Ովքե՞ր էին ցանկանում տղաների գործողության վրա «սողոսկել դեպի աթոռ». «Լրագիր»


Ովքե՞ր էին ցանկանում տղաների գործողության վրա «սողոսկել դեպի աթոռ». «Լրագիր»

  • 03-08-2016 18:50:56   | Հայաստան  |  Վերլուծություն

Երեւանում հուլիսի 17-31-ը տեղի ունեցած իրադարձությունները եւ դրանց հանգուցալուծումը մի շարք հարցեր են առաջացնում: Զինված ապստամբության առաջին հայտարարության մեջ ասվում էր, թե ապստամբներին են միացել ոստիկանության ու բանակի մի շարք ստորաբաժանումներ: Դրվել էին պահանջներ, որոնցից գլխավորը Սերժ Սարգսյանի հրաժարականն էր ու ժամանակավոր կառավարության կազմավորումը:

 

Ներկայում տարածված տեսակետ է, որ ՊՊԾ գնդի գրավումը նպատակ ուներ արթնացնել ժողովրդին, ընդվզման ալիք բարձրացնել: Վարուժան Ավետիսյանն իր վերջին ելույթում, որից հետո խումբը վայր դրեց զենքը, ասում էր, որ դա չստացվեց, ժողովուրդը դանդաղ շարժվեց:

 

Զանգվածային ելույթներ ըստ էության չեղան, իսկ եղածն էլ իշխանությանը հաջողվեց չեզոքացնել զանգվածային բռնությունների, ձերբակալությունների ու սադրանքների միջոցով, որոնց ի դեպ հեշտ տրվում էին Խորենացի փողոցի ցուցարարները:

 

Մյուս կողմից, գնդի գրավման առաջին իսկ օրն արդեն տպավորություն էր, որ զինված խումբը հայտնվել է ծուղակում: Այդ էին վկայում երբեմն հակասական հայտարարությունները, պահանջների անհստակությունը, բանակցությունների վերաբերյալ տեղեկությունները, եւ այլն:

 

Զինված ապստամբությունն ունի իր կանոններն ու տրամաբանությունը, եւ այստեղ ժողովրդական ընդվզումն այսպես ասած ոչ առաջնային դեր ունի: Իսկ այն, ինչ երկրորդ օրվանից կատարվում էր գնդում, Խորենացի փողոցում եւ դրա շուրջ, արդեն այլ տրամաբանության մեջ էր:

 

Զինված խմբի անդամներն իրենց մամուլի ասուլիսում հայտարարում էին, որ միայն Սեֆիլյանը կարող է իրենց հրամայել վայր դնել զենքը: Իր հերթին, Ժիրայր Սեֆիլյանը հայտարարում էր, որ պատրաստ է հանդիպել Սերժ Սարգսյանի եւ զինված խմբի հետ եւ կոշտ պայմաններ էր դնում:

 

Իշխանությունն, իր հերթին, արագորեն իրավիճակը վերցրեց իր ձեռքը եւ անցավ խմբին վնասազերծելու կոնկրետ ծրագրի. Մի կողմից, շարքից հանվում էին խմբի անդամները, մյուս կողմից՝ հոգեբանական եւ այլ կարգի ճնշում էր գործադրվում խմբի վրա, այդ թվում ցուցարարների ջարդն ու ոստիկանի սպանությունը:

 

Իրադարձությունները զարգանում էին ավելի ու ավելի արագ, եւ մինչ ակտիվ հանրությունը չէր կողմնորոշվում իր պահանջների ու գործողությունների հարցում եւ տրվում տարբեր սադրանքների, զինված խմբի ու «դրսի» աջակիցների միջեւ «խզվածքն» ավելի էր մեծանում:

 

Հուլիսի 31-ին տեղի ունեցավ հանգուցալուծումը: Ընդ որում, բավական արագ ու հակասական՝ Ժիրայր Սեֆիլյանը տարածեց հայտարարություն, որում հանված էր Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը եւ շարադրված էին այն պայմաններն ու առաջարկները, որի դեպքում ինքը կարող է հանդիպել զինված խմբին եւ համոզել վայր դնել զենքը: Սակայն հայտարարությունից անմիջապես հետո խումբը վայր դրեց զենքը:

 

Սերժ Սարգսյանը օգոստոսի 1-ի իր ելույթում ակնարկեց, որ եղել են մարդիկ, ովքեր փորձել են խմբին օգտագործելով «սողոսկել դեպի աթոռ»: Նրանից հետո Գառնիկ Իսագուլյանը հայտարարեց, որ տղաները հասկացել են, որ իրենց օգտագործում են, տղաների մահը պետք էր ինչ որ մեկին, որ լիներ այլ շարունակություն:

 

Ովքե՞ր են այդ մարդիկ, ի՞նչ կապ ունեին այս գործընթացների հետ, ովքե՞ր էին ցանկանում տղաների գործողության վրա «սողոսկել դեպի աթոռ»: Մի կողմից, իսկապես կար նման տպավորություն, մյուս կողմից, չի բացառվում, որ այս հայտարարությունները խմբի չեզոքացման պլանի մի մասն են:

 

Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ազգային համաձայնության կառավարության խնդրին, որն առկա էր նաեւ Սեֆիլյանի հայտարարության մեջ, ասել էր, որ դրանում չեն լինի այն ուժերը, ովքեր աջակցել են այս ամենին: Կտրվե՞ն անուններ, թե պետք է սպասել այդ կառավարության ձեւավորմանը:

lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play