Պուտինը կանչել է Սերժ Սարգսյանին Մոսկվա, ասելու, թե Սարգսյանն ինչ պետք է անի.Ստեփան Գրիգորյան


Պուտինը կանչել է Սերժ Սարգսյանին Մոսկվա, ասելու, թե Սարգսյանն ինչ պետք է անի.Ստեփան Գրիգորյան

  • 10-08-2016 17:21:56   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Թուրքիայի արտգործնախարար Մովլութ Չավուշօղլուն այսօր ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել, ըստ որի, Ղարաբաղյան հակամարտությունը կարող է քննարկվել եռակողմ՝ Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան ձեւաչափով:

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը Armtimes.com-ի հետ զրույցում նկատեց, որ այն հավանական ու վտանգավոր սցենար է.

«Քանի որ ՀՀ-ն իր բոլոր սուվերենությունները տվել է ՌԴ-ին, ուստի՝ այսօրվա կոնտեքստում Չավուշօղլու հայտարարությունը շատ լուրջ ու վտանգավոր է, պետք չէ մտածել՝ դե ասեցին ու վերջ սկզբունքով: Այն շատ լուրջ է, ու այդ եռակողմ բանակցությունների ժամանակ կարող է լուծվել Ղարաբաղի հարցը, այսօր էլ, որ Վլադիմիր Պուտինը կանչել է Սերժ Սարգսյանին Մոսկվա, կանչել է ասելու, թե Սարգսյանն ինչ պետք է անի: Ես ցավում եմ, որ այդ ուղղությամբ են ընթանում զարգացումները: Այդ եռակողմ համագործակցությունը մեզ համար բառիս բուն իմաստով վտանգավոր է»,- ասաց քաղաքագետը:

«Մենք այդ ձեւաչափը քննարկել ենք Ադրբեջանում կայացած հանդիպումների ժամանակ: Ադրբեջանը դրական է գնահատել Ռուսաստանի հետ եռակողմ ձեւաչափը: Այդ նախաձեռնության մասին արտահայտվել է նաեւ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ: Ռուսաստանը դրական է գնահատել այդ ձեւաչափը: Մենք կարող ենք համագործակցել քաղաքական, տնտեսական, տրանսպորտային եւ էներգետիկ ոլորտներում»,- ասված էր Չավուշօղլու հայտարարության մեջ:

Մեր հարցին՝ ՌԴ-ն փորձո՞ւմ է ԼՂ բանակցությունները դուրս բերել Մինսկի խմբի շրջանակից, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց.

«Ակնհայտ է, որ Ռուսաստանը վերջին նախաձեռնությունները եւ, մասնավորապես, Սարգսյանին Մոսկվա կանչելը հուշում են, որ ԼՂ հարցով նոր ձեւաչափ է առաջարկվում, կարող է լինել՝ ՌԴ-Ադրբեջան-Հայաստան, ՌԴ-Թուրքիա-Ադրբեջան: Վերջին զարգացումներն այնպես են դասավորվում, որ ՌԴ-ի համագործակցությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ կարեւոր դարձավ, քանի որ ՌԴ-ն լուրջ խնդիրներ ունի ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի հետ, ուստի, այդ կոնտեքստով, Թուրքիան կարող է օգտակար լինել ՌԴ-ի համար»:

Քաղաքագետի գնահատմամբ՝ Ռուսաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի միջոցով փորձում է դուրս գալ մեկուսացումից, եւ հենց դա է պատճառը, որ փորձում է  նաեւ Ղարաբաղի խնդրի ձեւաչափը փոխել՝ մասամբ այն դուրս բերելով Մինսկի խմբի ձեւաչափից:

Մեր ճշտող հարցին՝ ինչպիսի՞ն կլինի Արեւմուտքի դիրքորոշումը, արդյո՞ք իր համար ձեռնտու է, որ Թուրքիան ներգրավվի ԼՂ խնդրի բանակցություններում, Ատեփան Գրիգորյանը նկատեց, որ Արեւմուտքը միանշանակ դեմ կլինի.

«Բայց որոշիչ է ոչ թե Արեւմուտքը, այլ այն, թե ինչպես է իրեն պահում ՀՀ-ն, դժբախտաբար, ՀՀ իշխանություններն ամեն ինչ տվել են Ռուսաստանին, ուստի շատ դժվար կլինի ՌԴ-ի դիրքորոշման դեմ դուրս գալ: Ավելին՝ Արեւմուտքը դեմ է, որ ՀՀ-ն միակողմանի զիջումների գնա, դա Վիեննայի մայիսի 17-ի որոշումներն են՝ վստահության մթնոլորտ ստեղծել, հետաքննող մեխանիզմների տեղադրում. Արեւմուտքի դիրքորոշումը շատ կառուցողական է»,- եզրափակեց նա:

 

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ