Ապստամբների կողմը խուսափում է հարթակի քաղաքականացումից. Հրանուշ Խառատյան


Ապստամբների կողմը խուսափում է հարթակի քաղաքականացումից. Հրանուշ Խառատյան

  • 28-07-2016 18:50:48   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Վերջին օրերի իրադարձությունների շուրջ Լրագիրը զրուցել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ

 

Տիկին Խառատյան, Հայաստանում տեղի ունեցող զարգացումներն ինչպե՞ս եք գնահատում։ Իշխանությունը շարունակում է լռել՝ բացառությամբ ԱԱԾ և ոստիկանության հայտարարությունների։ Ինչո՞ւ լուծումներ չի գտնում։

 

Իշխանությունները լուծումներ չեն փնտրում: Իշխանության առաջին իսկ արձագանքը եղել է միայն մեկ «լուծման» շուրջ՝ հանձնվել: Ակնհայտորեն ոչ մի քայլ, ոչ մի ակնարկ, ոչ մի փորձ չի արվում պատճառները վերլուծելու: Կարծում եմ՝ սա լինում է այն դեպքերում, երբ պատճառներն ակնհայտ են, այնքան ակնհայտ, որ վերլուծելուց, վերլուծության հետևանքներից «վախենում են»: Այսինքն՝ ինչպե՞ս խոստովանեն, որ իրենք կառավարիչներ են, բայց երկրում կոռուպցիան դարձել է անդառնալի, դատարանը դարձել է իշխանության կցորդը, ժողովրդագրական քանակական և կառուցվածքային պատկերն ուղղակի աղետալի է, աղքատության մակարդակը ոչ մի կերպ չի նվազում: Երկրի համար մեծ կարևորություն ունեցող Սյունիքի մարզում, օրինակ, ապրում է կամ հաշվառված է ընդամենը 139.600 մարդ, Վայոց Ձորում՝ 51.000: Հինգ-վեց տարիների ընթացքում երկրագործական հողային ֆոնդի գերկենտրոնացումը մի քանի մարդու ձեռքին տեղի ունեցավ գլխավորապես երկրագործության արդյունավետության իմաստով կարևորագույն՝ Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում: Փաստորեն ստեղծվել էր հողի/գյուղատնտեսական արտադրանքի արհեստական շուկա, որտեղ կանխորոշված էին գները, վաճառողները և գնորդները, սակայն ֆորմալացված ներկայացվում էր իբրև հողի/գյուղ.մթերքի շուկայի բնականոն զարգացում: Արդյունքում, 2012թ. հուլիսի 1-ի դրությամբ պաշտոնական տվյալներով, ոռոգվող հողերի ընդհանուր տարածքը կազմում էր 154,400 հա, որը 1990-ականների հետ համեմատած կտրուկ անկում էր, երբ ոռոգվող հողերի ընդհանուր տարածքը կազմում էր 275,000հա: Ոչ պաշտոնական տվյալներով, իհարկե, ավելի քիչ է: Բնականաբար այս անհավասարակշռությունը թե տարածքային զարգացման անհեռանկար և անհավասարակշիռ քաղաքականության հետևանք է, թե նաև պատճառ:

 

Շատ է խոսվել ժողովրդագրական կառուցվածքի մասին: Մի անգամ էլ հիշենք որոշ տվյալներ: Պաշտոնական տվյալներով համարվում է, որ երկրում աշխատանք ունեցող բնակչության մոտ 45 տոկոսը զբաղված է գյուղատնտեսության մեջ, բայց սա արհեստական հաշվարկ է, քանի որ հիմնված է ավելի շուտ հողի սեփականության, քան փաստացի զբաղվածության վրա: Ուսումնասիրությունները, սակայն, ցույց են տալիս, որ 2008թ. լավագույն դեպքում կարող էր զբաղված համարվել գյուղական բնակչության մոտ 24 տոկոսը, իսկ այսօր՝ ավելի քիչ: Այլևայլ գործոնների կողքին այս երևույթը նույնպես ազդում է երկրի տարածքային զարգացման անհամաչափություններին՝ մի տեղից արտագաղթը շատ մեծ է, այլ վայրերում դիտվում է տնտեսական ծրագրերի և բնակչության գերկենտրոնացում: Հայաստանի Հանրապետությունում հաշվառման մեջ գտնվող բնակչության մասին պաշտոնական վիճակագրության տվյալներից ակնհայտ երևում է, որ  բնակչության գործնական նվազումն սկսվում է 30 տարեկանների խմբից, ընդ որում եթե 30-39 տարեկանների խումբը քաղաքային բնակչության մեջ 20-29 տարեկանների խմբից պակաս է մոտ 7-8 %, ապա 40-49 տարեկանների խումբը քաղաքային բնակչության մեջ 20-29 տարեկանների խմբից պակաս է մոտ 36-37%, իսկ 30-39 տարիքային խմբի բնաչությունից պակաս է 26-27%:

 

Մոտավորապես նույնն է դինամիկան նաև գյուղական բնակչության դեպքում, այն տարբերությամբ, որ այստեղ տոկոսային տարբերություններն ավելի մեծ են: 30-39 տարեկանների խումբը գյուղական բնակչության մեջ 20-29 տարեկանների խմբից պակաս է մոտ 27 %-ով, 40-49-ի խումբը գյուղական բնակչության մեջ 20-29 տարեկանների խմբից պակաս է մոտ  34%, իսկ ահա  30-39 տարեկանների խմբի բնակչությունից՝  6-7 %ով: Սա նշանակում է, որ Հայաստանում պակասում է գլխավորապես թե քաղաքային, թե գյուղական հասուն, կենսափորձով հարուստ, խիզախելու ընդունակ, նախաձեռնող, հիմնական աշխատանքային՝ 30-49 տարիքային խումբը: Սա կարիերայի, սոցիալական արժեքների հաստատուն կրողների, մարդու նախաձեռնողականության ամենաակտիվ տարիքային խումբն է:

 

Կառավարիչները պե՞տք է սրանք հաշվարկեին, իրավիճակը շտկելու ծրագրեր ունենային: Տարիներ շարունակ լսում ենք տարածքային զարգացման, ժողովրդագրական վիճակը շտկելու  ծրագրերի մասին: Արդյո՞ւնքը:

 

Սոցիալական այլևայլ խնդիրներից զատ սա նաև նշանակում է, որ Հայաստանի առկա բնակչությունը իր ներկայիս աշխատանքային հնարավորություններով և բարոյա-հոգեբանական վիճակով պարզապես ի վիճակի չէ կրելու երկրում ավելացող սոցիալական բեռը: Կառավարության 2013-ի ծրագիրը խոստանում էր նվազեցնել արտագաղթը և այն ծնող պատճառները: Եկեք միասին հիշենք այն. «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրն ուղղված է մարտունակ և ապահով պետության կերտմանը. պետություն, որն ապահովելու է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ազատությունը, անվտանգությունն ու բարեկեցությունը: Հայաստանի Հանրապետության քաղաքացին լինելու է պաշտպանված և ազատ՝ իր ապագան հայրենիքում կերտելու համար: Հայրենիքը դառնալու է ապահով հանգրվան և սեփական կարողությունների առավելագույնս դրսևորման հնարավորության երկիր՝ յուրաքանչյուր հայի համար: Յուրաքանչյուրը պետք է վստահ լինի, որ աղքատությունն ու գործազրկությունը ոչ թե ճակատագիր են, այլ ամենօրյա աշխատանքով հաղթահարվող դժվարություն: Յուրաքանչյուրը պետք է համոզված լինի, որ իր զավակների ապագան ավելի ապահով և լավն է լինելու հայրենիքում, քան օտար ափերում»:  Սա թերևս կարելի է անուղղակի խոստովանություն համարել այն մասին, որ Հայաստանի քաղաքացին պաշտպանված և ազատ չի եղել, որ այդ քաղաքացիների սեփական կարողությունները դրսևորվելու հնարավորություններ չեն ունեցել, որ այդ կարգի երկրում գործազրկությունն ու աղքատությունը աշխատանքով հաղթահարել հնարավոր չէր: Սա այն է, ինչի մասին վաղուց ի վեր խոսում էին փորձագետները, սոցիալական կյանքի վերլուծաբանները՝ ավելացնելով, որ այս ամենը Հայաստանում լուծելի կդառնան միայն իրավական պետության դեպքում, երբ գրված օրենքը գործի և երբ դատարանով հնարավոր լինի ապացուցել ապացուցելին՝ մարդու հանդեպ  անօրինական գործողությունը:

 

Արդյու՞նքը: Աղքատության գիծը շատ չի տարբերվում մեկ շնչի հաշվով Հայաստանի բոլոր տնային տնտեսությունների դրամական եկամուտների` մեկ շնչին բաժին ընկնող  ամսական միջինից, որը կազմել է 49.535 դրամ: 2014 թ. ՀՀ տնային տնտեսությունների միջին ամսական եկամուտը մեկ շնչի հաշվով կազմել է ՀՀ տնային տնտեսությունների սպառողական ծախսերի ամսական միջինի (99.600 դրամ) 40.4%: 2014 թ. աղքատության գիծը սահմանվել է 40.264 դրամ: Այսինքն այս մարդիկ փաստացի աղքատներ են, չնայած պաշտոնապես աղքատ է համարվում բնակչության 30.0%: Չնայած գրվում է, որ սոցիալական ծրագրերը կառուցվում են խոցելի խավերի քանակի և կարիքավորության հաշվառումով, իրականում սոցիալական նպաստի, թոշակի չափը հաշվելիս հիմքում չի դրվում բարեկեցության և նույնիսկ նվազագույն հաշվարկային աշխատավարձի, նվազագույն սպառողական կամ պարենային զամբյուղի արժեքը: Աշխատանքային թոշակը հաշվարկվում է աշխատանքային ստաժի չափով, բայց հիմքում դրված սկզբունքով դրա միջին չափը նույնիսկ սպառողական նվազագույն զամբյուղի և աղքատության գծի արժեքին չի հասնում: Օրինակ, 2014թ. աղքատության գիծը մեկ մարդու հաշվով համարվել է 40.264 դրամը, իսկ միջին կենսաթոշակի չափը եղել է 35.813 դրամ, ինչը նշանակում է, որ աշխատանքային թոշակառուի թոշակի չափը ցածր է աղքատության գծից:

 

Քննարկման առանձին խնդիր է սոցիալական մյուս բևեռի՝ հարստության և հասարակությունում հարուստների դերի գնահատման հարցը: Իրականում Հայաստանում այս ուղղությամբ որևէ լուրջ հետազոտություն կամ արժանահավատ տվյալ չկա: Նույնիսկ հաշվավրկվող Ջինի գործակիցը հաշվարկվում է խիստ թերի հետազոտություններով: Տնային տնտեսությունների սպառման չափերով արվող հետազոտություններն իրականում չեն ընդգրկում այսպես կոչված հարուստ ընտանիքներին: Նրանք պարզապես չեն հանդուրժում իրենց ընտանիքներում որևէ այս կարգի հետազոտություն, և իրականում մենք գործ ունենք լավագույն դեպքում այսպես կոչված «միջակ ընտանիքների» և աղքատների սպառողական ծախսերի համեմատության հետ: Հասկանալի է, որ այդ կարգի հետազոտությունները խիստ թերի են և սահմանափակում են առանց այն էլ բազաթիվ սխալներ պարունակող արդյունքներով դատողությունների հնարավորությունները:

 

2010ին Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրատարակվող պարբերականներից մեկը՝ «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» լույս տեսավ հետևյալ նախաբանով. «Հայաստանի հարգելի մեծահարուստներ, Դիմում ենք խնդրանքով, հայցելով Ձեր մեծահոգությունը, Ձեր մասնակցությունը ցուցաբերել ապագայում իրականացվելիք տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտությանը: Սույն հետազոտությանը մասնակցելուց Ձեր հրաժարվելը բացասաբար է անդրադառնում մեր կողմից հավաքագրված տվյալների որակի վրա: Այս տվյալների հիման վրա կատարված վերլուծությունը կարևոր է հանրության համար, քանի որ այն կոչված է «լույս սփռելու» ապագայում մեր երկրում իրականացվելիք ծրագրերի և քաղաքականությունների հիմնարար ուղղությունների վրա: Ավելին, հետազոտության ընտրանքում ընդգրկված տնային տնտեսության կողմից հետազոտությանը մասնակցելուց հրաժարվելու պարագայում ընտրվում է մեկ այլ տնային տնտեսություն` հանգեցնելով հավելյալ աշխատանքի անհրաժեշտության և սակավ ռեսուրսների գերլարման: Վստահեցնում ենք, որ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի և ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի կողմից հաստատված պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքների և դրանց վրա խարսխված «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի համաձայն, վիճակագրական նպատակով տրամադրվող բոլոր սկզբնական անվանական տեղեկություններ տրամադրողներին երաշխավորվում է  այդ տեղեկությունների գաղտնիությունը (հոդված 14)»

 

Այս դիմումն, իհարկե, որևէ վիճակ չի փոխում, «Հայաստանի հարգելի մեծահարուստները» չեն մտահոգվում «ապագայում մեր երկրում իրականացվելիք ծրագրերի և քաղաքականությունների հիմնարար ուղղությունների» հարցերով և «մեծահոգություն չեն ցուցաբերում» դրանց լուծումներին օգնելու:

 

Համատարած համոզմունք կա, որ երկրում մեծ հարստությունն ըստ անձերի ձևավորվել է «թալանի տարիներին», իսկ եթե առանձին անձինք ավելի ուշ են միացել հարուստներին, ապա բացառապես կոռուպցիոն ճանապարհով և քաղաքական իշխանության հովանավորությամբ: Այսպես թե այնպես հասարակության կողմից բացարձակ վստահություն կա, որ «մեծահարուստներին» երկրի խնդիրները չեն հետաքրքրում, որ նրանք շահագրգռված են բացառապես իրենց եկամուտներով և ամենևին մտահոգված չեն այդ եկամուտների օրինականությամբ:

 

Երբ այս կարգի խնդիրները չեն դառնում երկրի կառավարիչների աշխատանքային օրակարգի խնդիրներ, երկրում կարող է հասունանալ և հասունանում է ապստամբական ըմբոստություն: Հիմա այս պատճառներին անդրադառնալու դեպքում կառավարիչներն ստիպված են խոստովանել ապստամբական ըմբոստության պատճառների օբյեկտիվությունը: Այսինքն՝ խոստովանեն, որ իրենք չեն կարողացել, չեն կամեցել, խնդիր չեն դրել երկիր կառավարելու և այն վերածել են համատարած ահնօրինականության: Հենց որ ապստամբների հետ այս հարցն սկսվի քննարկվել, անմիջապես կլեգիտամանա երևույթը: Է, եթե դրանք լուծելու կամք, ցանկություն, ծրագիր չկա՝ ավելի լավ է պարզապես խեղդել այդ ըմբոստությունը: Զանազան լեզուներով «շրջանցելով» ըմբոստության պատճառների թեման: Իսկ երբ դրան գումարվեց Ղարաբաղյան խնդրի կարգավորման խիստ նեգատիվ սցենարների մասին տեղեկությունները, համբերությունը պայթեց: Մարդիկ հարաբերականորեն հանդուրժող էին սեփական նվաստացումների հարցում, որը ստորադասել էին Ղարաբաղյան հարցի կարգավորման գերակա խնդրին, իսկ ներկայումս արդեն բոլոր զոհողությունները անիմաստի են վերածվում:

 

Կարծում եք՝ ԼՂ հարցում տարածքներ զիջելու հարցը եղա՞վ գլխավոր պատճառը։

 

Այո, կարծում եմ: Հատկապես, հենց որ հայտնի դարձավ, որ մեր երկրի նախագահը համաձայնել է այդ այսպես կոչված կազանյան փաստաթղթին: Սա արդեն վեր էր բոլոր պատկերացումներից: Բոլոր նվաստացումներից: Սրան բերեց ԵՏՄ կոչվածին միանալու՝ վաղուց արդեն իր սնանկությունն ապացուցած քաղաքական կուրսը: Շուրջ երեք տարի է՝ մենք անընդհատ նորանոր դիրքեր ենք կորցնում: Տնտեսական, սոցիալական, քաղաքական, հիմա նաև՝ տարածքային: Կարծում եմ մեծ ընդվզումը սրա դեմ է:

 

Ո՞րն է ստեղծված իրավիճակում ելքը։

 

Տղաների գործողություններն արդեն եղել են: Դրանք արդեն հնարավոր չէ կանխել: Ես չգիտեմ, թե նրանք ուրիշ ինչ գործողությունների ծրագրեր ունեն, և կարո՞ղ է արդյոք դրանք կանխել Ժիրայր Սեֆիլյանը: Բոլոր դեպքերում նրանք առաջին իսկ օրից պահանջում են շանս տալ, որ իրենց ղեկավարի Ժիրայր Սեֆիլյանը, և հավանաբար պետք էր բանակցել հենց Ժիրայր Սեֆիլյանի հետ: Ինչը մեր երկրի կառավարիչները հետևողականորեն մերժում են:

 

Դուք իրավիճակի շտկման ելքեր էիք առաջակում։ Ո՞ր տարբերակն է ավելի հավանական, որ կյանքի կկոչվի։

 

Դատելով դեպքերի ընթացքից՝ ամենավատ, արյունալի տարբերակը: Այն, ինչ խոսքով բոլորը մերժում են, բայց գործով հենց դրան են գնում: Բանակցություն, որպես այդպիսին, իրականում չկա, կան սպառնալիքներ և վերջնագրեր: Իմ առաջարկները տարբեր ձևաչափերով վերաբերում էին պատճառների քննարկումներին և համատեղ լուծումների համաձայնությանը: Դա բանակցության տիրույթն է: Մեր կառավարիչներին ակնհայտորեն բանակցություն պետք չէ: Կարծում եմ նաև այն պատճառով, որ դա նախադեպ չդառնա: Որևէ զիջո՞ւմ քաղաքացիների պահանջներին, ինչպե՞ս կարելի է:

 

Այս օրերին շատ է խոսվում հարթակը քաղաքական դարձնելու անհրաժեշտության մասին։ Ինչո՞ւ այն մինչև հիմա քաղաքական չէ։

 

Դա, թերևս, չափազանց լուրջ հարց է: Ինձ այնպես է թվում, որ ապստամբների կողմը խուսափում է հարթակի քաղաքականացումից, թերևս այն պատճառով, որ իրենց լիդերները հիմա տարբեր ձևերով ազատ չեն և չեն կարող հարթակին  «տիրությունե անել: Հավանաբար գտնում են, որ քաղաքական կոնտեքստը կփոխվի, ձևավորվող  շարժումն այլ ուղղություն կստանա, այլ լիդերների շուրջ կհամախմբվի, այլ համաձայնությունների կտանի: Ափսոս, իհարկե: Բայց սա իմ սուբյեկտիվ կարծիքն է:

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play