Ողջախոհությունը հաղթեց արկածախնդրությանը


Ողջախոհությունը հաղթեց արկածախնդրությանը

  • 02-08-2016 17:59:08   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի  զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը

 

Պարոն Արշակյան, ինչպե՞ս եք գնահատում «Սասնա ծռերի» կողմից զենքը վայր դնելու քայլը և այն, որ թե «Սասնա ծռերը», թե Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել են, որ իրենք Հայաստանի ապագաղութացման համար են պայքարում։

 

Համարում եմ՝ ողջախոհությունը հաղթեց արկածախնդրությանը։ Ակնհայտ էր և իրենք էլ համոզվեցին, որ քաղաքացիական պատերազմը վնաս էր, արյունահեղությունը անթույլատրելի էր։ Շատ հետաքրքիր էր Վարուժան Ավետիսյանի հայտարարությունը, որ զենքը չի կարելի օգտագործել համաքաղաքացիների դեմ, հայրենիքում չի կարելի յուրայինների վրա կրակել։ Այդ արարքի ամբողջ դրամատիզմը հենց դա է. շատ հայտնի լենինյան բանաձևը, որ իմպերիալիստական պատերազմը վերափոխենք քաղաքացիական պատերազմի, շուռ տանք սեփական կեղեքիչների դեմ, Վարուժան Ավետիսյանը ճիշտ հակառակն արեց, ասաց՝ մեր հայրենիքի քաղաքացիների դեմ բարձրացված զենքը շուռ տանք իմպերիայի դեմ։ Ես ճանաչում եմ և գիտեմ, որ Վարուժան Ավետիսյանը կրթված ու բանիմաց անձնավորություն է, լենինյան սկզբունքն օգտագործեց հակառակ, դրական նշանով։ Այսինքն՝ այս խնդիրները թողնենք ուրիշ ժամանակ լուծելու, շուռ գանք ու պայքարը դարձնենք ազատագրական պայքար։ Նա բոլորիս կոչ արեց բռնությամբ չպայքարել զինակիցների դեմ, այլ բռնությունը շուռ տալ հակառակորդի դեմ և դարձնել ազգային-ազատագրական պայքար։

 

Վարուժան Ավետիսյանը շուռ տվեց լենինյան այդ դրույթը, ինչը անակնկալ ու զարմանալի էր և կարծում եմ՝ համաձայնեցված էլ չէր, որովհետև Ժիրայր Սեֆիլյանն իր հայտարարության մեջ խոսում էր միայն սահմանապահ զորքերի մասին, որ դրանք պետք է դառնան հայկական։ Այսինքն՝ գնդում գտնվողների կարծիքն արմատական փոփոխության է ենթարկվել՝ քաղաքացիական պատերազմին ոչ, ազգային-ազատագրական շարժմանը՝ այո։ Դրական է, որ նրանք ըստ էության զղջացին, որ արյուն են թափել, զենք են բարձրացրել, հանձնեցին զենքերը և ծրագիրն էապես փոխեցին։ Սա շատ կարևոր դաս էր և լուրջ ուղերձ ապագա քաղաքական գործիչներին և նրանց, ում մտքով կանցնի Հայաստանում բռնությամբ իշխանության հասնել։

 

Անկախությունը, ապագաղութացումը նուրբ հարցեր են, պետք է հոգատար ձեռքերով ապագաղութացման դրոշը բարձրացնել։ Հիմա իրենք պետք է ապացուցեն՝ իրենց ձեռքերը հոգատա՞ր են, թե ոչ։ Անկախությունը ականազերծողի գործ է, և պետք է զգույշ լինել, որ չպայթեցվի նաև այդ գաղափարը։

 

Ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի ելույթը, որտեղ խոսվում է վստահության կառավարության ձևավորման անհրաժեշտության մասին, բայց մյուս կողմից շնորհակալություն է հայտնել ոստիկաններին լավ աշխատանքի համար, իսկ լրագրողներին խորհուրդ է տալիս մոռանալ ծեծուջարդը։

 

Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը մի քանի ուղերձ ուներ. առաջին՝ Ղարաբաղը մերն է, ասեկոսեների մի հավատացեք, ես Ղարաբաղը չեմ հանձնի։ Երկրորդ՝ ներողություն խոսքի ազատության մունետիկներից, ներողություն խնդրեց պետության անունից և բոլորի անունից։ Բայց այստեղ հարց ունեմ՝ ինչ-որ ավազակներ, հանցագործներ հարձակվում են խոսքի ազատության վրա, ես ներողությո՞ւն եմ խնդրում։ Պետք է ներողության երկրորդ էջը լիներ՝ մենք խստորեն կպատժենք բոլոր նրանց, ովքեր ստիպում են ՀՀ քաղաքացիներին ներողություն խնդրել խոսքի ազատության մունետիկներից։ Խոսքի ազատությունը ժողովրդավարության գլխավոր բաղադրիչն է, ամենագլխավորը, և եթե խոսքի ազատություն չկա, չկա նաև խղճի ազատություն։ Չի կարելի բռնանալ խոսքի ազատության վրա, մենք խայտառակ ենք լինում։ Եվ սա օրակարգային խնդիր է։

 

Հաջորդը՝ Սերժ Սարգսյանն ասում է, որ արմատական բարեփոխումներ են անելու, վստահության կառավարության ձևավորման մասին է խոսում, ես ուզում եմ ավելացնել՝ հակակոռուպցիոն վստահության կառավարություն։

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play