Եթե Գառնիկ Իսագուլյանը լիներ իշխանությունների փոխարեն, ապա ավելի խիստ ձևով կհանգուցալուծեր խնդիրը (տեսանյութ)


Եթե Գառնիկ Իսագուլյանը լիներ իշխանությունների փոխարեն, ապա ավելի խիստ ձևով կհանգուցալուծեր խնդիրը (տեսանյութ)

  • 29-07-2016 18:36:44   | Հայաստան  |  Քաղաքական



Եթե «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը լիներ իշխանությունների փոխարեն, ապա ավելի խիստ ձևով կհանգուցալուծեր խնդիրը` ելնելով միջազգային փորձից: Այս մասին հուլիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց հենց ինքը` Գառնիկ Իսագուլյանը:
 
Ըստ նրա, եթե մինչ օրս խուսափել է որևէ որակավորում տալ «Սասնա Ծռեր»-ի տղաներին, ապա բժիշկներին պատանդ վերցնելուց հետո նրանց համարում է ահաբեկիչներ: 
«Վարուժան Ավետիսյանը գնդապետ մարդ է, իր ասելով հայրենիքին պատրաստ է կյանքը տալ, միթե՞ նման մարդն այսօր բուժքրոջ հետևում է թաքնվում, սա ոնց անվանել. Այդ տղաները, որ ամեն մեկն իրան մահապարտ է համարում, հիմա այդ բուժքրոջ հետևո՞ւմ է թաքնվում»,- ասաց նա` հավելելով, որ հուսահատության մեջ գտնվող տղաների հետագա քայլերն այլևս հերոսություն չեն: 
Գ. Իսագուլյանի խոսքերով` Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ բարի կամքի դրսևորման դեպքում ոչ մի վրեժխնդրություն չի լինելու, այլ միայն կկիրառվեն օրենքներն ու սահմանադրական նորմերը. «Եթե պատիժն էլ կիրառվի, ապա ամենամեղմ տարբերակը պետք է կիրառվեր: Եթե բուժանձնակազմին պատանդ են վերցրել, ես հայտարարում եմ, որ զինված տղաները ահաբեկիչներ են, դրանից հետո իշխանությունները, ուժային կառույցներն իրավունք ունեն կիրառելու ցանկացած միջոց պատանդներին ազատ արձակելու: Նրանց նկատմամբ նույնիսկ քաղաքական որոշում պետք է կայացվի: Դրսում գտնվողները, որոնք աջակցում են նրանց, ոչնչով չեն տարբերվում տղաներից, ու նրանք ևս ահաբեկիչ են: Այդ մարդիկ հստակ արյուն են ուզում: Այն համբերությունը, որ այս պահին դրսևորում են ՀՀ նախագահը, ուժային կառույցները, որ որևէ նոր արյուն չունենանք, ես կարծում եմ, որ դրա ժամանակը վաղուց սպառվել է: Եթե ես որոշողը լինեի, ես ավելի խիստ կլինեի՝ միջազգային փորձից ելնելով»,- ասաց նա: 
Վերջինիս փոխանցմամբ` Ժիրայր Սեֆիլյանի հետ հանդիպմանը մասնակցել են Վիտալի Բալասանյանը, Ալեք Ենիգոմշյանը, ինքը՝ Գառնիկ Իսագուլյանը և ևս մեկը, ով  արձանագրել է Ժիրայր Սեֆիլյանի հետ զրույցը: Լրագրողի այն հարցին, թե ո՞վ է եղել այդ մարդը, Գ. Իսագուլյանը չպարզաբանեց:
«Այն, ինչ հայտարարել է Վիտալի Բալասանյանը, ճիշտ է, սակայն Ալեք Ենիգոմշյանն ասաց, որ սխալ է, հետո ասաց, թե ենթատեքստից կտրված է եղել: Խոսքն այն մասին է, որ Բալասանյանը փոխանցեց, թե Սեֆիլյանը այս պահին չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, իսկ թե ինչո՞ւ է Ժիրայր Սեֆիլյանը փոխել իր տեսակետը, դա այլ խնդիր է»,- ընդգծեց նա` հավելելով, որ Ժիրայր Սեֆիլյանը շատ լավ գիտի, որ Վիտալի Բալասանյանը զինվորական է, հետևաբար լսում է ուղիղ, հասկանում է ուղիղ ու փոխանցում ուղիղ:
Գ. Իսագուլյանի համոզմամբ` այժմ ոչ թե ներսից պետք է թելադրեն, թե ինչ անեն, այլ հստակ ընդունեն, որ պայմանը Վիտալի Բալասանյանի միջնորդական առաքելության իրենք են խախտել, բժիշկներին պատանդ պահել:
Նրա վստահեցմամբ` հարկ եղած դեպքում Վիտալի Բալասանյանը պատրաստ է դարձյալ իրականացնելու միջնորդական առաքելությունը:  
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական