Մտավոր խոտաններ ունեցող ոստիկանները նպաստում են իրենց վայրագությունների մասին նյութերի տարածմանը.Արամ Աբրահամյան


Մտավոր խոտաններ ունեցող ոստիկանները նպաստում են իրենց վայրագությունների մասին նյութերի տարածմանը.Արամ Աբրահամյան

  • 10-08-2016 13:34:42   | Հայաստան  |  Վերլուծություն

17-րդ դարի կեսերին Ֆրանսիայի վարչապետն էր կարդինալ Ջուլիո Մազարինին: Նա, ինչպես նաեւ իրեն նախորդող Ռիշելյեն եւ իրեն հաջորդող Կոլբերը (որը, ֆինանսների նախարար լինելով, իրականում կատարում էր վարչապետի պարտականությունները) լուրջ պետական գործիչներ էին` չնայած Ալեքսանդր Դյուման իր հայտնի վեպերում փորձում էր նսեմացնել այդ վարչապետներին` հրացանակիրների «ոչ համակարգային վարքը» ռոմանտիկ հերոսականության ոգով ներկայացնելու համար:
 
Մազարինիին, ինչպես ասում են, «ժողովուրդը չէր սիրում», չէին ընդունում նաեւ ֆրանսիացի ազնվականներից շատերը` թերեւս նաեւ այն պատճառով, որ նա իտալացի էր: Այդ վարչապետի տնտեսական քայլերը շատ հեռու էին պոպուլիզմից` նա պարբերաբար բարձրացնում էր հարկերը: Եվ ահա այդպիսի միջոցառումներից մեկից հետո Մազարինիին զեկուցում են, որ ժողովուրդն իր մասին երգիծական քառյակներ է երգում: Վարչապետի արձագանքը չափազանց սառնասիրտ էր` «երգում են, ուրեմն կվճարեն»: Այս պատմությունը ես հիշեցի, երբ իմացա, որ ինչ-որ խելապակասներ (ներեցեք, ուրիշ բառ չեմ գտնում) գողացել են «Մեդիալաբի» ծաղրանկարները:
 
Նույնիսկ 17-րդ դարում երգիծանքի, քննադատության, այդ թվում` կոշտ, խարազանող, ծաղրական քննադատության դեմ պայքարելն անիմաստ էր: Երգիծական քառյակները փոխանցվում էին բերնեբերան, եւ «ցանցային տարածումը» հնարավոր չէր կանգնեցնել: Էլ ո՞ւր մնաց՝ 21-րդ դարում, երբ չափազանց արդյունավետ ձեւով գործում է վիրտուալ ցանցը: Մարդկանց պետք է թույլատրվի ասել եւ ցույց տալ այն, ինչ իրենք ցանկանում են, եթե, իհարկե, դա չի հակասում տվյալ երկրի օրենսդրությանը: Միեւնույն է՝ դա ասվելու է եւ ցույց է տրվելու. միայն մտավոր խոտաններ ունեցող ոստիկանները կարող են կարծել, որ հարձակվելով տեսախցիկ բռնող լրագրողների վրա՝ նրանք խոչընդոտելու են իրենց վայրագությունների մասին նյութերի տարածումը: (Ի դեպ, որտե՞ղ են այդ ոստիկանները, ինչո՞ւ մինչ օրս ազատազրկված չեն): Հակառակը` հարձակվելով, նրանք նպաստում են այդ նյութերի տարածմանը: Ճիշտ նույն կերպ` ծաղրանկարներ գողացողները իրականում այդ նկարները դարձնում են տասնյակ ավելի շատ մարդկանց մտավոր սեփականություն:
 
Անձամբ ես աշխատում եմ «քլնգող» բառեր չօգտագործել:
Նախ՝ դրանք, որքան էլ դուր են գալիս մարդկանց, որեւէ ձեւով չեն կարող նկարագրել իրավիճակի էությունը: Եթե դուք ասում եք, օրինակ, «վիժվածք», ապա դրանից հովանում է միայն ձեր եւ ձեր համախոհների սիրտը, բայց ոչ մի բան դեպի լավը չի փոխվում:
Երկրորդ` ես ինձ այնքան կատարյալ չեմ համարում, որ մեկին «երկուս», մյուսին`«հինգ» նշանակեմ:
Երրորդ` ես ոչ մի քաղաքական թիմ չեմ ներկայացնում, որպեսզի կարողանամ ելույթ ունենալ նրա անունից` մենք (հայ ժողովուրդը, նվիրյալներս, ազնիվներս, անսխալականներս, այսինչ կուսակցության անդամներս) ճիշտ ենք, իսկ ահա նրանք… (եւ դրանից հետո կարելի է ցանկացած բառ գրել): Բայց դա իմ անձնական ճաշակի հարցն է: Կան մարդիկ եւ լրատվամիջոցներ, որոնք այլ «արտահայտչամիջոցներ» են նախընտրում: Բոլորին պետք է հարգել, բոլորին պետք է ազատություն տալ: 
 
Արամ Աբրահամյան 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն