Մեկնարկել է նորարական Together4Armenia հարթակը՝ ուղղված Սփյուռքի հմտությունների փոխանցմանը տեղական համայնքներին


Մեկնարկել է նորարական Together4Armenia հարթակը՝ ուղղված Սփյուռքի հմտությունների փոխանցմանը տեղական համայնքներին

  • 28-07-2016 15:33:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ), «Առաքելություն արևելք»-ը, Հայ բարեգործական ընդհանուր միությունը և Եվրամիության հայաստանյան պատվիրակությունը այսօր հայտարարեցին Together4Armenia (միասին՝ հանուն Հայաստանի) համատեղ նախաձեռնության մեկնարկը: Together4Armenia-ն առցանց հարթակ է, որը ստեղծված է խթանելու մասնագիտական փորձառության փոխանցումը սփյուռքից հայաստանյան համայնքներին՝ ի շահ երեխաների: Հարթակը ստեղծվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից իրականացվող «Սոցիալական արձագանքն աշխատանքային միգրացիային» ծրագրի շրջանակներում:
 
Together4Armenia-ն (www.together4armenia.am) անվճար վեբ հարթակ է, որի միջոցով սփյուռքի՝ տարբեր ոլորտների մասնագետները և հայաստանյան համայնքների ներկայացուցիչները կարող են կապ հաստատել և աշխատել համատեղ նախագծի վրա փորձի փոխանակման և մենթորության միջոցով: Հարթակը հիմնված է համախմբման և փոխադարձ արդյունավետ ներգրավման սկզբունքների վրա: Այն մշակվել է նմանատիպ միջազգային հաջողված ցանցերի փորձի հիման վրա, որոնցից են GlobalScot-ը, Micromentor-ը, Իռլանդական գործադիր մենթորության ծրագիրը և այլն: Այս տեսակի մասնագիտական համագործակցությունը ապացուցել է իր արդյունավետությունը նաև Հայաստանում մի շարք այցելությունների շնորհիվ, որոնք կազմակերպվել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և «Առաքելություն արևելք»-ի կողմից 2014 և 2015թթ. ԵՄ ֆինանսավորվող ծրագրի շրջանակում: 
 
Յուրաքանչյուր անձ, ով հետաքրքրված է և ցանկանում է իր ներդրումն ունենալ Հայաստանի տեղական համայնքների զարգացմանը, հատկապես երեխաներին առնչվող ոլորտներում, կարող է դա իրականացնել դառնալով Together4Armenia-ի անդամ: Միտքը մեկն է՝ համայնքի անդամները ներկայացնում են ծրագրերի առաջարկներ՝ մատնանշելով, թե ինչ տեսակի փորձագիտական աջակցության կարիք ունեն, մինչդեռ սփյուռքի ներկայացուցիչներն առաջարկում են իրենց փորձը և մենթորություն են անում, որպեսզի ծրագրերը դարձնեն իրականություն:  
 
Հարթակի առավելությունը կայանում է նրանում, որ համագործակցությունը չի ենթադրում պարտադիր ֆինանսական  միջոցների ներգրավումը, փոխարենը շեշտ է դրվում մասնագիտական փորձի փոխանակման վրա, որի միջոցով ձևավորվում են հարատև կապեր, վստահություն, և միջազգային մասնագիտական ցանց: Սփյուռքի անդամները պարտադիր չէ, որ ֆիզիկապես ներկա գտնվեն Հայաստանում, որպեսզի իրենց ներդրումն ունենան: Այնուամենայնիվ նրանց հնարավորություն է տրվում կապ հաստատել հայրենիքի հետ, աջակցել երեխաներին և համայնքներին առընչվող սոցիալական խնդիրների լուծմանը, մասնագիտական կապեր կառուցել, ինչպես նաև ավելի լավ ըմբռնել տեղական համատեքստը: Միևնույն ժամանակ,  համայնքներն իրենց վրա վերցնելով նախագծերի ստեղծումը, ստանում են անվճար փորձագիտական աջակցություն և կապ արտասահմանյան կոլեգաների հետ: Նրանք զարգացնում են իրենց կարողությունները ծրագրերի կառավարման ոլորտում, ինչպես նաև կառուցում են տևական հարաբերություններ սփյուռքի հետ:
 
Հարթակում արդեն գրանցվել են 15 փոքր ծրագրեր Հայաստանի տարբեր մարզերից, որոնք առնչվում են երեխաներին ուղղված սոցիալական ծառայությունների ստեղծմանը, երեխաների և երիտասարդների համար արտադասարանային խմբակների կազմակերպմանը, համալսարանի գրադարանի արդիականացմանն ու հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանը:
 
Միջոցառմանը ներկայացվեցին սփյուռք-Հայաստան մասնագիտական համագործակցության հաջողված օրիանկների մասին սփյուռքի ներկայացուցիչներից, տեղական ինքնակառավարարական մարմիններից և անմիջական շահառուներից, այդ թվում՝ Լոռու մարզպետարանից, Տավուշի մարզի սփյուռքի ներգրավման կենտրոնից, ռուսաստանյան սփյուռքի փորձագետից և Գավառի բիզնես կենտրոնի ներկայացուցչից: Մասնակիցները տեղում փորձարկեցին հարթակը՝ մուտք գործելով իրենց էլ. փոստի կամ սոցիալական ցանցերի միջոցով, ինչպես նաև առաջարկեցին հարթակի հետագա բարելավմանն ու խթանմանն ուղղված իրենց խորհուրդները:
 
Չնայած, որ հարթակը նախատեսված է երեխաներին առընչվող հիմնահարցերի լուծման համար, այն նույն արդյունավետությամբ կարելի է կիրառել նաև այլ ոլորտներում, ինչպիսիք են բիզնեսը, զբոսաշրջությունը կամ գյուղատնտեսությունը: Այցելե՛ք www.together4armenia.am  կայքն այսօր՝ կապ հաստատելու ձեր հնարավոր գործընկերների հետ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play