Պուտինը բացում է փակագծերը…


Պուտինը բացում է փակագծերը…

  • 08-08-2016 09:28:42   | Հայաստան  |  Վերլուծություն

Դավիթ ԲԱԲԱՆՈՎԸ lurer.com-ում հրապարակված իր վերլուծականում գրում է․
"Բոլորին է հայտնի այն իրողությունը, որ ներկայումս Հայաստանն ամենևին էլ իր պատմության ամենադյուրին փուլում չէ, որ գտնվում է: Հատկապես ապրիլյան պատերազմից հետո ի հայտ եկած խնդիրներն եկան ապացուցելու, որ բոլոր այն ամպագոռգոռ հայտարարությունները, թե Հայաստանը, շնորհիվ իր վարած ներքին ու արտաքին քաղաքականության, կարողանում է հաջողությամբ դիմակայել իրեն նետված ցանկացած մարտահրավերի, սին դուրս եկան, չարդարացված' «ջրի երես» դուրս բերելով իրողություններ, որոնց մասին նախկինում փորձում էին լռել:
 
Անկասկած, ամենամեծ գերխնդիրը, որ վերջին տասնամյակի ժամանակային կտրվածքով ծառացել է Հայաստանի հանրապետության առջև, արցախյան հարցն է, որ սպառնում է լակմուսի թուղթ դառնալ մեր ողջ պետականության համար: Մենք, որ սովորություն ունենք' մեր խնդիրների արմատը փնտրելու մեզանից դուրս ու սեփական սայթաքումների բուն պատճառ համարելու այս կամ այն պետությանը'լինի դաշնակից, թե' մրցակից, հաճախ մոռացության ենք տալիս այն պարզ ճշմարտությունը,որ օտարներից հարգանք ու համապատասխան վերաբերմունք կարելի է ակնկալել միայն այն պարագայում, երբ դու քո կեցվածքով ու սեփական երկրի հանդեպ դրսևորած սրտացավ վերաբերմունքով ապացուցում ես աշխարհին' արժանի ես հարգանքի, արժանի ես այն վերաբերմունքին, որ ակնկալում ես ստանալ դիմացինից: Ցավո'ք, պետք է նշենք, որ սա հենց այն է, ինչում մենք, մեղմ ասած, այնքան էլ չենք հաջողել:
 
Պարզվում է' օրերս կայացած ՌԴ Անվտանգության խորհուրդը' նախագահ Պուտինի գլխավորությամբ, մանրակրկիտ քննության առարկա է դարձրել Անդրկովկասում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը' ուշադրությունը կենտրոնացնելով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վրա: Պետք է նշենք, որ, ի ուրախություն մեզ, ռուսները միակարծիք են եղել մեկ բանում, որ ապրիլյան վերջին իրադարձությունները եղել են հրահրված անմիջապես Թուրքիայի կողմից' նպատակ ունենալով ներքաշել Ռուսաստանին հակամարտության մեջ ու բացել անդրկովկասյան ճակատ, ինչը նշանակում է, որ ռուսները շատ լավ գիտակցում են' ով ով է և որ Ալիևն ընդամենն Էրդողանի խամաճիկն է Անդրկովկասում:
 
Բայց այս ողջ պատմության մեջ ամենահետաքրրականն այն է, որ Պուտինը, ըստ էության, չկարողանալով զսպել էմոցիաները, առավել նեղ շրջանակում հայտարարել է, որ Մոսկվան խիստ անհանգստացած է հայաստանյան իշխանությունների վերաբերմունքից' հանդեպ սեփական երկրի: Պուտինը Հայաստանի ներկայիս վիճակի բուն մեղավոր համարել է բարձրագույն իշխանությանը, որ ընկած նյութական բարիքների հետևից, փոխարենը ֆինանսական միջոցներ հայթայթելու' զինելու համար հայկական բանակն, իր ողջ հույսը դրել է Մոսկվայի վրա ու ակնկալում է ռուսներից բաներ, որոնք, պայմանավորված միանգամայն օբյեկտիվ գործոններով, ներկայիս աշխարհաքաղաքական կոնյուկտուրայի պայմաններում Ռուսաստանն իրեն չի կարող թույլ տալ. չի կարող հանդես գալ բացահայտ պրոհայկական դիրքերից, քանի որ այդ կերպ կարող է Բաքվին ստիպել' ընկնելու Արևմուտքի գիրկն ու դառնալ մի նոր Վրաստան: Այսպիսով՝ Պուտինը հասկացրել է, որ Անդրկովկասում խաղաղության գլխավոր գրավականը հայկական բանակի մարտունակությունն է, որը, սակայն, բացառապես պայմանավորված սուբյեկտիվ գործոններով, ներկայումս վտանգված է:
 
Անկախ այն բանից, թե ով ինչ կարծիք կարող է ունենալ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ, անկախ այն բանից, թե ով ինչ է մտածում Մոսկվայի վարած անդրկովկասյան քաղաքականության մասին, օբյեկտիվ լինելու համար պետք է խոստովանել' դժվար է չհամաձայնել ՌԴ նախագահի հետ: Տարված բացառապես անձնական ունեցվածք կուտակելու մոլուցքով' շատերը մոռացել են այն մասին, որ Հայաստանի գոյության թիվ մեկ առհավատչյան հենց մենք ենք' հայաստանցիներս, և որ դրսում ոչ մեկը չի պատրաստվում ավելորդ բեռ վերցնել իր վրա ու ի վնաս սեփական երկրի' ձրիաբար ու անվերադարձ մեզ լավություն անել:
 
Ինչո՞ւ պետք է Պուտինը սեփական գրպանից վճարի այն զենքի համար,որ կոչված է լինելու' Հայաստանի անվտանգույունը երաշխավորելու, ինչո՞ւ պետք է ասենք կոռումպացված հայ չինովնիկների սխալների ու ամենաթողության պատճառով ՌԴ քաղաքացին սեփական գրպանից վճարի արցախցու անվտանգության համար: Եթե մենք լինեինք ռուսների տեղն՝ ինչպե՞ս կվարվեինք, երբևիցե հարցրե՞լ ենք ինքներս մեզ…
 
Անվիճելի է' քանի դեռ չենք սթափվել, քանի դեռ չենք ստիպել թալանչիներին հաշիվ տալ այն բոլոր հանցանքների համար, որոնց պատճառով Հայաստանը ներկայումս այս օրին է հասել, մեզ լավ բան չի սպասվում: Կներե՛ք, բայց Պուտինի փոխարեն ով էլ լիներ, սրանից լավ վերաբերմունքի մեզ չէր արժանացնելու, գլխին չէր դնելու, ման չէր տալու. եթե դու չես հարգում ինքնդ քեզ, իրավունք չունես' հարգանք պահանջելու դիմացինից. վե՛րջ":
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play