Փաշինյանի ծրագրերը եւ նրա «ռասկրուտկայի» տեխնոլոգիան


Փաշինյանի ծրագրերը եւ նրա «ռասկրուտկայի» տեխնոլոգիան

  • 08-08-2016 18:36:49   | Հայաստան  |  Վերլուծություն
ilur.am.Օրերս ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Չմտնել սահմանադրական ծուղակի մեջ» անվամբ ծավալուն հոդված է հրապարակել «Հայկական Ժամանակ» թերթում, եւ այդ հապարակումն էլ հավելել Ազատություն ռադիոկայանին տրված հարցազրույցով՝ նույն թեմայի շուրջ:
 
Պետք է շնորհավորենք հեղինակին. դժվար է նույնիսկ հիշել, թե ե՛րբ է վերջին անգամ որեւէ հրապարակում այդքան լայնորեն տարածվել համացանցային եւ տպագիր մամուլով (չեմ հետեւել հեռուստատեսությանը): Առավոտ, 1in.am, 168 ժամ, Ա1պլյուս, Մամուլ.ամ, Պոլիտիկ.ամ, Երեւաննյուս՝ ահա ոչ ամբողջական ցանկը կայքերի, որոնք կարեւոր են համարել տարածել պատգամավորի կարծիքը: Շնորհիվ պարոն Փաշինյանի՝ մենք իմացանք նաեւ հայ-կարոտ.ամ եւ կրոլիկ.կո կայքերի գոյության մասին: Իհարկե, ոչինչ չենք ակնարկում: Վստահորեն կարելի է պնդել, որ Փաշինյանի հոդվածին հակառակ տրամաբանությամբ գրված հրապարակումները նույն ջանասիրությամբ կարտատպվեն նույն մամուլի կողմից՝ հանուն հարցի համակողմանի եւ անաչառ ներկայացման: Ընդհանրապես՝ գովելի է մեր մամուլի վերաբերմունքի փոփոխությունը պարոն Փաշինյանի նկատմամբ վերջին տարիների ընթացքում: Օրինակ, երբ նա հալածվում էր իշխանության կողմից՝ ընդհատակում էր, բանտարկյալ էր եւ այլն, նրա որեւէ հրապարակում չէր տարածվում ՀԱԿ-ին համակրող մամուլի շատ նեղ շրջանակներից դուրս, իսկ շատերը նրա անունն իսկ լսելուց կորցնում էին ինքնատիրապետումը: Գովելի է, որ այժմ վերաբերմունքը փոխվել է, եւ մարդիկ, համարձակորեն եւ անկաշկանդորեն, հաղթահարելով վախի մթնոլորտը, տիրաժավորում են Նիկոլի տեսակետները: Ինչպես ասում էր ինքը Փաշինյանը՝ երկրում տեղի է ունեցել բե՛կում:
 
Ճիշտը եւ սխալը
 
Միանգամից ասեմ, որ հոդվածում կան մի քանի տեսականորեն ճիշտ, ուշադրության արժանի դրույթներ, սակայն հրապարակումը՝ որպես ամբողջություն, ոչ միայն լի է հակասություններով եւ տրամաբանական թերիներով, այլեւ հենց կառուցված է դրանց շուրջ: Սկսենք տեսականորեն ճիշտ մի քանի դրույթներից: Այսպես, հեղինակը սխալ չէ, երբ շեշտում է սահմանադրական փոփոխությունների դեմ լայն դիմադրության կազմակերպման դժվարությունները՝ հաշվի առնելով այսօր ընդդիմադիր դաշտի մասնատվածությունը, ռեսուրսային խնդիրները եւ այլն: Իրոք, խնդիրն այսօր բարդ է գուցե ավելի, քան երբեւէ վերջին տարիների ընթացքում, եւ վերջին բանը, որ կարող է նպաստել դիմադրության կազմակերպությանը՝ «ռեժիմը խուճապի մեջ է» տիպի մտայնությունն է: Դա, սակայն, չի կարող նշանակել, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը չպետք է փորձեն անել հնարավոր ամեն ինչ՝ դժվարությունները հաղթահարելով՝ կազմակերպել լայն հասարակական դիմադրություն, թեկուզ՝ որովհետեւ այլապես կորչում է նրանց քաղաքական ուժ լինելու իմաստը. քաղաքական ուժը, որը չի գործում ներկայում, չի կարող համարվել այդպիսին՝ քաղաքականությունը այսօր ու այստեղ կատարվող գործն է, այլ ոչ թե ընկերական շփում կամ վերլուծական ակումբ: Ժողովրդին հիասթափեցնելու պատճառաբանությունն էլ կեղծ է, որովետեւ անգործությունն է՛լ ավելի հիասթափեցնող է:
 
Ճիշտ է նաեւ հոդվածագրի այն դրույթը, որ ընդդիմության լուրջ խնդիրներից են՝ բավականաչափ կառույցներ չունենալը մարզերում, վստահված անձերի պակասը եւ այլն, բայց դա էլ, մեծ հաշվով ոչ թե հասարակության, այլ քաղաքական ուժերի խնդիրն է՝ ուժերի միավորման դեպքում այդ հարցերն ինչ-որ չափով հնարավոր է լուծել, իսկ եթե ընդդիմադիր քաղաքական ուժերը պատրաստ չեն միավորվել ընդդեմ իշխանության այս պահի թիվ մեկ ծրագրի, ուրեմն՝ կեղծ օրակարգը ոչ թե սահմանադրական փոփոխություններին դիմադրություն կազմակերպելն է, այլ հենց ընդդիմադիր քաղաքական ուժ լինելն է:
 
Երեք դրույթ՝ երեք հակասություն
 
Այս ամենը, սակայն, մանրամասնություններ են: Խնդիրն ավելի լավ պատկերացնելու համար պետք է վերլուծենք ոչ թե դրանք, այլ Փաշինյանի հրապարակումը՝ որպես ամբողջություն՝ վերհանելով դրա հիմնական, առանցքային, երկու-երեք նախադասությամբ ձեւակերպվող ասելիքը: Եվ այստեղ պետք է պարզենք, որ հոդվածը կառուցված է ներքին անլուծելի հակասությունների շուրջ եւ միասնական ասելիք, փաստորեն, չունի: Մանրամասները եւ հոդվածի ծավալը խանգարում են դա միանգամից որսալ, բայց իրականում ունենք ոչ թե միասնական տրամաբանության շուրջ կառուցված տեքստ, այլ մի քանի՝ իրար հակասող հատվածների արհեստական միակցում:
 
Եթե ի մի բերենք եւ համառոտ վերաշարադրենք Փաշինյանի հոդվածի բովանդակությունը, ապա կստանանք հետեւյալը. ա. Սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվել են Սերժ Սարգսյանի վերարտադրման եւ սովետականին մոտ միակուսակցական համակարգ ստեղծելու համար՝ այս հարցում հեղինակը համաձայն է մյուս ընդդիմադիր քննադատների հետ, բայց բ. Սերժն առանց սահմանադրականի էլ կարող է վերարտադրվել, հենց գործող սահմանադրությամբ, օրինակ, 2018-ին՝ զբաղեցնելով վարչապետի պաշտոնը: գ. Ավելին, սահմանադրական փոփոխությունների գործընթացը Սերժի «խորամանկ պլանն է»՝ ընդդիմության ուշադրությունը 2017-ից շեղելու համար: Սա է հոդվածի ողջ էական ասելիքը՝ մնացածը երկրորդական մանրամասներ են:
 
Անզեն աչքով իսկ երեւում է, որ այս հիմնական բովանդակությունը հյուսված է անլուծելի հակասությունների շուրջ: Օրինակ, ստացվում է, որ հեղինակը, փաստորեն, երկու՝ իրար հետ կապ չունեցող եւ իրար հակասող բացատրություն ունի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Մի կողմից՝ նա պնդում է, որ դրանց նպատակը Սերժի վերարտադրումն է, իսկ մյուս կողմից՝ ասում է, որ իրական նպատակը ընդդիմության ուշադրությունը շեղելն է: Բայց չի կարող միաժամանակ լինել ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը՝ պետք է ընտրել վարկածներից մեկը՝ կա՛մ Սերժի նպատակը լուրջ է, կա՛մ էլ եղածը պարզապես ուշադրության շեղմանն ուղղված «խորամանկ մանեւր է»: Անիմաստ է եւ զավեշտալի մտածել նաեւ, որ Սերժն, այսպես թե այնպես, ունի վերարտադրվելու հնարավորություն, բայց, չգիտես ինչու՝ վերարտադրվելու համար նախաձեռնել է սահմանադրական փոփոխությունների գործընթացը: Եթե մեկը մի բանի հնարավորություն ունի, ապա նա այդ հնարավորությունն իրացնում է, այլ ոչ թե հավելյալ գործընթաց նախաձեռնում՝ հնարավորություն ստեղծելու համար: Ունենք, հետեւաբար, երեք հիմնական դրույթ, եւ երեքն էլ իրար հակասում են՝ փաստացի երեք տարբեր, իրար չբռնող ասելիքներ են: Համոզվելու համար՝ ավելի մանրամասն քննենք հարցը:
 
Ոչ թե իշխանության, այլ անձամբ Սերժի վերարտադրություն
 
Նախ՝ ճշտենք Սերժ Սարգսյանի նպատակը: Այստեղ որոշակի շփոթ կա, որը նաեւ գիտակցաբար խորացվում է «անկախ» մամուլի կողմից: Ասում են, թե իշխանությունը Հայաստանում, այսպես թե այնպես, միշտ էլ վերարտադրվել է, ուրեմն՝ էլ ի՞նչ կարիք կա վերարտադրությանն ուղղված հատուկ նախաձեռնության՝ սահմանադրական փոփոխությունների: Այս եւ հարակից հարցերին առիթ ունեցել եմ անդրադառնալու (տե՛ս, օրինակ` սա , եւ՝ սա): Տվյալ դեպքում շեշտեմ առավել կարեւորը: Այո, իշխանությունը, որպես համակարգ՝ վերատադրվել է եւ այսօր էլ կարող է վերարտադրվել՝ առանց հատուկ գործընթացներ նախաձեռնելու, չնայած՝ այնպես չէ, որ դա եղել է առանց լուրջ խնդիրների եւ հարթ գործընթաց, ինչպես, ասենք, լինում է Միջին Ասիայում կամ Ադրբեջանում: Անտեսել այդ բարդությունը՝ նշանակում է կեղծել իրականությունը: Բայց հարցն այն է, որ նպատակ է դրված ոչ թե իշխանության՝ որպես համակարգի, այլ անձամբ Սերժ Սարգսյանի վերարտադրման: Իսկ դրանք լրիվ տարբեր բաներ են, եւ դրանց շփոթը կամ ինքնամոլորություն է, կամ հասարակությանը մոլորեցնելու փորձ:
 
Օրինակ, Ռոբերտ Քոչարյանից հետո իր օրոք գոյություն ունեցող իշխանական համակարգը վերարտադրվել է եւ պահպանել է իր էությունը (իհարկե, որոշ կարեւոր կամ անկարեւոր տարբերություններով), բայց անձամբ Քոչարյանը չի վերարտադրվել եւ աստիճանաբար զրկվել է իր ազդեցության լծակներից: Ավելին՝ համակարգը, որը Քոչարյանի նախագահության օրոք ենթարկվում եւ մեծարում էր իրեն, Սերժի օրոք, վերջինիս լռելյայն համաձայնությամբ, հակաքարոզչություն է իրականացնում իր նախկին «տիրոջ» դեմ: Իշխանության գալով որպես Քոչարյանի ժառանգորդ՝ Սարգսյանը հենց սկզբից վարեց Քոչարյանից առանձնանալու, նրան լծակներից զրկելու քաղաքականություն: Եվ սա ոչ թե պատահականություն է, այլ համակարգային տրամաբանություն: Օրինակ, ՍՍՀՄ օրոք էլ ամեն հաջորդ գլխավոր քարտուղար հաստատում էր իր իշխանությունը նախորդի հաշվին: Այսպես, Բրեժնեւի օրոք Խրուշչովի հուշերը կարդալու համար իսկ մարդկանց քրեական մեղադրանք էին ներկայացնում եւ ուղարկում աշխատանքային ճամբարներ: Նույնը եղել է այլ բռնապետական համակարգերում: Սերժն արժանանալու է նույն ճակատագրին իր որեւէ պաշտոնական ժառանգորդի կողմից, նույնիսկ՝ եթե դա լինի իր փեսան կամ եղբայրը, եւ հենց դա էլ գիտակցելով՝ ՀՀԿ առաջնորդը չի ուզում իշխանությունը որեւէ մեկին փոխանցել:
 
Աշտարակով՝ Մոսկվա
 
Երկրորդ՝ կարող է թվալ, որ էական տարբերություն չկա, թե 2018-ից հետո Սերժը կմնա որպես փաստացի առաջնո՞րդ, թե՞ համակարգը կվերարտադրվի՝ փոխելով եւ դուրս մղելով իր առաջին դեմքին: Իրականում տարբերությունն էական է: Խոսքը ոչ թե սոսկ իշխանության վերարտադրության, այլ որակապես նոր՝ անկախ Հայաստանում դեռ չեղած իրավիճակի մասին է: Իշխանության հերթական հաղթանակի մասին չէ խոսքը, այլ փաստացի հեղաշրջման, լիովին նոր համակարգի կառուցման մասին է: Չխորանալով մանրամասների մեջ՝ միայն նշեմ, որ տարբերությունը մոտավորապես այնքան է, որքան այսօր տարբերվում է մեր համակարգը ալիեւյան Ադրբեջանից: Բացարձակ միանձնյա իշխանության պայմաններում ոչ թե նույն Փաշինյանի ասած «ինստիտուցիոնալ», այլ նույնիսկ «սովորական» ընդդիմությունը կարող է անհնար եւ անիմաստ դառնալ: Նույնը վերաբերում է մամուլի, խոսքի, հավաքների ազատությանը եւ այլն: Պարզապես նայենք հետսովետական ա՛յն երկների փաստացի քաղաքական համակարգերին, որտեղ արդեն հաստատվել է բացարձակ միանձնյա իշխանություն՝ առանց թեկուզ ներիշխանական սահմանափակումների, եւ կտեսնենք, որ տարբերությունն այսօրվա Հայաստանից էական է:
 
Երրորդ՝ ինչպես նշվեց, մեղմ ասած՝ տարօրինակ է այն կարծիքը, համաձայն որի՝ Սերժ Սարգսյանն այսպես թե այնպես հնարավորություն ունի իշխանությունը պահելու 2018-ից հետո, բայց դրա հետ մեկտեղ, հանուն իշխանությունը 2018-ից հետո պահելու՝ ձեռնարկում է սահմանադրական փոփոխությունների գործընթացը: Տեսականորեն, իհարկե, ամեն բան հնարավոր է, բայց մի բան հստակ է՝ եթե Սերժը նույնքան համոզված լիներ, որ 18-ից հետո նա կարող է պահպանել փաստացի իշխանություն՝ առանց որեւէ հատուկ ջանքի, ինչպիսին են սահմանադրական փոփոխությունները, որքան դրանում համոզված է Նիկոլ Փաշինյանը եւ այլ ընդդիմադիր համարվող կամ անկախ գործիչներ ու վելուծաբաններ, ապա, բնականաբար, նա չէր նախաձեռնելու դրանք: Ճիշտն ասած՝ սա այնքան պարզ է, որ նույնիսկ մի տեսակ ամոթ է դա հատուկ ապացուցել: Դժվարանում եմ նույնիսկ ասել, թե նման հակասական պնդում անելով՝ ո՞ւմ են ավելի շատ հիմարի տեղ դնում դրա հեղինակները՝ Սերժի՞ն (որը, համենայն դեպս, իր աձնական շահին վերաբերող հարցերում հիմար չէ), մեզ՝ ընթերցողների՞ս, թե՞ իրենք իրենց: Պատկերացնո՞ւմ ես, ստացվում է՝ Սերժը կարող է, առանց որեւէ խնդրի, պահպանել իշխանությունը 18-ից հետո, բայց այդքանով հանդերձ՝ ձեռնարկում է հավելյալ ռեսուրս, ջանք, տարբեր դաշտերում՝ ոչ միայն ընդդիմադիր, այլեւ ներիշխանական եւ արտաքին խնդիրներ առաջացնող, տարբեր խմբերի հետ համաձայնության գալու, հետեւաբար՝ զիջումներ անելու անհրաժեշտություն ենթադրող նախաձեռնություն՝ հանուն 18-ից հետո իշխանության մնալու: Ի՞նչ ասենք սրան՝ աջ ձեռքով ձախ ականջը քորե՞լ, Աշտարակով Մոսկվա գնա՞լ, տանկով ճնճղուկի որս անե՞լ, թե՞ մուրճով դաշնամուր նվագել: Համենայն դեպս՝ պարզ է, որ նման ենթադրությունը դուրս է ցանկացած տրամաբանությունից՝ քաղաքական, կենցաղային եւ նույնիսկ այլմոլորակային:
 
Խորամանկ պլանը եւ Փաշինյանի ներքին ձայնը
 
Չորրորդ՝ նախորդ կետով ինքնին ժխտվում է 18-ից հետո Սերժի՝ վարչապետ դառնալու հնարավորության դյուրին լինելը: Տեսականորեն, իհարկե, ՀՀԿ առաջնորդը կարող է ունենալ նման պահուստային ծրագիր, բայց տեսականորեն ունենալը չի նշանակում, որ դա հեշտ իրագործվելիք բան է: Բնական է, որ եթե ինքը Սարգսյանը հաշվարկեր, որ դա իշխանության մնալու ամենահեշտ տարբերակն է, ապա այդ ուղղությամբ էլ կկենտրոնացներ իր ջանքերը, այլ ոչ թե սահմանադրականն առաջ կտաներ: Ինչպես հիշում ենք, ըստ որոշ վերլուծությունների՝ ժամանակին այդպիսի ծրագիր՝ հար եւ նման Պուտինի ծրագրի, ունեցել է Քոչարյանը: Եթե իրոք ունեցել է, ապա, բոլորս էլ տեսանք, որ դա Հայաստանում չաշխատեց, եւ հենց Սերժ Սարգսյանն էլ ամեն բան արեց, որ իր նախորդի այդ ծրագիրը չիրականանա: Արդեն նշել ենք, որ նախագահական համակարգի պայմաններում, որքան էլ ուժեղ լինեն նաեւ վարչապետի դիրքերը, բայց Սարգսյանի ցանկացած ժառանգորդ ամեն բան անելու է՝ վիժեցնելու նախկին նախագահի՝ վարչապետ դառնալու փորձը: Կստացվի դա թե ոչ՝ այլ հարց է, բայց փաստն այն է, որ դա շատ ռիսկային տարբերակ է: Պնդել, որ ՀՀԿ-ն, որն, ի դեպ, բազմիցս ապացուցել է իր «ճկունությունը», հալած յուղի պես Սերժին վարչապետ կընտրի 18-ից հետո, իսկ նոր նախագահն էլ չի փորձի ամեն գնով խանգարել դրան՝ նշանակում է անտեսել ցայսօր եղած քաղաքական զարգացումների փորձը եւ՝ ընդհանրապես՝ քաղաքական զարգացումների տրամաբանությունը: Առնվազն զարմանալի է, որ Փաշինյանի նման փորձառու գործիչն ու խմբագիրը այդքան վստահորեն նման պնդում է անում:
 
Հինգերորդ՝ Սերժի խորամանկ պլանի վարկածի մասին: Իբր՝ նա այսպես թե այնպես կարող է վերարտադրվել, բայց հասարակության եւ ընդդիմադիր ուժերի ուշադրությունը 2017-ի ընտրություններից շեղելու համար գործի է դրել սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Արդեն նշեցինք, որ այս դրույթը խիստ հակասում է այն պնդմանը, թե Սարգսյանը նախաձեռնել է փոփոխությունները՝ հանուն իր անձնական իշխանության վերարտադրման: Նույն հեղինակը նույն նյութի մեջ չի կարող պնդել այս երկու վարկածները միաժամանակ, չի կարող ասել, թե այս ամենն ունի իրական նպատակ՝ մի կողմից, եւ այս ամենը խաղ է՝ մյուս կողմից: Բայց փաստն այն է, որ դա տեղի է ունեցել, եւ հեղինակին արժե կողմնորոշվել, թե՝ ի վերջո՝ ո՛ր վարկածի կողմնակիցն է նա:
 
Իսկ եթե «խորամանկ պլանի» մասին վարկածը վերցնենք ինքնին, առանց հաշվի առնելու դրա հակասական դիրքը Փաշինյանի հոդվածում, ապա չենք վարանի դա պարզապես մանկամտություն կոչել: Հեղինակը չի բերում իր առաջ քաշած թեզի որեւէ, նույնիսկ ձեւական հիմնավարում, այլ պարզապես պնդում է, որ ներքին համոզվածություն ունի, որ դա այդպես է: Սա ավելի շատ հիշեցնում է ներքին ձայնի մասին հայտնի անեկդոտը, քան լուրջ քաղաքական խոսք: Հիմնավորելու համար նման էքզոտիկ պնդումը՝ պետք են շատ ավելի լուրջ փաստարկներ, քան հղումը ներքին համոզվածությանը՝ պետք է բացատրվի ՀՀԿ առաջնորդի մոտիվացիան, նպատակը, հաշվարկը: Թե չէ նույն հաջողությամբ կարելի է պնդել, որ սահմանադրական փոփոխությունները կոչված են կապ հաստատելու այլմոլորակայինների հետ: Քանի դեռ չկան հիմնավորված այլ վարկածներ, ուժի մեջ մնում է միայն մեկ՝ սահմանադրական փոփոխությունների նպատակը Սարգսյանի անձնական իշխանության պահպանումն է 18-ից հետո՝ առայժմ միակ համակողմանիորեն հիմնավորված վարկածը:
 
Ինստիտուցիոնալ ընդդիմության նախադրյալները
 
Վեցերորդ՝ Փաշինյանը պնդում է, որ դիմադրությունը սահմանադրական փոփոխություններին անիմաստ է, քանի դեռ երկրում չկա ձեւավորված «ինստիտուցիոնալ ընդդիմություն», եւ նա իր առաքելությունը տեսնում է հենց այդպիսի ուժի ձեւավորման մեջ: «Ինստիտուցիոնալ» ընդդիմությունն ինքնին լավ բան է (ինստիտուցիոնալ բնորոշումն, ի դեպ, փոխառված է Տեր-Պետրոսյանի մի ելույթից, եթե չեմ սխալվում՝ 2013-ի աշնանը ՀԱԿ վարչության նիստում, ուր նա ասել էր, թե ի դեմս ՀԱԿ-ի՝ երկրում ձեւավորվել է ինստիտուցիոնալ ընդդիմություն): Բայց կան լուրջ խնդիրներ: Ուժեղ, գործունյա կառույցներով, ռեսուրսների տիրապետող, աշխատող թիմերով ընդդիմությունը որեւէ մեկի ցանկությամբ չի կարող ձեւավորվել, նույնիսկ՝ եթե այդ ցանկությունը շատ ուժեղ է եւ անկեղծ: Փաշինյանն ու իր համախոհները կարող են եւս տասը տարի աշխատել այդ ուղղությամբ, բայց հաջողության հասնելու համար, բացի նրանց անձնական որակներից ու ցանկությունից, անհրաժեշտ են, նախեւառաջ առարկայական պայմաններ: Ուժեղ ընդդիմությունը կարող է ձեւավորվել այնպիսի միջավայրում, ուր հասարակությունը բավականաչափ ուժեղ է՝ իշխանությունից անկախ գործունյա կառույցներ ձեւավորելու համար: Ուժեղ՝ տվյալ դեպքում նշանակում է՝ տիրապետել իշխանության կողմից չվերահսկվող այլեւայլ ռեսուրսների՝ մարդկային, գաղափարական, մտավոր, ֆինանսական, կառուցվածքային եւ այլն: Առանց այդ նախադրյալների՝ կարելի է անվերջ փորձել Արագածի գագաթին ձմերուկ աճեցնել՝ կանխատեսելի արդյունավետությամբ:
 
Խնդիրն այն է, որ Հայաստանում ոչ միայն չկան նման պայմաններ, այլեւ գնալով նվազում են նույնիսկ եղած հնարավորությունները: Մեր հասարակությունը ոչ թե ուժեղանում եւ անկախանում է իշխանությունից, այլ թուլանում եւ ավելի կախվածության մեջ ընկնում: Եթե կան հակառակ տվյալներ, հետաքրքիր կլիներ դրանց մասին լսել: Հենց հասարակության այս հետագա թուլացման արտահայտումն էլ Սարգսյանի ձգտումն է բացարձակ մենիշխանության: Նման ձգտումները պատահական, զուտ անձնական քմահաճույքով չեն ձեւավորվում, այլ դրսեւորումն են որոշակի առարկայական գործընթացների: Ավելին, եթե հաջողի անցկացնել սահմանադրական փոփոխությունների փաթեթը, ապա դա էլ, իր հերթին, նպաստելու է հասարակության եւ նրա անկախ ինստիտուտների հետագա թուլացման: Այս առումով Փաշինյանի եւ իր համախոհների ծրագիրը, ցավոք, ուտոպիստական է: Նրանք ասում են, թե այսօր դեռ չեն կարողացել ձեւավորել ինստիտուցիոնալ ընդդիմություն, բայց խնդիրն այն է, որ նրանք դա չեն կարողանալու ձեւավորել նաեւ ապագայում՝ նշված հիմնավորմամբ:
 
Հայաստանի տիպի երկրում միակ ելքը ոչ թե առանձին, թեկուզ եւ՝  շատ գաղափարական ու սկզբունքային քաղաքական ուժի ձեւավորումն է, այլ բոլոր եղած՝ քաղաքական, հասարակական ռեսուրսների համախմբումն է: Այս ճանապարհն ունի իր բազմաթիվ թերիները, ինչի ապացույցն են նաեւ վերջին մի քանի տարվա զարգացումները, բայց մերի նման թույլ հասարակության համար այլ ելք պատմական փորձը չի նախատեսել: Առանձին միավորներ ձեւավորելն ինքնին սխալ չէ, բայց միշտ պետք է հաշվի առնել, որ միայն առանձին միավորների սերտ համագործակցությամբ է հնարավոր Հայաստանում լուծել քիչ թե շատ լուրջ խնդիրներ, եթե դրանք ընդհանրապես կարելի է լուծել:
 
Հետգրության փոխարեն
 
Ողջամիտ ծավալի մեջ տեղավորվելու նպատակով բաց եմ թողնում շարադրանքից մի շարք կարեւոր հարցեր, օրինակ, 2017-ի ընտրությունների հարցը եւ այլն: Բայց մի բան վերջում ուզում եմ շեշտել: Ընդհանրապես՝ անհեթեթ է, երբ որեւէ քաղաքական ուժ կամ գործիչ հայտարարում է, թե ինքն այս պահին ի զորու չէ քաղաքական ակտիվ գործունեություն ծավալել, բայց շարունակում է համարել իրեն քաղաքական ուժ: Նման պայմաններում միակ ազնիվ դիրքը բացարձակ չեզոքություն պահելն է եւ քաղաքականությունից գոնե առժամանակ հեռանալու մասին հայտարարելը: Եթե այդ պայմանը չի պահվում, ապա պարզ է, որ անկախ քո նպատակներից եւ հիմնավորումներից՝ դու շարունակում ես մնալ խաղի մեջ, հետեւաբար եւ՝ նպաստում ես կողմերից մեկի դիրքերի ուժեղացմանը եւ մյուսի թուլացմանը: Սա քաղաքական աքսիոմ է, որը Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի: Բնականաբար՝ պարզ է նաեւ, թե ինչո՛ւ է նրա տեսակետն այսքան աշխուժորեն տարածվել անվանապես անկախ մամուլի կողմից: Ավելի քան թափանցիկ են մեզ համար նաեւ Փաշինյանի հոդվածի ենթատեքստում երեւացող նրա իրական քաղաքական ասելիքը, դիրքավորումն ու նպատակները: Բայց, անկեղծ ասած, բացարձակ ցանկություն չկա այդ հարցերի շուրջ ծավալվելու, քանի որ տվյալ դեպքում կարեւոր են ոչ թե Փաշինյանի ծրագրերը եւ նրա «ռասկրուտկայի» տեխնոլոգիան, այլ մարդիկ, որոնք կարող են ազդվել արտաքուստ որոշ կետերում համոզիչ թվացող, բայց ներքուստ հակասակական, չկապակցվող կտորներից կարկատած եւ իրական մտքերը քողարկող ելույթներից: Իսկ մնացածը բոլորս կտեսնենք իր ժամանակին:
 
Հրանտ Տեր-Աբրահամյան
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play