Կրեմլն այժմ Բաքվին սիրաշահելու համար բազմաթիվ գայթակղիչ խայծեր է գործի դնում. Արման Մելիքյան


Կրեմլն այժմ Բաքվին սիրաշահելու համար բազմաթիվ գայթակղիչ խայծեր է գործի դնում. Արման Մելիքյան

  • 08-08-2016 18:40:39   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի  զրուցակիցն է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը

 

Պարոն Մելիքյան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 8-ին կայցելի Բաքու, որից առաջ հայտարարել է, թե Մոսկվան չի փորձում Հայաստանին ու Ադրբեջանին «պատրաստի բաղադրատոմսեր» թելադրել: Սա նշանակում է, որ Մոսկվան հե՞տ է կանգնում «Լավրովի պլանի» իրագործումից: Ի՞նչ սպասենք նրա Բաքու այցից:

 

Առավել հավանական եմ համարում այն, որ Ալիև-Պուտին-Սարգսյան սանկտպետերբուրգյան հանդիպումից հետո ռուսական կողմն այժմ էլ Ադրբեջանից է առարկայական քայլեր ակնկալում՝ Մոսկվա-Բաքու-Թեհրան ռազմավարական առանցքի ձևավորմանն իր ակտիվ, երկիմաստությունից զուրկ մասնակցությունը գործով հավաստելու ուղղությամբ: Կրեմլն արդեն գործնականում ցույց է տվել Ալիևին, որ ունակ է վերահսկել հայկական կողմի գործողությունները և կարող է Հայաստանի ներկայիս իշխանություններին իրեն անհրաժեշտ քաղաքական պահվածքը թելադրել:

 

Այս համատեքստում է պետք դիտարկել ինչպես հայկական հակագրոհի կասեցումն ապրիլյան ռազմագործողության ժամանակ, այնպես էլ Արցախի պետական տարածքի մասը կազմող 800 հեկտար հայրենի հողը ետ վերադարձնելու քաղաքական նախապայմանից պաշտոնական Երևանի հրաժարվելու հանգամանքը: Այդ իսկ պատճառով, քանի դեռ Բաքուն հարցն իր համար նախընտրելի տարբերակով լուծելու համար պահանջվող գինը չի վճարել, չպետք է ակնկալի, որ Մոսկվան Սերժ Սարգսյանին կդրդի նոր զիջումների գնալ: Թերևս լուծումներ չպարտադրելու վերաբերյալ ռուսական այս թեզը նախազգուշացում է պարունակում Ալիևի համար, որի իմաստն այն է, որ ստացված «կանխավճարի» դիմաց նա պետք է պահանջվող ծառայությունների ողջ ծավալը մատուցի, իսկ հակառակ դեպքում նրա հանդեպ ցավալի պատժամիջոցներ կկիրառվեն:

 

ՌԴ նախագահը Բաքվից հետո օգոստոսի 9-ին հանդիպելու է Թուրքիայի նախագահ Էրդողանին, իսկ հաջորդ օրը՝ Սերժ Սարգսյանին: Ինչո՞վ եք բացատրում նման հանդիպումների շարքը: Արդյոք սա չի նշանակո՞ւմ, որ Մոսկվան Թուրքիային որոշակի առումով փորձում է ներգրավել ԼՂ բանակցություններում:

 

Ռուսաստանի կողմից Թուրքիայի ներգրավումը արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում գրեթե բացառում եմ: Կրեմլի նպատակն այն է, որ պաշտոնական Անկարան հավաստի իր հավատարմությունը 1921 թվականին կնքված բոլշևիկա-քեմալական պայմանագրի տառին և ոգուն ու սահմանափակի իր հավակնությունները Հարավային Կովկասում, որը Ռուսաստանը համարում է իր ազդեցության և անվտանգության ապահովման տեսանկյունից բացառիկ գոտի:

 

Պետք է նկատի ունենալ այն, որ մեր տարածաշրջանում նոր իրավիճակ է ձևավորվել հատկապես այն բանից հետո, երբ, ժամանակավորապես կամ ընդմիշտ կորցնելով Աբխազիան ու Հր. Օսիան, Վրաստանը դուրս եկավ ռուսական գերիշխանության տիրույթից, և Կրեմլը չի կարող դրա հետ հաշվի չնստել, սակայն, թերևս, հույս ունի, որ այդ հանգամանքն անգամ չի խոչընդոտի Թուրքիայի հետ հարաբերություններում հասնել իր համար ցանկալի արդյունքին: Ես շատ թերահավատ եմ ռուսական այս հավանական ծրագրի կենսունակ և արդյունավետ լինելու վերաբերյալ:

 

Ադրբեջանում ՌԴ դեսպանը նշել է, որ Պուտինը Ադրբեջանի նախագահի հետ կարող է ստորագրել նոր համաձայնագիր ռազմատեխնիկական համագործակցության մասին: Ստացվում է, որ Մոսկվան շարունակում է զինել Ադրբեջանին, սա ինչի՞ մասին է վկայում, ո՞րն է Ռուսաստանի նպատակը:

 

Կրեմլն այժմ Բաքվին սիրաշահելու համար բազմաթիվ գայթակղիչ խայծեր է գործի դնում և զենքի ագրեսիվ վաճառքը շարունակելու, ադրբեջանցի ռազմական մասնագետներ կրթելու և բազմաթիվ այլ նմանատիպ ծրագրերի պակաս առայժմ հաստատ չի լինի: Իսկ դրանք կյանքի կկոչվեն, թե ոչ՝ կախված կլինի պաշտոնական Բաքվի առաջիկա պահվածքից:

 

Համանախագահները ակտիվորեն խոսում էին, որ օգոստոսին կլինի Սարգսյան-Ալիև նոր հանդիպում, սակայն վերջին օրերին այդ մասին կարծես լռում են: Ինչո՞վ է դա պայմանավորված, ձախողվե՞ց այդ հանդիպումը: Արդյոք Պուտինին հաջողվեց իր ձեռքը վերցնել միջնորդական նախաձեռնությունը:

 

Կարծում եմ, որ պարոնայք Ալիևի ու Սարգսյանի հանդիպումն, այնուամենայնիվ, առաջիկայում կկայանա: Եթե նախագահ Պուտինը ստանա Իլհամ Ալիևից ակնկալվող ազդանշանը, ապա այդ հանդիպումը կարող է շատ արագ կազմակերպվել՝ Ռուսաստանի համար ցանկալի արդյունքն արագ ամրագրելու համար: Հակառակ դեպքում ՀՀ և ԱՀ գործող ղեկավարները կհանդիպեն ավելի ուշ և, ամենայն հավանականությամբ, արդեն ամերիկացի կամ ֆրանսիացի համանախագահի նախաձեռնությամբ:

 

Ինչո՞վ եք բացատրում, որ հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման հետ կապված իրավիճակից չօգտվեց Ադրբեջանը և շփման գծում իրավիճակը մնում է համեմատաբար հանգիստ:

 

Իմ կարծիքով դա կապված է այն հանգամանքի հետ, որ ադրբեջանական կողմը շահագրգռված չէ Հայաստանում իրավիճակի ապակայունացմամբ և Սերժ Սարգսյանի դիրքերի խարխլմամբ: Իշխանափոխությունը Հայաստանում կարող է հանգեցնել «տարածքներ կարգավիճակի դիմաց» հայկական կողմերի շահերին հակասող բանաձևի կենսագործման ծրագրի վիժեցմանը, մինչդեռ Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ այդ ծրագրի իրականացման պաշտոնական երաշխավոր:

 

 

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play