Բա չկա՞ մի տղամարդ էս Հայաստանում. Այո, դա «Սասնա ծռերն» են (Տեսանյութ)


Բա չկա՞ մի տղամարդ էս Հայաստանում. Այո, դա «Սասնա ծռերն» են (Տեսանյութ)

  • 29-07-2016 18:03:16   | Հայաստան  |  Հարցազրույցներ



Լրագրի զրուցակիցն է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Կյուրեղյան եղբայրների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը

 

Պարոն Կյուրեղյան, ինչպե՞ս եք գնահատում Ձեր որդիների քայլը:

 

Մենք այնպիսի երկրում ենք ապրում, որ իմ որդիներն ընտրեցին այս ճանապարհը։ Մեր երկրում բոլոր ուղիները փակվել են, հարցը ոչ թե մի կտոր հաց ավել ուտելու, մի կտոր շոր ավել հագնելու մասին է, այլ հարցն այստեղ բարոյականության և արժանապատվության մեջ է։ Մարդը կարող է վատ ապրել, քիչ ուտել, վատ հագնվել, բայց առանց արժանապատվության մարդ չի կարող ապրել։ Իսկ այս երկրում ամեն պահ արդարությունն է խեղաթյուրվում, իսկ իմ որդիներն առանց արժանապատվության չեն կարող ապրել։

 

Ի՞նչ լուծում եք տեսնում, իշխանությունը բանակցության չի գնում։

 

Լուծումը շատ պարզ է։ Ես դա հասկացա այն պահից, երբ լրատվամիջոցները հարցազրույցներ վերցրին «Սասնա ծռերի» անդամներից, երբ բոլորն ասացին, որ զենքը վայր կդնեն, եթե լինի Ժիրայր Սեֆիլյանի հրամանը, որ եթե պետք լինի, պատրաստ են 15 տարի նստել ԿԳԲ-ի նկուղներում։ Ելքն այն է, որ Ժիրայր Սեֆիլյանին պետք է ներգրավել բանակցությունների մեջ, ու եթե այդ ելքը չի օգտագործվում, ես տեսնում եմ խաղաղ ձևով խնդիրը լուծելու ցանկության բացակայություն։ Իսկ դա, իմ խորին համոզմամբ, երկիրը կհասցնի քաոսի, հայ ժողովուրդը չի կարող այդ արյունը կուլ տալ։

 

Տղաները որպես բարի կամքի դրսևորում բոլոր պատանդներին բաց թողեցին, նույնիսկ Ադրբեջանն իր քաղբանտարկյալներին բաց թողեց, դժվա՞ր է մեր քաղբանտարկյալներին բաց թողնելը, էդ ի՞նչ մի մեծ բան է, համաներում հայտարարեք, ուրիշ մի բան արեք։ Ի վերջո, ժողովրդավարական երկիր եք համարվում, քայլ արեք դեպի ժողովուրդը։ Եթե այդպիսի բան անեք, վստահություն կառաջանա, ոչ թե մարդկանց կանչեք բանակցության ու կրակեք նրանց վրա։

 

Ձեր տղաների համբերության բաժակը լցվեց, երբ Հայկ Կյուրեղյանին գազային ատրճանակի համար ազատազրկեցին 9 տարո՞վ։

 

Ոչ, իմ համբերության բաժակը դա չի լցրել, իմ համբերության բաժակն ուրիշ երևույթներ են լցնում։ Օրինակ, իմ համբերության բաժակը սահմանի վրա էր, երբ լսեցի, որ դատավորը 250 հազար եվրո նվեր է ստանում, այդպես հայտարարագրում է իր եկամուտը։ Սա նշանակում է, որ ազգային անվտանգությունն անմիջապես պետք է զբաղվեր այդ հարցով։ Կարծես ստեղծվել է մի կլան, որը ծիծաղում է ժողովրդի վրա, իմ տրամաբանության ու մտքի վրա, որ ասում է՝ ինչ ուզում եք արեք, ուզում եք դրոշակ բռնեք, ուզում եք պայքարեք, մենք այսպիսին ենք։ Մենք կաշառքի անունը դնում ենք 250 հազար եվրոյի նվեր ու այդպես ապրում ենք։ Դրանից հետո մարդը չի կարող անտարբեր լինել, արդեն մարդ սկսում է անկառավարելի գործողություններ անել։ Մինչև երբ կարելի է այդ ցինիզմին դիմանալ։ Սա ընդամենը օրինակներից մեկն է, իսկ այդ օրինակները հազարավոր են, բոլոր ոլորտներում։ Մեկը կարող է կրակել ու ազատ շրջել, ամեն տեղ սուտ է ու ապատեղեկատվություն։ Որտեղ նայում ես, նույն վիճակն է։ Երբեմն մտածում ես՝ արդյոք սա երազ է, թե իրական։

 

Իսկ հավատո՞ւմ եք ձեր որդիների հաղթանակին։

 

Երբ Արեգը զանգեց՝ ասեց սրանով կյանքը չի վերջանում... Ես չեմ ուզում օգտագործել հաղթանակ, պարտություն բառերը։ Սա բացի այստեղի պատերազմից, բարու և չարի բարոյական պատերազմ է, և այդ պատերազմում տղաները հաղթել են։ Ֆիզիկական պատերազմը շատ չնչին մի պահ է։ Այն, ինչ արեցին տղաները, դրանից հետո նրանք ժողովրդի սրտերում են, չնայած այստեղ քիչ են հավաքվում։ Տղաները արեցին այն, ինչը ժողովրդի սրտում էր։ Բոլորն էլ իրենց մտքում հարց էին տալիս՝ բա չկա՞ մի տղամարդ էս Հայաստանում։ Այո, դա «Սասնա ծռերն» են։

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ