Քանդի՛ր Մհերի դուռը ու կառուցիր նորը.Լուսինե Խառատյան


Քանդի՛ր Մհերի դուռը ու կառուցիր նորը.Լուսինե Խառատյան

  • 03-08-2016 19:05:00   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի  զրուցակիցն է հանրային քաղաքականության մասնագետ Լուսինե Խառատյանը

 
Լուսինե, Սասնա ծռերի գործողությունների և էպոսի միջև այսօրերին մի շարք համեմատություններ եղան: Ասում են, որ Փոքր Մհերը դուրս է եկել ժայռից:
 
 
Համեմատություններ շատ եղան և ոչ միայն Էպոսի, այլև հայ ժողովրդի պատմության անկյունաքարային մի քանի կերպարների ու դրվագների հետ: Նախ, այն հանգամանքը, որ խումբն ինքն իրեն «Սասնա Ծռեր» է անվանում, արդեն ուղիղ հղում է էպոսին:  Առհասարակ այս իրադարձությունները մի շարք խորհրդանշանային հղումների տեղիք տվեցին. Պավլիկյան շարժում (կապված խմբի առաջնորդներից մեկի անվան հետ), Էրեբունին՝ որպես նախասկզբի, ամեն բան նորից ու նորովի սկսելու խորհրդանիշ, Խորենացին՝ որպես պատմահայր ու պատմությունը վերաձևակերպելու, նորովի կերտելու խորհրդանիշ և այլն: Եթե այս ամենը դիտարկենք մոդեռն դիսկուրսում, ապա մենք ժամանակավրեպ ենք, որովհետև գտնվում ենք միֆա-պոետիկ դաշտում, ցիկլիկ մտածողության տիրույթում, երբ ամեն բան դատապարտված է հավերժ կրկնվելու, երբ պատմությունն անընդհատ նույնն է, ու մենք դատապարտված ենք նույն ելքերն ունենալ:
 
 
Այստեղ հատկապես կուզեի ուշադրությունը հրավիրել երկու բանի վրա.
 
 
(ա) դժվար է  21-րդ դարում գտնել մեկ այլ պետություն, որի քաղաքական դիսկուրսում այսքան ակտիվ լինի ավանդազրույցը: Մեզ մոտ կան էլ էպոսագետներ, էլ ժամանակակից անցուդարձը էպոսով բացատրելու ու էպոսում բանալիներ գտնելու բազում փորձեր, և սա ինքնին ուշագրավ է,
 
 
(բ) բացի էպոսից, նորօրյա Հայաստանում շատերն են ներկայի և ապագայի իրողությունները փնտրում անցյալում: Ամեն պատեհ-անպատեհ առիթով հիշում ենք Խորենացու Ողբը ու ևս մեկ անգամ արձանագրում, որ ոչինչ չի փոխվել ու չի փոխվի:
 
 
Ի՞նչն է ուշագրավ երկու դեպքում էլ: Այն, որ մենք կարծում ենք, թե կա հայի ինքնության ինչ-որ կոդ, որը մեկընդմիշտ ձևակերպվել է ինչ-որ տեղ միջնադարում ու հավերժ կրկնվում է: Պատահական չէ, որ մեր նոր պետականությունը անվանակոչելիս ու սահմանելիս մենք հենց այս նույն սկզբունքով ենք առաջնորդվել: Սա երևում է թե՛ ֆիզիկական, թե՛ մտավոր տարածքում: Օրինակ, Երևան քաղաքի կենտրոնական հատվածի վերանվանման ժամանակ անվանափոխության հանձանժողովի անդամներն  առաջնորդվել են Հայոց Ոսկեդարը վերականգնելու գաղափարով: Արդյունքում ունենք Մաշտոցին՝ Լենինի փոխարեն (վերահաստատում ենք թե մեր ժողովրդի իրական «հայրն» ով է), Խորենացուն՝ Մարքսի փոխարեն (եթե սոցիալիզմի գաղափարախոսության ձևակերպողը, «պատմիչը» Մարքսն է, ապա մերը՝ Խորենացին) և այլն: Այսպիսով, «կոդավորվել» է մի տարածք, որտեղ ակտիվ դեր ունեն մեր ինքնության հիմնական շինարարները: Եվ սա չի կարող չանդրադառնալ մեր պահվածքի, մտածողության, համեմատությունների ու հղումների վրա:
 
 
Վերադառնալով էպոսին՝ ասեմ, որ էպոսը ու հատկապես Փոքր Մհերի կերպարը շարունակ ներկա են մեր ազգային դիսկուրսում: Ամեն անգամ, երբ որևէ նշանակալի իրադարձություն է տեղի ունենում, հնչում է այն միտքը, թե Փոքր Մհերը դուրս է եկել: Կա մտայնություն, թե Փոքր Մհերը հայ ժողովրդի հավաքական կերպարն է, որն այս աշխարհի անարդարությունից նեղացած, փակվել է ինքն իր մեջ ու չի փորձում ոչինչ փոխել, մինչև «աշխարհք չավերվի, մեկ էլ շինվի, երբոր ցորեն չէղնի քանց մասուր մի, ու գարին չէղնի քանց ընկուզ մի»: Սա պասիվ-կրավորական կեցվածք է, և հենց սա է, որ Սասնա Ծռերը փորձեցին փոխել իրենց քայլով: Այսինքն՝ պետք չի սպասել, որ ինչ-որ մեկը քո փոխարեն ինչ-որ բան կփոխի, դու ինքդ պետք է փոխես: Սա հնարավորություն է միֆա-պոետիկ թմբիրից դուրս գալու և քաղաքացի դառնալու:  Ցիկլը փոխելու միակ ձևն այդ ցիկլը ճեղքելն է:
 
 
Եթե սկսեմ էպոսի ու էս օրերի իրադարձությունների միջև զուգահեռներ տանել, ապա ինքս կընկնեմ այն թակարդը, որի մասին խոսում էի. կվերադառնամ ցիկլիկ մտածողության դաշտ: Կարծում եմ` պետք է ոչ թե կապեր փնտրել էպոսի ու այս օրերի իրադարձությունների միջև, այլ մտածել, թե ինչ հնարավորություն են ընձեռել այս իրադարձությունները՝ էպիկ մտածողության դաշտից դուրս գալու, ցիկլը կոտրելու համար: Սա է իրադարձությունների հիմնական կարևորությունը:
 
 
 
Ի՞նչ ունենք հիմա: Եթե խոսեմ էպոսի լեզվով, ապա Մհերը զարթնեց, հետո էլի նեղացավ, գնաց-հանձնվեց ու ինքնակամ բանտարկվեց՝ ներկայացնելով իր պահանջներն ու ամեն բան թողնելով ժողովրդի վրա, որ ժողովուրդը վերականգնի արդարությունը, աշխարհն ավերի ու նորից շինի: Այսինքն՝ տղերքն իրենց վրա վերցրին Մհերի դերը, որ ժողովուրդը դադարի Մհեր լինելուց: Ըստ իս՝ սա Մհերի Դուռը վերաձևակերպելու, ապակառուցելու լավագույն առիթն է: Քաղաքացի դառնալու լավագույն առիթն է: Ու սա իսկապես կարող է դառանալ մտածողության հեղափոխություն, անկախ այն բանից՝ ժողովուրդը հետամուտ կլինի Սասնա Ծռերի ներկայացրած պահնջների իրականացմանը, թե ինքը նոր պահանջներ կձևակերպի ու նոր ուղիներ կփնտրի:
 
 
Վերջին օրերին խոսվեց «ապագաղութացման անհրաժեշտության»մասին: Այս ապստամբությունը ապագաղութացման համա՞ր էր:Հանրության մոտ մտածողության առումով այն, ըստ Ձեզ, ի՞նչփոխեց:
 
Դու կարող ես: Սա է ուղերձը: Ուրիշը քո փոխարեն քո աշխարհը չի շինելու: Դու ես քո երկրի տերը, դու պետք է այն շինես: Քանդի՛ր Մհերի դուռը ու կառուցիր նորը: Փակուղի չկա, ու դուռը ինչպես մուտք, այնպես էլ ելք է ենթադրում: Դռնից հետո պարտադիր չի, որ մութ ու փակ քարանձավ լինի, ինչպիսին մենք պատկերացնում ենք Մհերի Դուռը: Դուռը կարող է և պետք է տանի դեպի լուսավոր, բաց ու ազատ տարածություն: Ցիկլից դուրս գալու միակ ելքը Մհերի դուռն ապակառուցելն է:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ