Ո՞վ է հիշում «Սասնա ծռերի» կարեւոր հայտարարությունը բանտ գնալուց առաջ


Ո՞վ է հիշում «Սասնա ծռերի» կարեւոր հայտարարությունը բանտ գնալուց առաջ

  • 08-08-2016 18:16:18   | Հայաստան  |  Վերլուծություն
Հուլիսի 31-ի հանգուցալուծումից հետո, երբ Երեւանի ՊՊԾ գունդը գրաված սասնա ծռերի ջոկատը վայր դրեց զենքը, հայտարարելով, թե անում է դա հայրենակիցների արյուն չհեղելու համար, Երեւանի Ազատության հրապարակում շարունակվում են հավաքները, ելույթները, Սասնա ծռերի անունով երդումները:
 
Դրան զուգահեռ, Հայաստանի քաղաքական կյանքն էլ վերադառնում է իր սովորական հուն, ինչի մասին վկայում են քաղաքական հայտարարությունները եւ ինչի մեկնարկն էլ փաստացի տվեց Սերժ Սարգսյանն օգոստոսի 1-ի ելույթով:
Փաստացի, հուլիսի 31-ից ավելի քան մեկ շաբաթ անց, որոշակի վերաձեւակերպելով հայտնի մարդու հայտնի հայտարարությունը, կարող ենք հարցնել՝ «ո՞վ է հիմա հիշում Սասնա ծռերի կարեւոր հայտարարությունը»:
 
Իսկ այդ հայտարարությունը հնչեց հուլիսի 29-ին, երբ Սասնա ծռերից Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ իրենք զինված ապստամբությամբ սկսել են շարժում ապագաղութացման համար, Հայաստանը Ռուսաստանի գաղութի վերածում թույլ չտալու համար: Դա, հուլիսի 17-ին տեղի ունեցածից հետո թերեւս առաջին հստակ, կոնկրետ քաղաքական հայտարարությունն էր, որ արել էր խումբը: Թե ինչու միայն 12-րդ օրը, դժվար է ասել: Հավանաբար խմբի անդամները դա կբացատրեն դատավարության ընթացքում, երբ կունենա ելույթների հնարավորություն: Բայց, փաստ է, որ դա 12 օր անց դա թերեւս միակ հստակ, առարկայական, նպատակի եւ իմաստի ձեւակերպմամբ քաղաքական հայտարարությունն էր՝ անկախ, թե ով ինչպես է վերաբերում այդ հայտարարությանը, թե ով է համաձայն խնդրի այդօրինակ ձեւակերպմանը:
Հուլիսի 31-ից անցել է ավելի քան մեկ շաբաթ, սասնա ծռերը զենքը վայր են դրել ու բանտում են, իսկ «ո՞վ է հիշում, թե ինչ էին ասել» Սասնա ծռերը բանտ գնալուց առաջ:
 
Ազատության հրապարակում, օրինակ, տեղի են ունենում ամառվա ուժով համառ պարբերականությամբ հավաքներ, որոնց սցենարը կարծես թե գրված լինի «հին կտակարանում»: Ինչպես Մովսեսն էր եգիպտական գերությունից ազատված իր ժողովրդին 40 տարի ման ածում անապատում՝ հաճկատարությունն ու ստրկամտությունը սերունդների միջից հանելու համար, այդպես էլ կարծես թե Հայաստանի որոշ «մովսեսներ» որոշել են Ազատության հրապարակում ժողովրդին «40 տարի ման ածել», բայց ոչ թե ազատագրելու, այլ հակառակը՝ ապագաղութացման թեման ժողովրդի միջից հանելու համար, ընդ որում՝ Սասնա ծռերի անունից հանելու համար: Որովհետեւ հրապարակի հարթակից հնչում է փաստացի ինչ ասես, ինչ տոնով, ոճով, պաթոսով ասես, ինչ երդում, պատառ ու լեղապատառ ասես, բացի ամենակարեւորից ու հստակից, որ ասվել ու ձեւակերպվել է հուլիսի 29-ին՝ ապագաղութացում:
 
Ի վերջո, այդ խնդիրն էլ Հայաստանի քաղաքական համակարգի «հին կտակարանն» է, ընդդեմ հուլիսի 29-ին փորձ արված «նոր կտակարանի»:
 
Ազատության հրապարակից դուրս, ընդհատակյա հարցազրույց է տալիս ՀԽ առաջնորդները, բանտից գրում են նամակներ, տեղի ունեցածի վերաբերյալ պարզաբանումներ են տալիս քաղաքական ուժերը, խոսում են, գնահատում, մեկնաբանում՝ այդ ամենը Սասնա ծռերի գործողության շուրջ, բայց՝ գործողության, ոչ թե դրա հուլիսի 29-ին թեկուզ ուշացումով, բայց հստակ ձեւակերպված նպատակի եւ իմաստի շուրջ:
Քաղաքական անցուդարձում ձեւակերպվում են այլ նպատակներ ու իմաստներ՝ ծռերի գործողության, թերեւս ձեւակերպվածը հնարավորինս արագ նենգափոխելու եւ օրակարգից հանելու համար:
Իշխանությունն էլ իր լուման բերեց օրակարգը «մաքրելու» գործում, առաջ քաշելով ազգային համաձայնության կառավարության գաղափարը: Դրա շուրջ կվիճեն, կբանավիճեն, կլինեն կողմ, դեմ, ձեռնպահ: Ի վերջո գաղափարը դաշտ է բերվել հենց դրա համար:
 
Փաստացի, վերջին դրամատիկ իրադարձությունները Հայաստանի քաղաքական դաշտ են բերել երկու գաղափար՝ ապագաղութացում եւ ազգային համաձայնության կառավարություն: Խոշոր հաշվով, դրանք միմյանց չբացառող գաղափարներ են: Ավելին, նույնիսկ փոխլրացնող: Բայց, ամեն ինչ կախված է իհարկե առաջնահերթությունների խնդիրների ձեւակերպումից: Ըստ այդմ, ազգային համաձայնության կառավարությունը կարող է լինել ապագաղութացման շարժման գործիք, միջոց, կամ էլ հակառակը՝ ապագաղութացման գաղափարը լղոզելու տարբերակ: Առայժմ, ազգային համաձայնության գաղափարը ծառայում է հենց երկրորդ նպատակին եւ Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակող մի շարք ակտեր՝ սկսած սեպտեմբերի 3-ից, Գազպրոմի հետ պայմանագրից, համատեղ ՀՕՊ-ից, կայացվում են գործնականում հենց ազգային համաձայնությամբ՝ եզակի բացառություններով: Դա Հայաստանի քաղաքական կյանքի «հին կտակարանն» է: Նորը, համենայն դեպս արդեն ավելի քան մեկ շաբաթ, դեռեւս ոչ ոք չի հիշում:
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play