Պուտինի շանտաժը Հայաստանի նկատմամբ


Պուտինի շանտաժը Հայաստանի նկատմամբ

  • 10-08-2016 18:34:35   | Հայաստան  |  Վերլուծություն

Ռուսական քաղաքականության եվրասիական ուղղության գաղափարաբան Ալեքսանդր Դուգինը հայտարարել է, որ Ռուսաստանը եվրասիական աղեղ է ստեղծում Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի մասնակցությամբ: Նա գունեղ նկարագրել է, թե ինչպես են այդ 4 երկրները միասին դիմակայում սաուդցիներին, Կատարին և ԱՄՆ-ին: Ընդ որում, Թուրքիան դուրս է գալիս ՆԱՏՕ-ից և անդամակցում ՇՀԿ-ին, իսկ Ադրբեջանը՝ Եվրասիական միությանը:

 

Սակայն ամենահետաքրքիրը պայմանն է, որի դեպքում աղեղը կարող է ձեւավորվել: Հայաստանը, որը Դուգինի աղեղում չկա, չգիտես ինչու Ադրբեջանին է հանձնում ղարաբաղյան 5 շրջան, եւ գոհ Ադրբեջանն անում է ամենը, ինչ կասի Պուտինը:

 

Ադրբեջանում տիտղոսային ազգը շիադավան թյուրքերն են: Մի շարք փորձագետներ ասում են, որ ազերիները մինչեւ հիմա չեն կարողանում որոշել իրենց ինքնությունը՝ նստակյաց թյուրքե՞ր են, թե թուրքացած իրանական էթնոս: Այդ անորոշությունը խանգարում է նրանց կամուրջ դառնալու Իրանի եւ Թուրքիայի միջեւ, որոնց հարաբերությունները բարեկամական չես անվանի:

 

Սակայն Ռուսաստանը որոշել է օգտագործել Ադրբեջանը որպես կամուրջ: Երկու օրվա ընթացքում Պուտինը հանդիպել է Ռուհանիին, Ալիեւին, Էրդողանին, որոնց հետ, չնայած համաձայնագրեր չի ստորագրել, սակայն հող է շոշափել եվրասիական աղեղի ստեղծման համար:

 

Հայտնի չէ, թե արդյոք նա ստացել է երեք նախագահների համաձայնությունը: Այսօր Պուտինը հանդիպելու է Սերժ Սարգսյանին, եւ չի բացառվում, որ կփորձի առաջ քաշել 5 շրջանի պայմանը:

 

Դուգինը եւ մյուսները, որոնք ցանկանում են եվրասիական աղեղ ստեղծել, մոռանում են մի շարք կարեւոր բաների մասին: Առաջին, տարածաշրջանում ԱՄՆ ու Եվրոպայի դերը. եթե նրանք հանդես գային Ղարաբաղում տարածքային զիջումների օգտին, ապա դրանք վաղուց արված կլինեին: Երկրորդ, Դուգինն ու մյուսները երեւի չգիտեն, որ Թուրքիան ու Իրանը Ռուսաստանին չեն ընկալում որպես գերտերություն եւ վերաբերվում որպես հավասար տարածաշրջանային երկրի: Ավելի շուտ նրանք են օգտագործում Ռուսաստանին, քան Ռուսաստանը՝ նրանց:

 

Երրորդ, Ռուսաստանը չի կարող հաշվի չառնել Հայաստանի դիրքորոշումը: Չնայած զիջումներին (թեկուզ ոչ միակողմանի) պատրաստակամության մասին Հայաստանի ղեկավարության պարտվողական հայտարարություններին, երկրում հանրային տրամադրություններն ու հատկապես բանակի տրամադրությունները հակված չեն տարածքների հանձնմանը: Ղարաբաղյան հինգ շրջանները պատկանում են հայ ժողովրդին, եւ ժողովուրդը կպաշտպանի այն, ինչպես ապրիլին:

 

Հնարավոր է, այսօր շրջանների հանձնման ոչ մի պահանջ էլ չլինի Մոսկվայում: Ինչպես միշտ, կլինի Պուտինի շանտաժը Հայաստանի նկատմամբ: Պատահական չէ, որ Սարգսյան-Պուտին հանդիպման օրակարգում կա «եվրասիական ինտեգրացիայի խորացումը»: Մոսկվան օգտագործում է պահը Հայաստանից եւս մի բան վերցնելու համար: Չնայած բանակից, ավելի ճիշտ, ցամաքային զորքերից բացի վերցնելու այլ բան չի մնացել: 

lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն