Ինչ էլ անեն մեր գլխին, միեւնույն է՝ Հայաստանը «նրանց գրպանում է». Արամ Աբրահամյան


Ինչ էլ անեն մեր գլխին, միեւնույն է՝ Հայաստանը «նրանց գրպանում է». Արամ Աբրահամյան

  • 03-08-2016 16:51:02   | Հայաստան  |  Վերլուծություն

«Առավոտ». Հայաստանն, այո, չպիտի դառնա անցած դարի Լիբանան, որտեղ զանազան զինված խմբեր փորձում էին իրենց քաղաքական խնդիրները լուծել զենքի ուժով (1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմի արդյունքում զոհվել է ավելի քան 100 հազար մարդ):
 
Նրանք, ովքեր դաստիարակվել են այդ ավանդույթներով, պետք է համակերպվեն այն մտքի հետ, որ Հայաստանում պարտավոր են ապրել բոլորովին այլ մտածողությամբ եւ այլ կանոններով: Հայաստանը չպիտի դառնա նաեւ Հյուսիսային Կորեա կամ Ուզբեկստան, որտեղ բացի իշխանության հանդեպ «երջանկության» եւ «երախտագիտության» զգացմունքներից՝ որեւէ այլ զգացմունք հնարավոր չէ արտահայտել: Բայց, ճիշտն ասած, ես այդ երկու վտանգներին զուգահեռ տեսնում եմ ավելի կարեւոր վտանգ` որ Հայաստանը դառնա Կրասնոդարի երկրամասի մաս: Ինձ թվում է՝ միակ բանը, որի համար Հայաստանի հասարակությունն ու քաղաքական ուժերը պիտի պայքարեն, Հայաստանի ինքնիշխանությունն է: Մնացածն ածանցյալ է: Եթե առաջիկա ամիսներին քաղաքական ուժերը մրցեն, թե ով է ավելի լավ ծառայելու Կրեմլին, այդ պայքարն ի սկզբանե անհաջողության կմատնվի` անկախ նրանից, թե ուժերի ինչ հարաբերակցություն կլինի նոր խորհրդարանում: Ասել` «մենք դեմ ենք ավտորիտարիզմին, կամայականություններին, կոռուպցիային, կողմ ենք ժողովրդավարությանը, անկախ դատական համակարգին եւ արդար ընտրություններին»` ավելացնելով նաեւ, որ կողմ են Հայաստանի ներկայիս կարգավիճակին, ԵՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին` ես այստեղ, ճիշտն ասած, որոշակի հակասություն եմ տեսնում: Դա, ըստ էության, հակասություն է ներկայիս Հայաստանի քաղաքական վերնախավի վառ արտահայտված «հետխորհրդային» բնույթի եւ այսօրվա իրականության միջեւ: 25 տարում Հայաստանի էլեկտորատը փոխվել է, երիտասարդները չեն տեսել Սովետը եւ չունեն դրա մասին «քաղցր հուշեր»: Նրանք տեսնում են, որ Արցախի հարցում Ռուսաստանն ունի ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշում, որն արտահայտվում է թե՛ քաղաքական եւ թե՛ ռազմական ոլորտում: Նրանք տեսնում են Ռուսաստանի (ինձ թվում է՝ անհիմն) համոզմունքը, որ ինչ էլ անեն մեր գլխին, միեւնույն է՝ Հայաստանը «նրանց գրպանում է»: Նրանք տեսնում են նաեւ ռուսաստանյան վերնախավի ամբարտավան կեցվածքը, որը հիմնված է այդ համոզման վրա: Նրանք չեն հավատում, որ այդ երկիրը մեր անվտանգության երաշխավորն է: Վերջապես՝ նրանք, հավանաբար, նկատած կլինեն, որ Ռուսաստանի որոշ շրջանակներ ակնհայտորեն ցանկանում էին, որ «Սասնա ծռերի» խնդիրը լուծվեր մեծ արյունահեղությամբ: Առաջիկայում, կարծում եմ, հատկապես երիտասարդների մոտ հաջողություն կունենա այն ընդդիմադիր քաղաքական ուժը, որը կբարձրացնի այս բոլոր խնդիրները: Կբարձրացնի լուրջ, սոլիդ, առանց ճվճվալու, առանց արկածախնդրության եւ ծայրահեղությունների: …Այո, Ժիրինովսկին ծաղրածու է: Բայց Ելցինն էլ ժամանակին ասել էր` «никуда не денутся»: 
 
Արամ Աբրահամյան 
Նոյյան տապան  -   Վերլուծություն