունակվող իրավիճակի հանգուցալուծման առաջարկով: 
Անդրադառնալով Խորենացի փողոցում երեկ տեղի ունեցած իրադարձություններին, մասնավորապես, ցուցարար տատիկին քաշքշող կին ոստիկանին` փորձագետն ընդգծեց, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին երևի այլ ելք չի մնացել, քան ոստիկանական ուժերում ներգրավել անբարոյական և մերկապարուհի կանանց, որոնք պատրաստ են նման բռնարարքի ենթարկել տարեց ցուցարարներին: 
Որպես իրավիճակի ցանկալի հանգուցալուծում` Ս. Հացպանյանը տեսնում է այս օտար ու խորթ իշխանություններից ազատվելը և հայեցի ապրելակերպով սեփական հայրենիքում ապրելը, մինչդեռ նրա կարծիքով` իշխանությունները դրդում են նրան, որ Խորենացիում ընթացող գործողություններն արյունահեղությամբ վերջանան: 
Վերջինիս կարծիքով` «Սասնա Ծռեր»-ի տղաների անվտանգությունն ապահոված կլինի, եթե ողջ ժողովուրդը ոտքի կանգնի Հայաստանի բոլոր մարզերում ու շրջաններում և շարժումը վերածի համաժողովրդական շարժման: 
«Դժբախտաբար մինչ օրս մտավորական հորջոջվող հատվածը, որը կարող է բանականության կոչել բռնապետական այս համակարգին, չի գտնվում իր տեղում, մինչդեռ պետք է նրանք ներկա լինեին Խորենացիում և կենդանի պատ կազմեն ոստիկանության և ցուցարարների միջև»,- նշեց Ս. Հացպանյանը և ավելացրեց, որ վերոնշյալի բացակայությունը հանգեցնում է խառնաշփոթի, որի արդյունքում մարդկանց ձերբակալում են, տանում են քաղմասեր ու անհեթեթ հիմքերով մեղադրում: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Քաղաքական