Իշխանությունը հասարակության հետ խոսում է առայժմ միայն ոստիկանության լեզվով


Իշխանությունը հասարակության հետ խոսում է առայժմ միայն ոստիկանության լեզվով

  • 28-07-2016 18:43:11   | Հայաստան  |  Վերլուծություն

Հուլիսի 17-ից հետո ստեղծված բարդ իրավիճակում իշխանությունը հասարակության հետ խոսում է առայժմ միայն ոստիկանության լեզվով: Ինչի՞ մասին է դա վկայում՝ իշխանությունն այլ գործիք, այլ պատկերացում, այլ տարբերակ չունի՞, թե հակառակը՝ համարում է, որ առայժմ հասարակական խնդիրը չունի այնպիսի չափեր, որ լինի ոստիկանությունից բացի այլ գործիքի կիրառման, հարկ եղած դեպքում նաեւ ճկունության ցուցաբերման կարիք:

 

Ոստիկանություն-հասարակություն դիմակայությունը շարունակվում է ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված զինված դիմակայությունից ի վեր, եւ ուժերի հարաբերակցությունը փաստացի չի ենթարկվել էական փոփոխության:

 

Այդ պայմաններում իշխանությունը թերեւս չունի այլ գործիքների մասին մտածելու կարիք: Աներկբա է, թե ինչ խնդիր է լուծվում՝ թույլ չտալ հասարակական բողոքի առավել մասշտաբային գեներացիա: Առաջին հայացքից թվում է, որ ոստիկանական մեթոդների լայնամասշտաբ կիրառումը բերում է հենց այդ գեներացիային, բայց այդ առումով իրադարձությունների զարգացման դինամիկան առայժմ վկայում է դրա էական չափերի բացակայության մասին:

 

Ստեղծվել է որոշակի փակ շրջան, ինչը նվազագույն խնդիրն է, որ լուծում է իշխանությունը, մինչ Սասնա ծռեր ջոկատի խնդրի լուծման առավելագույն անաղմուկ եւ անարյուն տարբերակ գտնելը: Սասնա ծռերը լուծել են ՊՊԾ գունդը վերցնելու եւ զինված ապստամբության օջախ ստեղծելու խնդիրը, բայց արգելափակվել են այդ օջախում: Ինչ խնդիր է լուծում հասարակությունը, հանրության այն մասը, որ պարբերաբար դուրս է գալիս փողոց, այդքան էլ պարզ չէ:

 

Հայտարարված խնդիրը Սասնա ծռեր ջոկատի անվտանգության երաշխիքն է, այն իմաստով, որ քանի դեռ փողոցում կա ժողովուրդ, իշխանությունը չի գրոհի ծռերին: Դա ավելի շատ խաբկանք է, քան խնդիր: Դա մեծ հաշվով քվազիխնդիր է, որ հայտնվել է հասարակության առաջ պարզ չէ, թե որտեղից: Բանն այն է, որ Սասնա ծռերն, օրինակ, հանրության առաջ այդպիսի խնդիր չեն դրել: Նրանք հանրությանը կոչ են արել միանալ  իրենց, շարունակել իրենց քայլը: Այլ հարց է յուրաքանչյուրի վերաբերմունքն այդ քայլին, բայց Սասնա ծռերը հասարակության առաջ չեն դրել իրենց անվտանգության ապահովման, երաշխավորման խնդիր: Այդ խնդիրը կարող է առաջանալ, հասարակությունը այդ խնդիրը լուծելու միջոց կարող է դառնալ այն դեպքում միայն, երբ Սասնա ծռերը ձերբակալվեն: Մինչ այդ, նրանց անվտանգության միակ երաշխիքը նրանց ձեռքին եղած զենքն է եւ նրանց ֆիզիկական կարողությունները:

 

Հասարակության երեկոյան հավաքույթները անվտանգության երաշխիք չեն, որքան էլ այդ հավաքույթները կազմակերպվեն դրա անկեղծ մղումներով: Կարճաժամկետ իմաստով հասարակությունն այդ առումով չունի անելիք: Հասարակության խնդիրը երկարաժամկետ գործընթաց՝ բովանդակային գործընթաց ապահովելն է, եթե չի կայացվում պարզապես Սասնա ծռերի արածին միանալու որոշում կամ խնդիր:

 

Այլապես ստացվում է բավական անհեթեթ մի վիճակ, որը զավեշտալի կլիներ, եթե խոսքը չվերաբերեր մարդկային կյանքերի, ճակատագրերի, եւ նաեւ պետության անվտանգությանը:

 

Զինված խումբը կատարել է ուժային քայլ ընդդեմ համակարգի, փաստացի զենքով գրոհել է համակարգը, կոչ անելով հանրությանը միանալ, այսինքն շարունակել իրենց սկսածը: Հասարակության մի զգալի մաս հանդես է գալիս նրանց աջակցությամբ՝ փողոցում, բայց խաղաղ եւ անարյուն հանգուցալուծման կոչով:

 

Ուժային գրոհից հետո, երբ գրոհողները փաստացի արգելափակվում են լոկալ տարածքում եւ զրկվում հետագա գործողության հնարավորությունից, խաղաղ ու անարյուն հանգուցալուծման երկու տարբերակ կա՝ կամ գրոհողները հանձնվում են, կամ հասարակությունը խաղաղ հանգուցալուծման կոչերի փոխարեն կարողանում է ձեւավորել քաղաքական այնպիսի ընդգրկուն գործընթաց, որն իշխանությանը կստիպի արդեն շփման մեջ մտնել հասարակության հետ, փոխել հանրության հետ հարաբերվելու ներկայիս ոստիկանական գործիքը եւ բանակցել հանրության հետ, որում էլ՝ սկզբունքային համակարգային հարցերին զուգահեռ, հանրությունն իշխանության առաջ կդնի արդեն Սասնա ծռերի անվտանգության հարցը եւ դրա քաղաքական լուծման խնդիրը:

 

Իսկ դա նշանակում է հասարակական գործընթացում քաղաքական հստակ օրակարգի, առաջնահերթությունների, գաղափարական հենքի, հասարակական ներուժի միավորման արժեհամակարգային, ոչ թե անձնային հարթակի ձեւավորում:

 

Խաղաղ հանգուցալուծման տանող այլ տարբերակ գործնականում չի պատկերանում, եւ փակուղում հայտնված իրավիճակում մնում է չարյաց փոքրագույնը, որ իշխանության ուժային լուծումների կիրառումը անցնի գոնե առանց մարդկային կորստի:

lragir.am

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն