Պատժիչ գործողություն և ոչ թե ոստիկանական օպերացիա.Արամ Աբրահամյան


Պատժիչ գործողություն և ոչ թե ոստիկանական օպերացիա.Արամ Աբրահամյան

  • 01-08-2016 14:46:46   | Հայաստան  |  Վերլուծություն

«Առավոտ»: Սովորաբար հեղափոխությունների պարտությունից հետո սկսվում է «ռեակցիա», իսկ հեղափոխության հաղթանակից հետո սկսվում է «տեռոր»:
 
Երկու եզրերն էլ այստեղ պատմագիտական են, ոչ թե իրավական: Առաջին դեպքում իշխանությունը բանտ է նետում իր բոլոր վտանգավոր հակառակորդներին, սահմանափակում է խոսքի եւ հավաքների ազատությունների այն մակարդակը, որը կար մինչ հեղափոխության փորձը: Մի խոսքով՝ ձգում է պտուտակները` մտավախություն ունենալով, որ դեպքերը կրկնվելու են, իսկ հեղափոխականներն այդ իրադարձության, այսպես ասած, «զոհը» լինելով՝ ձեռք են բերելու նոր համակիրներ: Հակառակը՝ հեղափոխության հաղթանակից հետո հայտնվում է Ռոբեսպիերի կամ Ֆելիքս Էդմունդովիչի նման մի անձնավորություն, որը վրեժ է լուծում բոլոր նրանցից, ովքեր լոյալ չէին հեղափոխականների նկատմամբ եւ, իր կարծիքով, չէին պայքարում «ռեժիմի» դեմ: Սովորաբար նման «լյուստրացիայի» են ենթարկվում մտավորականները, որոնց համար «ամեն գնով» ձեռք բերված համընդհանուր երջանկությունը այնքան էլ մեծ երջանկություն չէ: Հիմա արդեն կարդում ենք «քաջասիրտ ֆեյսբուքցիների» հոխորտանքները, թե` տեսեք, ինչ ենք անելու ձեզ հետ, երբ հաղթենք (որպես կանոն, նման սպառնալիքներ հնչեցնում են նրանք, ովքեր վաղուց արդեն Հայաստանում չեն): Ո՞րն է դրանցից ավելի լավը: Բնականաբար, երկուսն էլ հավասարապես վատն են: Հայաստանում 25 տարվա ընթացքում մենք այդ ամենը մի քանի անգամ անցել ենք: Իհարկե, մեզանում առ այսօր հաղթում է «ռեակցիան»: Բայց եթե այս անգամ, ենթադրենք, հակառակը լինի, չեմ կարծում, որ դա դրական առումով շատ կհարստացնի մեր պատմական փորձը: Սակայն դա զուտ տեսական տարբերակ է, որովհետեւ այս անգամ էլ, ըստ երեւույթին, հաղթելու է «ռեակցիան»: Դժվար է ավելի «ռեակցիոն» բան պատկերացնել, քան քաղաքացիական հագուստով ոստիկանների (կամ ո՞վ գիտի` գուցե քրեականների) հարձակումը ցուցարարների վրա կամ թիրախավորված հարձակումը լրագրողների եւ նրանց տեխնիկայի վրա` նրանց աշխատանքը խոչընդոտելու համար: Շեշտեմ, ես կասկածի տակ չեմ առնում ոստիկանության իրավունքը` թույլ չտալ, որ ցուցարարները մտնեն ՊՊԾ տարածք: Բայց այն, ինչ երեկ երեկոյան արվեց, դա պատժիչ գործողություն էր, ոչ թե ոստիկանական օպերացիա: Գործողություն, որն իրականացվեց հատուկ սադիզմով եւ խուժանական ոճով` գուցեեւ նախորդ իրադարձությունների համար վրեժ լուծելու նպատակով, ինչն, իհարկե, նույնպես չի կարող լինել իրավապահների գործառույթը: Այսքանով հանդերձ՝ ես դարձյալ կարծում եմ, որ ելքը խաղաղ, բայց կազմակերպված եւ ակտիվ պայքարն է, ծայրահեղություններից խուսափելը, պիտակներ չկպցնելը: Եվ, պատկերացրեք, իրար սիրելը: 
 
Արամ Աբրահամյան
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն