Այս անգամ ադրբեջանցիները մի քիչ շատ փող են տվել Ժիրինովսկուն, դրա համար թքած ունի Հայաստանի վրա. Քաղաքական գործիչներ


Այս անգամ ադրբեջանցիները մի քիչ շատ փող են տվել Ժիրինովսկուն, դրա համար թքած ունի Հայաստանի վրա. Քաղաքական գործիչներ

  • 04-08-2016 17:16:13   | Հայաստան  |  Հարցազրույցներ

 
 Ըստ քաղաքական գործիչների՝ այս անգամ ադրբեջանցիները մի քիչ շատ փող են տվել Ժիրինովսկուն, դրա համար թքած ունի Հայաստանի վրա:
 
Ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին Life հրատարակությանը տված հարցազրույցում ասել էր. «Թքած Հայաստանի վրա: Փոքր երկիր, լեռնային, սեղմված լեռների, Ադրբեջանի եւ Թուրքիայի արանքում, ոչ մի հեռանկար, ոչ մի տնտեսություն: Այնտեղ արդեն ընդամենը 1 միլիոն հայ է մնացել… Բոլորը փախել են: Այնտեղ ապրելու տեղ չկա՝ սարեր են»: Նա ասել էր, թե ռուսական ռազմաբազան կվերցնեն, իրենց ոտքերը կընկնենք՝ բազան վերադարձնելու համար. «Այդ բազան նրանց փրկությունն է, այլապես նրանց երկու կողմից կջնջեն թուրքերն ու ադրբեջանցիները: Այդ պատճառով Հայաստանի համար անհանգստանալ պետք չէ: Նրանք երբեք մեզանից չեն հրաժարվի, քանի որ այդ դեպքում նրանց վերջը կգա»:
 
Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասաց. «Շատ ուրախ եմ, որ պաշտոնական Մոսկվան Ժիրինովսկու պես չի մտածում»: Մեր հարցին՝ համոզվա՞ծ եք դրանում, որ այդպես չի մտածում, նա պատասխանեց. «Եթե այդպես մտածի, պաշտոնական Մոսկվան տանուլ կտա շատ ու շատ խաղեր: Մենք տեսնում ենք, որ Կրեմլը փորձում է ամենաբարդ աշխարհաքաղաքական իրավիճակներում ցուցաբերել ճկունություն, զսպվածություն, փորձում է քիչ թե շատ իր աշխարհաքաղաքական հետաքրքրությունները չվնասելով առաջ գնալ՝ մի տեղ զիջելով, մի տեղ լռելով, ինչ-որ մի բան կուլ տալով, ինչ-որ մի տեղ ատամ ցույց տալով: Պաշտոնական Մոսկվան փորձում է մանեւրել: Նա երբեւէ կտրուկ որեւէ արտահայտություն որեւէ իր ընդդիմախոսի նկատմամբ, էլ չեմ ասում՝ ռազմավարական գործընկերոջ նկատմամբ, չի արել: Ինքը շատ լավ հասկանում է, որ ինքը այն իրավիճակում չի, որ փորձի աջուձախ թելադրել: Նույն Ժիրինովսկին պետք է մի բան շատ պարզ հասկանա՝ Հարավային Կովկասում ՌԴ-ն ՀՀ-ից բացի ուրիշ գործընկեր, դաշնակից չունի: Միայն ՀՀ-ի հետ է, որ ՌԴ-ի շահերը համընկնում են: Մեզ ՌԴ-ն պետք է, որ կարողանանք դիմագրավել Արեւմուտքից հնարավոր սպառնալիքին, որը վտանգում է ՌԴ-ի ներկայությունը Կովկասում: Ժիրինովսկին այդքանը պետք է հասկանա: Մյուս կողմից՝ մենք ՌԴ-ին պետք ենք, որովհետեւ առանց ՀՀ-ի հետ դաշնակցային հարաբերությունների, ՌԴ-ն մինչեւ Պարսից ծոց իր ռազմավարական հետաքրքրություններն իրականացնելու որեւէ հնարավորություն չունի: Եթե չլինի ՀՀ-ի հետ իր ռազմավարական դաշնակցությունը, ՌԴ-ի ռազմավարական հետաքրքրությունների սահմանը կանցնի Հյուսիսային Կովկասով: Այդքան բանը, կարծում եմ, Ժիրինովսկին հասկանում է, այլ բան է, որ չի ուզում դա ցույց տալ, ինչպես շատերը»:
 
Հարցին՝ Ժիրինովսկու կարծիքը գերիշխող չէ՞ ՌԴ-ում, որ մենք նրանց ձեռքում ենք, որ մենք նրանցից երբեք չենք հրաժարվի, Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Այդպես մտածողներ, անշուշտ, կան: Ընդ որում, նաեւ ՌԴ վերնախավում մեր շատ հարազատ, շատ բարեկամ մարդկանց մեջ կան: Մեր մեջ էլ կան մարդիկ, որոնք նպաստում են նման մտածելակերպի ձեւավորմանը: Սա իրողություն է: Բայց իրողությունն այն է, որ ՌԴ-ն մեզ է պետք, մենք՝ ՌԴ-ին»:
 
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի կարծիքով՝ «Ժիրինովսկին դրանից առաջ արդեն իրեն ներկայացրել էր որպես արժեզուրկ անհատ: Նա ռուսական իմպերիալիզմի ցայտուն ներկայացուցիչներից մեկն է: Բավականին տարածված է, որ Պուտինը որոշ տեսակետներ փորձարկում է Ժիրինովսկու միջոցով: Բայց դրանից անկախ՝ Ժիրինովսկին ռուսական պառլամենտի անդամ է, ռուս քաղաքական գործիչ. եթե նա ասում է մի բան, որի հակադարձումը մենք նույն մակարդակով չենք լսում կամ նրան զսպումը, դա նշանակում է, որ սա ռուսական քաղաքականությունն է: Հայաստանն իրենց պետք է որպես ֆորպոստ: Իրենց դրածոների, գործակալների միջոցով Հայաստանն առանց հայերի ծրագիրն են իրականացնում: Նրանք հայերին քաղաքակիրթ ձեւով սպանում են, ոչ թե Ադրբեջանի, Թուրքիայի նման, անհատակա՛ն են սպանում: Ես երբ մարդու իրավունքների հանձնաժողովն էի գլխավորում, փաստաթուղթ պահանջեցի ներքին գործոց նախարարությունից, թե տարեկան ինչքան հոգի է բռնի մահով սպանված բերվում Հայաստան: 98-2000-ին ամեն տարի 1000 հոգի սպանված մարդ էին բերում:
 
Օրերս էլ ԱԻՄ-ական Գագիկ Սարուխանյանի քրոջ որդին է ՌԴ գնացել գործով, հյուրանոցի 6-րդ հարկից ընկել էր ցած: Սա էլ նոր բան է: ՌԴ-ի հայերը ապրում են դժոխքում, այն էլ՝ այս օրերին»: Ինչ վերաբերում է Ժիրինովսկու հեգնանքին, որ ՀՀ-ում մնացել է 1 մլն հայ՝ Հայրիկյանն արձագանքեց. «Լավ է չի ասում՝ մեր ջանքերով: Եթե ազնիվ լիներ, էդ էլ պիտի ասեր, էլի: Փորձում է վախեցնել հայերին»:
 
Հարցին՝ ՌԴ վերնախավը կիսո՞ւմ է Ժիրինովսկու մոտեցումը, եւ հայկական կողմից չպե՞տք է համարժեք արձագանք լիներ, երբ մեզ այսպես նվաստի տեղ են դնում, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Սա հենց ռուսական վերնախավի պատկերացումն է Հայաստանի մասին։ Նրանք Հայաստանը պատկերացնում են որպես իրենց ֆորպոստ, որպես ամուր պարաններուվ իրենց շոգեքարշին կապված մի երկիր, որի նկատմամբ իրենք կարող են կամայական վերաբերմունք ցուցադրել։ Ցավոք, դրա գլխավոր պատճառը մեր իշխանությունների վարած քաղաքականությունն է։ Մերոնք տարիներ շարունակ չեն կարողացել իրենց պատկերացումներում դուրս դնել Հայաստանը ռուսական ազդեցության դաշտից։ Անկախ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում չկարողացավ ու չի կարողանում իրեն իրոք անկախ զգալ։ Այս առումով Ժիրինովսկու հայտարարությունները կարող է եւ վիրավորական են, բայց զարմանալի չեն»:
 
Թեւան Պողոսյանի խոսքերով՝ Ժիրինովսկին անընդհատ «շուռ է գալիս». «Մեկ ասում է, որ Թուրքիային է պետք գնդակահարել, մեկ՝ սա: Ասում են՝ Կրեմլի խոսափողն է, գաղափարներն է փորձարկում: Մենք պետք է գիտակցենք, որ ունենք սեփական շահերը, որոնք միշտ չէ, որ ռուսական շահերի հետ բռնում են: Ժիրինովսկին չլինի, մի հատ ուրիշ Միրինովսկի կլինի, որ նմանատիպ հայտարարություններ կանի: Գերտերությունները սեփական շահով առաջնորդվելով՝ մեկ մեխին են խփում, մեկ՝ նալին: Մենք պետք է այնպիսի քաղաքականություն վարենք, որ տեղի-անտեղի երբեւէ ունակ չլինեն արհամարհել հայկական շահերը: ՌԴ որոշում կայացնողները պետք է հասկանան մի բան՝ արհամարհելով հայկական շահերը՝ ՌԴ-ն չի կարողանալու այս տարածաշրջանում իր շահերը առաջ տանել: Ինձ համար զարմանալի չէ Ժիրինովսկու՝ տարվա ամեն եղանակի հետ մտքերի փոփոխությունները: Չգիտեմ, կարող է այս անգամ ադրբեջանցիները մի քիչ շատ փող են տվել Ժիրինովսկուն՝ այդպես է ասում, մյուս անգամ քիչ կտան՝ այլ բան կասի:
Եկեք մենք մեր տան հարցերը լուծենք, մեր տունն ամրացնենք, որ մեր շահերը չարհամարհեն»: 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ