Սասնա ծռերը հանձնվեցին Հայաստանի կյանքը փրկելու համար. Մեկնաբան


Սասնա ծռերը հանձնվեցին Հայաստանի կյանքը փրկելու համար. Մեկնաբան

  • 01-08-2016 16:08:36   | Հայաստան  |  Վերլուծություն

Մոտ երկու շաբաթ դրամատիկ զարգացումից հետո Հայաստանում հանգուցալուծվեց հուլիսի 17-ին Սասնա ծեր ջոկատի գործողությունների հետեւանքով ստեղծված վիճակը:
 
Կամ, ավելի ճիշտ կլինի ասել՝ հանգուցալուծվեց դրա առաջին փուլը, որը պայմանական կարող ենք ասել ռազմական դիմակայության փուլ: Եվ ներկայում սկսվում է քաղաքական փուլը, որը թերեւս պետք է լինի առանցքայինն ու ամենակարեւորը: Այդ փուլը «քննություն» է լինելու բոլորի համար, Հայաստանի քաղաքացիների, քաղաքական ուժերի, քաղաքացիական միավորների:
 
Սասնա ծռերը հանձնվեցին, հանձնեցին ՊՊԾ գունդը, հայտարարելով, որ չեն դիմադրում արնահեղություն թույլ չտալու, իրենց դեմ գրոհի դուրս բերվող Հայաստանի քաղաքացի զինվորականների արյուն չթափելու համար: Միեւնույն ժամանակ, Սասնա ծռերը, ի դեմս Վարուժան Ավետիսյանի, եւս մեկ անգամ՝ արդեն երկրորդ անգամ հայտարարեցին Հայաստանի առանցքային խնդրի՝ «ապագաղութացման անհրաժեշտության» մասին: Հայաստանը չպետք է լինի Ռուսաստանի գաղութ, հանձնվելուց առաջ հայտարարեց Վարուժան Ավետիսյանը: Մինչ այդ, հուլիսի 29-ին, երբ փաստորեն հասունանում էր հանգուցալուծումը, նա հայտարարեց, որ իրենց ապստամբությունն ապագաղութացման համար է, իրենք սկսել են Ռուսաստանի դեմ ապագաղութացման շարժում: Այդ հայտարարությունն իհարկե ուշացած էր, բայց հնչեց ի վերջո: Եվ վերահաստատվեց հանձնվելու որոշումից առաջ:
 
Այդպիսով, Սասնա ծռեր ջոկատը երկշաբաթյա դրամատիկ գործընթացը եզրափակեց Հայաստանի համար նոր քաղաքական նշաձողի եւ խնդրի սահմանումով՝ ապագաղութացում: Ասել, թե մինչ այդ չեն եղել այդպիսի փորձեր, ինչ խոսք անարդարացի է: Բայց, դատելով այդ խնդրի ձեւակերպման եւ հանրային գիտակցության մեջ ամրագրման նախորդ բոլոր փորձերից, ընդ որում տարբեր դրսեւորումներով, տարբեր սուբյեկտների միջոցով, խնդրի հանրային ընկալումը մնացել էր չափազանց ցածր աստիճանի վրա: Սասնա ծռերի իրականացրած գործողությունը փաստացի շոկային թերապիա էր հասարակության, Հայաստանի համար, եւ թեեւ ամենավերջում, բայց թերապիան այդուհանդերձ դրսեւորեց որոշակի արդյունավետության հեռանկարներ:
Դժբախտաբար, դա տեղի չունեցավ առանց զոհերի: Պետք է հուսալ, որ բոլոր վիրավորները կապաքինվեն, եւ հուլիսի 17-ին զոհված ոստիկանության գնդապետից եւ հուլիսի 29-ին զոհված ենթասպայից բացի, չեն լինի այլ զոհեր: Ընդ որում, ենթասպայի մահվան հանգամանքը չափազանց ուշագրավ է: Ոստիկանությունը տեղեկություն տարածեց, թե նրան ՊՊԾ գնդից 400 մետր հեռավորության վրա սպանել է գնդում զինված խմբի դիպուկահարը: Հասարակությունը, ինչպես եւ սպասվում էր, չհավատաց այդ հայտարարությանը: Ավելի ուշ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ իրենք չեն կրակել ենթասպայի վրա: Ոստիկանությունը տարածեց լուսանկար, իբր դիպուկահարի, որի արհեստական, շինծու լինելը անմիջապես բացահայտեցին ֆեյսբուքյան օգտատերերը:
Մյուս կողմից, առաջանում էր տրամաբանական հարց: Իսկ ինչու՞ պետք է Սասնա ծռերը կրակեին ենթասպայի վրա, եթե նա իրենից չէր ներկայացնում նրանց համար որեւէ վտանգ: Այդտեղ չկա որեւէ տրամաբանություն: Մյուս կողմից, իհարկե հազիվ թե դա լիներ հենց ոստիկանական սադրանք՝ զոհաբերել յուրայինին, Սասնա ծռերին մեղմ ասած վատաբանելու եւ նրանց դեմ գործողությունն արդարացնելու համար: Դա կլիներ չափազանց պարզունակ բացատրություն: Ըստ այդմ, շատ հավանական է, որ հուլիսի 29-ից ակներեւաբար ծավալվող որոշակի հանգուցալուծումնային ուրվագծերի ֆոնին, տեղի է ունեցել սադրանք՝ զինված դիմակայության անմիջական մասնակից իրավապահներից եւ զինված խմբի շրջանակից դուրս, նրանց գործողությունների տրամաբանությունից դուրս:
 
Բացառված չէ, որ ինչ որ երրորդ կողմի խիստ անհանգստացրել է արնահեղության ձգձգումը: Դա չստացվեց Սարի թաղում քաղաքացիներին քրեա-ոստիկանական ծուղակ գցելու, ներքաշելու միջոցով, իրավիճակը չունեցավ շղթայական շարունակություն: Հաջորդ փորձն ըստ երեւույթին արվեց ոստիկանի սպանությամբ:
 
Այն, որ հուլիսի 17-ից հետո ստեղծված իրավիճակում դրա շահառու սուբյեկտների թիվը, ընդ որում թե ներքին, թե արտաքին սուբյեկտների, աճում էր երկրաչափական պրոգրեսիայով, աներկբա է: Միաժամանակ, տեղի ունեցան իսկապես ուշագրավ իրողություններ, հատկապես արտաքին հարթության վրա: Հազար արժե մի օրինակը միայն, երբ երրորդ պետությունը՝ Ռուսաստանը, արտգործնախարարության պաշտոնական մակարդակով դժգոհում է, որ մեկ այլ սուբյեկտ՝ Եվրամիությունը, մեկ այլ պետության իշխանության կոչ է անում առաջացած ճգնաժամը լուծելիս խուսափել ուժի անհամաչափ կիրառումից եւ գտնել քաղաքական  լուծումներ: Այսինքն, Ռուսաստանը Եվրամիությունից դժգոհում է, որ Հայաստանի իշխանությանը Եվրոպան կոչ է անում չգնալ, թույլ չտալ արնահեղություն:
 
Դա դժվար է տեղավորել թե մարդկային, թե միջպետական բանական տրամաբանության մեջ, բայց դա այդպես է, այդ դժգոհությունը եղել է, կա եւ մնալու է պատմության մեջ:
Ահա այս պարագայում, երկու ակնհայտ սադրանքի փորձեր, որոնք անկասկած ունեին մեկ տրամաբանական նպատակ՝ դրանք կարող էին լինել այն կայծը, որը կգեներացներ արնահեղությունը: Սարի թաղում բարեբախտաբար զոհ չեղավ, ըստ երեւույթին այդ սադրանքը համարվեց չստացված, եւ եղավ երկրորդը՝ արդեն զոհով:
 
Բայց, փաստորեն դա էլ չստացվեց: Սասնա ծռերը կատարեցին մի քայլ, որը չափազանց պատասխանատու էր Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Նրանք կանխեցին հետագա արնահեղությունը, հստակ գիտակցելով, որ այդ արնահեղությունն այլեւս միայն ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակին չէր առնչվելու, այլ լինելու էր պարզապես Հայաստանի ինքնիշխանության վերջին թելի կտրումը, երբ «մկրատը» ձեռքին սպասում էին նրանք, ովքեր հրապարակավ դժգոհում էին Հայաստանում արնահեղություն թույլ չտալու կոչերից:
Սասնա ծռերը հանձնվեցին Հայաստանի կյանքը փրկելու համար, Հայաստանի ապագաղութացման պայքարի հեռանկարը փրկելու համար:
 
Սասնա ծռերը զենքով գծեցին Հայաստանի քաղաքական օրակարգի նոր նշաձողը, փաստացի դնելով յուրօրինակ «լյուստրացիոն» չափանիշ: Եվ այդ առումով է, որ զինված դիմակայության՝ դժբախտաբար նաեւ ողբերգական երանգներով փուլից հետո գալիս է առանցքայինը՝ քաղաքական փուլը: Դա պետք է լինի նոր Հայաստանը: Եվ ներկայում այլեւս խնդիրն անգամ այն չէ, թե ինչ է լինելու իշխանության հետ, ինչպես է փոխվելու իշխանությունը: Դա շատ կարեւոր է, բայց, միաժամանակ, դա ամենեւին ամենակարեւորը չէ: Ամենակարեւորն է, թե ինչպես է փոխվելու հասարակությունը, հասարակական գիտակցությունը, հասարակական-քաղաքական կյանքը, սուբյեկտների վարքագիծը, օրակարգը: Սասնա ծռերը սահմանել են մի նշաձող, որից ցածր գտնվելու դեպքում հասարակական-քաղաքական կյանքի սուբյեկտները հայտնվելու են մեղմ ասած խղճուկ՝ դա լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում՝ կոլաբորացիոնիստների առավել քան ընդգծված կարգավիճակում:
Հուլիսի 17-ին տեղի ունեցածը արժանացավ իրարամերժ, անգամ ծայրահեղ գնահատականների, էմոցիաները երկու շաբաթ շարունակ խեղդեցին Հայաստանը: Բարեբախտաբար տեղի ունեցավ այն հանգուցալուծումը, որը թերեւս անգամ անհնար էր թվում զինված դիմակայության լարվածության ներքին ահռելի կուտակման պայմաններում:
Ի վերջո, երկշաբաթյա դրամատիկ եւ գերլարված դիմակայությունը «երկնեց» քաղաքական բովանդակությունը, եւ ներկայում հասարակության խնդիրն է պահել, հասունացնել այն, զարգացնել քաղաքական արդյունքի աստիճանի, որը նախ եւ առաջ պետք է արտահայտվի ապագաղութացման խնդրի գաղափարական եւ արժեքային հաստատագրմամբ:
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն