Կայացել է <<Հայաստանում նանոանվտանգության վերաբերյալ ուսուցման և ներուժի ամրապնդմանն ուղղված ծրագրի>> եզրափակիչ աշխատաժողովը


Կայացել է <<Հայաստանում նանոանվտանգության վերաբերյալ ուսուցման և ներուժի ամրապնդմանն ուղղված ծրագրի>> եզրափակիչ աշխատաժողովը

  • 29-07-2016 16:18:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր Կոնգրես հյուրանոցում կայացել է <<Հայաստանում նանոանվտանգության վերաբերյալ ուսուցման և ներուժի ամրապնդմանն ուղղված ծրագրի>> եզրափակիչ աշխատաժողովը:
 
Շվեյցարիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ՄԱԿ-ի ուսուցման և հետազոտման ինստիտուտի հետ համատեղ իրականացվող սույն ծրագիրը մեկնարկել էր 2014 թվականին, որի նպատակն էր վերհանել  և ուսումնասիրել  Հայաստանի Հանրապետությունում նանոտեխնոլոգիաների ոլորտի և նանոանվտանգության խնդիրների հետազոտությունների, կիրառման հնարավորությունների և ապագայի հեռանկարների վերաբերյալ առկա խնդիրները, քանի որ դժվար է պատկերացնել ապագան առանց նանոտեխնոլոգիաների: Ատոմների և մոլեկուլների մակարդակով մատերիայի կառավարումը ճանապարհ հարթեց քիմիայի, կենսաբանության և բժշկության ամենաանհավանական բացահայտումների համար: Այսօր աշխարհում շրջանառվում են տասնյակ հազարավոր նյութեր՝ մշակված կամ բարելավված նանոտեխնոլոգիաների շնորհիվ: Նանոմասնիկների առանձնահատկությունները մեծ հեռանկարներ են բացում նոր հատկություններով օժտված նյութեր (յուրահատուկ մեխանիկական ամրության, հատուկ լուսապատկերային, էլեկտրական, մագնիսական, քիմիական և կենսաբանական բնութագրերով) ստանալու համար: Սակայն դեռևս չկան բավարար տվյալներ այն մասին, թե որքանով են այդ նյութերը անվտանգ մարդու առողջության և շրջակա միջավայրի համար: Նանոտեխնոլոգիաների հիմնական կիրառման ոլորտներն են` ագրոարդյունաբերական համալիրը, շինարարությունը, բնակարանային և կոմունալ ծառայությունները, բժշկությունը, էկոլոգիան և այլն: Նանոնյութերն օժտված են համալիր ֆիզիկական, քիմիական հատկություններով և կենսաբանական ակտիվությամբ, որոնք հաճախ տարբերվում են նույն նյութերի հատկություններից և ցուցաբերում են հետևյալ առավելությունները՝ քիմիական կայունություն, մանրէասպան հատկություններ, ջերմահաղորդականության նվազեցում, օգտագործման հարմարավետություն, մատչելություն: Նանոտեխնոլոգիաները լայնորոեն կիրառվում են արդյունաբերական թափոնների վերամշակաման ժամանակ, նանոբաղադրիչներն օգտագործվում են բժշկական սարքավորումների, ինչպես նաև բիոցիդային հատկություններ ունեցող սննդային ապրանքների արտադրության մեջ` նվազեցնելով արտադրության ժամանակ վարակվելու ռիսկերը: Սակայն նանոտեխնոլոգիայի հնարավարություններն ավելի լայն են և մինչև վերջ չեն հետազոտվել:
Այս համատեքստում ծրագրի շրջանակներում իրականացվել են իրազեկության բարձրացման մի շարք  սեմինարներ տարբեր շահառուների, այդ թվում՝ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների համար: Խորհրդակցությունների հիմնական նպատակն էր տեղեկություն տրամադրել նանոտեխնոլոգիաների ոչ միայն բազում առավելությունների, այլ նաև դրանց պոտենցիալ ռիսկերի վերաբերյալ: 
ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, ողջունելով եզրափակիչ աշխատաժողովի մասնակիցներին և կարևորելով նանոտեխնոլոգիաների ոլորտի ուսումնասիրությունն ու մեր երկրում դրանց կիրառման, ներմուծման և զարգացման նախադրյալների ստեղծումը, մասնավորապես նշել է. <<Հայաստանի Հանրապետության բնապահպանական պետական քաղաքականությունը նպատակաուղղված է քիմիական նյութերի անվտանգ կառավարման  ապահովմանը` նպատակ ունենալով կանխարգելելու շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա դրանց վտանգավոր ազդեցությունը: Այս առումով, առավել կարևոր նշանակություն ունի քիմիական նյութերի ազդեցությամբ պայմանավորված ռիսկի գնահատումը, քիմիական նյութերի անվտանգ արտադրության և դրանց պատշաճ օգտագործման օրենսդրության կատարելագործումը, ինչից ելնելով անհրաժեշտ է մշակել հուսալի քաղաքականություն` քիմիական նյութերի գործածության ողջ կենսացիկլի ընթացքում անվտանգությունն ապահովելու համար: Ընդունելով նանոանվտանգության կարևոր դերը կայուն զարգացման և շրջակա միջավայրի պահպանության գործում` ուզում եմ ողջունել այս միջոցառման կազմակերպումը, մաղթել բոլորին բեղմնավոր աշխատանք>>։ 
Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Լուկաս Գասերը, ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, բարձր է գնահատել Հայաստանի կողմից նանոտեխնոլոգիաների ոլորտի և նանոանվտանգության հարցերի  նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունը: Նա մասնավորապես նշել է, որ նանոտեխնոլոգիաների և նանոանվտանգության վերաբերյալ իրազեկման բարձրացման պիլոտային ծրագիրը կարևոր նշանակություն ունի և դրա  արդյունքները կարող են օգտակար և կիրառելի լինել ինչպես տեղական, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության համար տվյալ ոլորտում:
 
Եզրափակիչ աշխատաժողովի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում նանոանվտանգության քաղաքականության նախագծի հիմնական դրույթների մշակման, «Հայաստանում նանոանվտանգության վերաբերյալ փորձնական ծրագրի  ուսուցում և կարողությունների զարգացում» ծրագրի իրականացման անհրաժեշտությունը, ինչպես նաև ներկայացվել են տեղական մասնագետների հետազոտությունները եզակի էլեկտրոնային տրանզիստորների և լուսադիոդային քվանտային կետերի, մի շարք բնագավառներում նանոմասնիկների և նանո եռաչափ ժապավենների կիրառման, գյուղատնտեսության մեջ նանոնյութերի օգտագործման և նրանց բնապահպանական ռիսկերի, նանոտեխնոլոգիաների վրա հիմնված ածխածնային ժապավենների ստացման և դրանց կիրառության զարգացման վերաբերյալ:
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ Անահիտ Ալեքսանդրյանն իր ելույթում նշել է, որ նանոտեխնոլոգիաների օգտագործումը շատ ոլորտներում ունի զգալի առավելություններ, սակայն դեռևս պարզ չէ, թե որքանով են այդ նյութերն անվտանգ մարդու առողջության և շրջակա միջավայրի համար: Այսօրվա տվյալներով աշխարհում սահմանափակ են մարդու օրգանիզմի և կենդանիների վրա նանոմասնիկների երկարատև ազդեցության մասին տվյալները: Այս առումով առավել կարևոր նշանակություն ունեն նմանատիպ աշխատաժողովների և շահագրգիռ կողմերի քննարկումների կազմակերպումը, նանոնյութերի ազդեցությամբ պայմանավորված ռիսկի գնահատման և քիմիական նյութերի անվտանգ արտադրության ու դրանց պատշաճ օգտագործման օրենսդրության կատարելագործմանը հասնելու նպատակով: 
Աշխատաժողովների ընթացքում ի հայտ են բերվել ՀՀ-ում նանոանվտանգության վերաբերյալ խնդիրներ: Նրանց մեջ առաջնային են համարվում քիմիական նյութերի օրենքի բացակայությունը, որով կկարգավորվեն քիմիական նյութերի՝ այդ թվում նանոնյութերի կառավարման խնդիրները կապված նանոնյութերի պահման, օգտագործման, փոխադրման և հեռացման հետ, բացակայում է նանոնյութերի նույնականացման համակարգը` տուփերի մակնշում, ցուցում հակացուցման մասին, անվտանգության մասին տվյալներ, նանոնյութերի ներկրման ստանդարտներ, ինչպես նաև կսահմանվեն շահագրգիռ կողմերի պատասխանատվությունը և լիազորությունները:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play