Ռուսաստանը կորցնում է Հայաստանը, հիմա իրենց մտածելու հարցն է.Քաղաքագետ


Ռուսաստանը կորցնում է Հայաստանը, հիմա իրենց մտածելու հարցն է.Քաղաքագետ

  • 02-08-2016 17:04:22   | Հայաստան  |  

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
 
– Պարոն Շիրինյան, ինչպե՞ս եք գնահատում «Սասնա ծռեր» խմբի՝ երեկ զենքերը վայր դնելու և հանձնվելու քայլը: Վարուժան Ավետիսյանը հայտարարեց՝ մենք ընդամենը կայծն ենք տվել, ժողովուրդը կշարունակի:
 
– Չափազանց դրական եմ գնահատում նրանց քայլը, որովհետև իրենք, ըստ էության, հեղափոխականացրին Հայաստանը, իրենց մեկնաբանությունը իրականում ճիշտ է: Եվ կարծում եմ՝ Հայաստանում բոլոր խելքը գլխին մարդիկ էլ վախենում էին արյունահեղությունից: Ինչպես ասացին՝ իրենց խնդրի մինիմումը կատարելով դուրս եկան՝ իրականում խնայելով նաև ոստիկանների կյանքը: Ես գիտեմ, որ նրանց մի մասը կատարյալ հրաձիգներ են, և նրանց որևէ կերպ հնարավոր չէր վախեցնել:
 
Տպավորիչ է, որ Հայաստանը հանկարծ իր զարգացման վեկտորը փոխում է դեպի վերածնունդ և ազգային-ազատագրական պայքար, ինչը ուզում ենք, և հետաքրքիր է, որ Վարուժանը հանձնման պահին անգամ Հայաստանի տարածքային ընդարձակման մասին էր խոսում, որը ագրեսիվ չէ:
 
– Խոսում էր Հայաստանի ապագաղութացման մասի՞ն…
 
– Վերածունդ ասելով՝ հենց դա նկատ ունեի: Պատմության մեջ նման նախադեպ կա՝ կուբայական հեղափոխությունն է: 1953 թվականի հուլիսին Ֆիդել Կաստրոն եղբոր՝ Ռաուլ Կաստրոյի, արգենտինացի Էռնեստո Չե Գևարայի և մյուս ընկերների հետ միասին գրոհեցին Մոնկադայի զորանոցները: Գրավեցին, չստացվեց, հանձնվեցին, և մինչև 59 թվականի հունվարի 1-ը Կուբան հռչակվեց հանրապետություն: Տեսեք՝ ինչն է նմանությունը. Բատիստան հայտնի էր որպես ազգային-ազատագրական պայքարի գործիչ, ինչ-ինչ հանգամանքներում Կուբան դարձրել էր կազինոների, աղքատության և օտարերկացիների երկիր: Եվ քաղաքական իմաստով բացարձակ նմանություն ունի. այնտեղ եղբայրներ, այստեղ եղբայրներ, նաև՝ հայր և որդի, այսինքն՝ եթե բարոյական արժեքի իմաստով նկատի ունենանք, շատ ավելի բարձր նիշ է գրանցվել Հայաստանում:
 
Կա երկրորդ մասը. մեր ժողովրդին սա հատուկ է, 1921-ի փետրվարի 18-ին քառասուն օր աննախադեպ իրավիճակ էր սովետական իշխանության տարիների պատմության մեջ, երբ հռչակվեց վերականգնված Հայաստանի Հանրապետությունը, և 1921-ի փետրվարի 18-ին եռագույնը նորից ծածանվեց Երևանում: Սրանից հետո նժդեհյան ազատամարտը շարունակվեց Զանգեզուրում՝ նույն նշանաբանով, որ Զանգեզուրը չենք հանձնելու:
 
Ամեն տգետ կհասկանա, որ ըստ էության առաջին ըմբոստությունը եղավ տարածք հանձնելու հետ կապված, այստեղ սկսվեց ոչ միայն քարոզչությունը, դուք գիտեք, որ քարոզչություն գնացել է, բոլորս ենք խոսել: Հիմա Հայաստանում զինված ապստամբությունը փոխանցվեց երիտասարդությանը, և ես երեկ էլ առիթ ունեցա ռադիոյով ասելու, որ Չարենցի «Գանգրահեր տղան» քայլում է փողոցներում: Մի սերունդ է աճել, որն ազգային պայքարի համալսարաններ անցավ, ազգային ինքնագիտակցության վերազարթոնքով, զուլալ ու մաքուր հայկական ընդվզում էր: Առանց վախենալու այդպես գրոհել բարիկադները, այդ նռնակների տակ և ոստիկաների հանդեպ լինել ներողամիտ՝ ուրիշ տեղեր ուրիշ բաներ կարող էին լինել: Սա ես մեր ժողովրդի ոգու թռիչքն եմ համարում, և դա զարմանալի չէ, որովհետև այս սերունդը դաստիարակվել է առանց սովետահայ պատմաբանի, չեն հասցրել սրանք փչացնել ուղեղները, նրանք նժդեհյան գաղափարով են: Նաև՝ մեկի հորեղբայրն է Պավլիկը, մեկի հարևանն է, մեկի ծառայակից ընկերն է եղել Վարուժանը և այլ նման: Պատմական արմատը աշխատել է տարիների ընթացքում, և այստեղ դուք տեսաք, որ այդ հատվածը, բոլորը, բայց հատկապես երիտասարդները, ճորտի, կախվածի, ռուսահպատակի, օտարահպատակի արքետիպը կորցրել են կամ կորցնելու ընթացքի մեջ են: Սա մեր մարդկային կապիտալն է: Որպես քաղաքագետ կարող եմ հաստատել, որ ժամանակակից պայմաններում մարդկային կապիտալը մեծագույն գործոնն է բոլոր վերափոխումներում: Եվ սա ոչ մեկը չի կարող վերադարձնել՝ բացառված է:
 
Ապրիլյան պատերազմից մինչև այս զինված ապստամբությունը հայ ժողովուրդն անցավ տասնամյակների, հարյուրամյակների ճանապարհ. նկատի ունենանք, որ դա չի կարող չազդել նաև այնտեղ կանգնած ոստիկանի վրա, որն իր պարտականությունն է կատարում, չասենք՝ «մուտիլովշիկներին», դրանք միշտ էլ լինում են: Սա մեր պատմության մեջ աննախադեպ թռիչք էր, մնացածը պետք է ռեալիզացվի:
 
– Պարոն Շիրինյան, այսինքն՝ սկսված պայքարը, ըստ Ձեզ, միևնույն է, շարունակակա՞ն է լինելու:
 
– Այո՛, ես չեմ կարծում, որ որևէ մեկը կկարողանա Հայաստանը վերադարձնել դեպի անցյալ: Ապրիլի 2-ից մինչև հունիսի 17-ի ապստամբությունը ամենը փորձ եղավ՝ կոռումպացվածներին չպատժել, բանակաշինությունը տապալածներին թեթև կսմիթներով, ինչպես կասեր Հակոբ Պարոնյանը, անցնել, բայց սա ինչի՞ բերեց, բերեց համաժողովրդական պոռթկման՝ ապստամբության տեսքով, որի արդյունքում զոհեր չեղան, այդ երկուսը պատահական զոհեր էին: Եթե գնդապետը իրեն պահեր բանիմաց, ինչպես վարվեց Օսիպյանը, դժվար թե այդպես լիներ:
 
Սա անդարձ է, մեր ժողովուրդը պետք է առաջ գնա, և Սփյուռքը ժողովրդին պետք է նեցուկ լինի, եկեղեցին պարտավոր է նեցուկ լինել, ոչ թե կոչեր անի կաթողիկոսը: Կա նաև մի բան, ես կարծում եմ՝ օտարերկրյա խաղացողները շատ լավ գնահատեցին հայ ժողովրդի արժեքային համակարգի վերականգնումը, որը խիստ քրիստոնեական է, խիստ համամարդկային, և այստեղ հոգեբանական մի բան կա. գոնե այս սերնդով Ռուսաստանը հոգեբանորեն կորցնում է Հայաստանը, 250 տարվա խաբկանքը, տհասությունը և մեզ ներարկված ինչ-ինչ ձևերով արհեստական արժեհամակարգը, և Հայաստանը դառնում է անկախ: Այդ իմաստով Ռուսաստանը կորցնում է Հայաստանը, հիմա իրենց մտածելու հարցն է՝ Հայաստանը դառնա իրենց ռազմավարական դաշնակի՞ց, թե՞ ֆիզիկապես ևս կորցնել այն, ինչ իրենցն է: Դրա համար բոլշևիկյան այդ բաներն են հայկական, ստորության հետքերը կարծես ջնջվում են:
 
– Պարոն Շիրինյան, մենք տեսանք, որ 13 օր շարունակ ՀՀԿ որևէ պատգամավոր որևէ մեկնաբանություն չարեց, մենք տեսանք քար լռություն, ի՞նչ եք կարծում՝ իշխանությունը այս ամենից հետո ինչ-որ հաշվարկներ անելո՞ւ է՝ վերափոխվելու, այլ կերպ մոտենալու քաղաքացուն: Փոխվելո՞ւ է, թե՞ ոչ:
 
– Իրենք ընտրություն ունեն, ինձ այդպես է թվում: Չմոռացվի, որ այս մեր կյանքը հիմա գնալու է մեր հանրապետությունում և աշխարհով մեկ հայության կյանքը ռազմագերիների դատավարության գործընթացին զուգահեռ: Հայաստանյան ավանդույթով մենք գիտենք, որ խոսելով եվրոպական իրավական արժեհամակարգից՝ կիրառվելու է սովետական իրավագիտակցություն: Այդ հակասականությունը այնտեղ հստակ երևում էր՝ եվրոպական ոստիկանի համազգեստով կանգնած, ստալինյան ժամանակաշրջանի իրավագիտակցության գործ էին անում: Սա անընդհատ հեղափոխականացնելու է փողոցը, և ժողովուրդը, երիտասարդությունը գտավ իր կենդանի հերոսներին, կենդանի լեգենդներին, ոչ թե Նժդեհ և այլն: Հիմա կուսակցությունները կանգնած են խնդրի առջև՝ կա՛մ չքանալ, կա՛մ իրենց կադրային բանակը թարմացնել, դուրս գալ քաղաքակիրթ տեսքով և փորձել մրցակցության գնալ: Այլևս չի ստացվի պահպանողական, խոշոր գործարար աշխարհի ուշադրություն անհասկանալի բաներով սոցիալիստական, ազգային ազատագրական կուսակցության հետ «դաշինքների» գնալ: Հանրապետականներին պետք է խորհուրդ տալ՝ պետք չէ, որ իրենք ոչնչանան, գնա, թող կադրային բանկը թարմացնեն, կրթված, դաստիարակված, ոչ ճոռոմ, ոչ մեծախոս, ինչպես որ տեսնում ենք, հայ երիտասարդներով վերակազմել իսկական պահպանողական կուսակցություն, ինչը որ մեզ համար չափազանք անհրաժեշտ է, դաշնակցությունն ուզի-չուզի պիտի վերափոխվի, այլապես կմնա մարգինալ կառույց, ինչին այսօր նա գնում է: Մնացածն էլ կյանքն ինքը կթելադրի: Հիմա մի բան կա, որ պիտի օգտագործեն, պիտի օգտագործեն նաև արտասահմանում կրթություն ստացած երիտասարդության ռեսուրսը, բայց դա չպիտի լինի այսօր տեղում սովորող ուսանողների հաշվին: Կյանքն ապացուցեց, որ այս հայրենիքի տերը այսօր հայրենիքի բուհում սովորող ուսանողն է:
 
Այսպիսով, Փոքր Մհերը Ագռավաքարից դուրս եկավ հուլիսյան ապստամբությամբ: