Տեղի է ունեցել Արդարադատության ակադեմիայի շրջանավարտներին դիպլոմների հանձնման արարողությունը
29-07-2016 17:39:12 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հուլիսի 29-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ակադեմիայի ունկնդիրների՝ դատավորի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական ուսուցման դասընթացի ավարտին:
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը շնորհավորեց և դիպլոմներ հանձնեց ակադեմիայի երրորդ սերնդի շրջանավարտներին՝ դատավորների 9 թեկնածուներին (7-ը՝ քաղաքացիաիրավական, 2-ը՝ վարչաիրավական մասնագիտացումներով): Նրանց մասնագիտական պատրաստումն իրականացվել է 2015թ. օգոստոսի 31-ից 2016թ. հունիսի 17-ը՝ հինգ հատվածով, ընդհանուրը՝ 1230 ակադեմիական ժամով, ներառյալ ավելի քան 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը: Մասնագիտական շուրջ 9,5 ամսվա ուսուցումը նպատակաուղղված էր ունկնդիրների՝ դատավորի պաշտոնում գործելու համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների ձեռքբերմանը, կարողությունների խորացմանը և հմտությունների ձևավորմանը: Լսարանային ուսուցումն իրականացվել է ընդհանուր, հատուկ մասնագիտական և հարակից դասընթացների մոդուլների հիման վրա։ Ունկնդիրները մասնագիտական պատրաստման ընթացքում հանձնել են 20 (քաղաքացիաիրավական մասնագիտացմամբ) և 23 (վարչաիրավական մասնագիտացմամբ) քննություն:
Ռեկտոր Ս. Առաքելյանը հույս հայտնեց, որ շրջանավարտներն ի զորու են անել հնարավորը, որպեսզի նպաստեն դատական համակարգի բարելավմանը, արդարադատության և դատավորի հանդեպ հասարակության վստահության բարձրացմանը:
<<Դուք նոր ժամանակի և նոր սերնդի դատավորներ եք դառնում, իսկ դա նշանակում է, որ ձեր պատասխանատվության ու պրոֆեսիոնալ արդյունավետության նկատմամբ պահանջները չափազանց մեծ են: Վստահ եմ, որ ուժ, եռանդ և գիտելիք չեք խնայի ձեր առջև դրված խնդիրները լավագույնս լուծելու, արդարադատության ոլորտին նոր շունչ հաղորդելու համար>>,-իր ելույթում նշեց ռեկտորը:
Շրջանավարտներին շնորհավորեց նաև Ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատների նախագահ Երվանդ Խունդկարյանը՝ համոզմունք հայտնելով, որ այսօրվա շրջանավարտները գիտակցում են այն բարձր պատասխանատվությունը, որ դրվելու է յուրաքանչյուրի վրա դատավորի բարձր առաքելությունն իրականացնելիս: <<Առաքելություն, որովհետև յուրաքանչյուրն իր գործունեության հիմնական նպատակ պետք է դարձնի անձի խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը, որակյալ և անաչառ արդարադատության իրականացումը>>,-իր ելույթում նշեց Ե. Խունդկարյանը:
<<Ակադեմիան կայացել է այս տարիների ընթացքում՝ որպես դատական իշխանության կադրային ապահովման առանձին ինստիտուտ>>,-իր ելույթում շեշտեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը՝ միաժամանակ ողջունելով և աշխատանքային հաջողություններ մաղթելով շրջանավարտներին:
Երախտիքի խոսքով հանդես եկան նաև ակադեմիայի շրջանավարտները: Ռուստամ Մախմուդյանի խոսքն ուղղված էր ակադեմիայի ղեկավարությանն ու աշխատակազմին, իսկ Նաիրա Մխիթարյանն անկեղծորեն նշեց, որ գրեթե 9,5 ամսվա մասնագիտական ուսուցման ընթացքում իրենք բազմապատկել են իրենց մասնագիտական գիտելիքները, ունակությունները, բարձրացել է իրավական գիտակցությունը, այժմ հասել է արդարադատության իրականացման ժամանակը: Ավելին, շրջանավարտները հավաստիացրին, որ իրենց գործունեությամբ կնպաստեն ակադեմիայի անունն ու հեղինակությունը բարձրացնելուն: