«Մտավորականների խորհուրդ»-ը պահանջում է լուծարել կառավարությունը և խորհրդարանը (տեսանյութ)
29-07-2016 15:52:21 | Հայաստան | Քաղաքական
«Զինված ապստամբությունը կարող է վերածվել քաղաքացիական պատերազմի, չեմ բացառում նաև գունավոր հեղափոխության հնարավորությունը»,- կարծում է արտակարգ ու լիազոր դեսպան, Հայ-ռուսական համալսարանի քաղաքական և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Արման Նավասարդյանը:
Ըստ նրա` Հայաստանում քաղաքական ճգնաժամի նոր փուլ է սկսվել. ստեղծվել է մի դրություն, երբ ներքևները չեն ուզում, վերևները չեն կարող:
Ա. Նավասարդյանի կարծիքով` երկրում առկա քաղաքական ճգնաժամն ունի խորը պատճառներ, որոնցից են կոռուպցիան, օլիգարխիայի սերտաճումը կառավարական կառույցների հետ, կապիտալի բևեռնումը և այն վիհի մեծացումը, որը բաժանում է ժողովրդին իշխանություններից:
Նրա խոսքերով` հայտարարված բանակցությունները զինված խմբի և իշխանությունների միջև իմիտացիոն բնույթ են կրում, քանի որ իրական բանակցությունները լինում են պրոֆեսիոնալ, կոնկրետ նպատակաուղղվածությամբ և քննարկված հասարակության սերուցքի հետ:
«Չկան հարգելի երեսփոխանները, չկան այն անձերը, որոնք իրոք ազգի դեմքն են ներկայացնում»,- ասաց նա` հավելելով, որ սա կարող է հանգեցնել վատ հետևանքների:
Բանախոսի համոզմամբ` ստեղծված իրավիճակում այլևս լռել հնարավոր չէ, ուստի «Մտավորականների խորհուրդ»-ը պահանջում է կառավարության հրաժարականը, ինչպես նաև նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահ Արամ Սարգսյանի պնդմամբ` խնդիրը նրանում է, որ ներկայիս կառավարությունը չի ցանկանում փոխել իր գործունեության վեկտորը, ինչն էլ հանգեցրել է նման իրավիճակի. «Եթե այս կառավարությունը չի կատարում նախապես տված խոստումը, ուրեմն պետք է լուծարվի »,- ընդգծեց նա:
Ա. Սարգսյանի համար անհասկանալի են Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի կողմից արված այն հայտարարությունները, թե պետք է ստեղծված իրավիճակից դասեր քաղեն. «Շատ կցանկանայի հասկանալ, թե ինչ նկատի ունեն, երբ ասում են դասեր պետք է քաղել. Եթե դասեր քաղելը վերաբերում է ուժային կառույցներին, որոնք թույլ են տվել նման իրավիճակի ստեղծում ՊՊԾ գնդում, ուրեմն դա դասեր քաղել չի. Դա շատ մասնակի խնդիր է, բայց ամենակարևորը երկրի ընդհանուր վիճակն է»:
Բանախոսի պնդմամբ` նախևառաջ պետք է ձևավորվեր պետական խորհուրդ, որը կկարողանար քննարկել բոլոր լուծման ենթակա հարցերը:
Նրա փոխանցմամբ` այսօրվա իշխանությունները պատանդ են դարձել իրենց իսկ ստեղծած համակարգին, որը չպետք է անտեսվի. «Այսօր կարելի է հրապուրվել Երևանի ցոփ կյանքով, բայց դա Հայաստանը չի. Հայաստանն օր օրի կազմալուծվում է»:
Դիմելով իշխանություններին` Ա. Սարգսյանը վերջիններիս հիշեցրեց նրանց պարտավորությունների մասին, մասնավորապես, իշխանությունները պարտավոր են հանդես գալ սեփական ժողովրդի հանդեպ:
«Այսպիսի խորհրդարանը, որն այս պահին չի թողնել իր հանգիստը և չի եկել նմանատիպ իրավիճակներում իր իսկ պատականությունները կատարելու, ապա պետք է լուծարվի»,- եզրափակեց նա` ընդգծելով, որ իրենք պատրաստ են ստեղծված իրավիճակից դուրս գալու կոնկրետ քայլեր ձևակերպել և ներկայացնել համատեղ քննարկման: