«Ներքին թուրքեր» չկան. Արամ Աբրահամյան


«Ներքին թուրքեր» չկան. Արամ Աբրահամյան

  • 11-08-2016 15:59:55   | Հայաստան  |  Վերլուծություն

«Առավոտ». «Ամեն թուրքերից ավելի վատթար են մեր ներքին թուրքերը»:
 
Մոտ 30 տարի Գարեգին Նժդեհի այս արտահայտությունը ես կարդում եմ «վերակառուցված խորհրդահայ», իսկ այնուհետեւ` անկախ Հայաստանի լրատվամիջոցներում: Ընդ որում, ենթադրվում է, որ Նժդեհի այդ արտահայտությունն այնքան իմաստուն է եւ այնքան, այսպես ասած, ունիվերսալ, որ մշտապես կիրառելի է կյանքի բոլոր հանգամանքներում: Օրինակ՝ որեւէ հավատավոր հանրապետական կարող է եզրակացնել, որ «ներքին թուրքերը» արեւմտյան դրամաշնորհներ ստացողներն են եւ այդպիսով «երկիրը քանդողները»: Մյուս կողմից՝ ես կարող եմ «ներքին թուրք» համարել կաշառք պահանջող մաքսավորին կամ թաղապետարանի աշխատակցին: Իշխանությունը (որի տեսանկյունից Նժդեհը կոմունիստների, Լենինի նման մի անձնավորություն է) գտնում է, որ «ներքին թուրքերը» ընդդիմադիրներն են: Ընդդիմությունը, բնականաբար, ճիշտ հակառակն է կարծում` «ներքին թուրքը» ժողովրդին հարստահարող իշխանությունն է, սակայն՝ ոչ միշտ, այլ միայն այն պահից, երբ իրենք դադարել են իշխանություն լինելուց, որովհետեւ իրենք չէին հարստահարում: Ինչի՞ համար է մեզ այսօր պետք այդ բնորոշումը: Մենք չենք ասում, չէ՞, «ներքին ռուս» կամ «ներքին եզդի»: Հավանաբար, խոսքն այնպիսի «ներքին թշնամու» մասին է, որը «թուրքից էլ վատն է» (եւս մի քաղաքական կլիշե, որը 90-ականներին հաճախ էր կիրառում Արշակ Սադոյանը), եւ որին, ըստ ամենայնի, պետք է ոչնչացնել: Որովհետեւ մեր գիտակցության մեջ «թուրքը» ոչ թե ազգություններից մեկն է, այլ մի էակ, որն օժտված է բոլոր հնարավոր եւ անհնարին բացասական գծերով` արյունարբու է, նենգ եւ դաժան: Ցավոք սրտի, «թուրքի» ռացիոնալ, ոչ առասպելական ընկալումներին մենք դեռ չենք հասել: Հետեւաբար այսօր «ներքին թուրքերը» ՀՀ քաղաքացիներ են, ներքին թշնամիներ են, որոնց պետք է ատել եւ ոչնչացնել, որովհետեւ նրանք «ծառայում են չարիքին»: Մինչդեռ նրանք, ովքեր ոչնչացնում են նրանց, «ծառայում են բարիքին»: Մնում է սահմանազատել «ներքին ազգասերներին» «ներքին թուրքերից», լուծել վերջիններիս հարցերը, որից հետո «ներքին ազգասերները» կսկսեն իրար սիրել եւ փաղաքշել: Իրականում անգամ արտաքին թշնամուն (ես գերադասում եմ «հակառակորդ» բառը) հաղթելու համար պետք չէ նրան ատել: Պետք է ոչնչացնել նրա մարդուժը, զինտեխնիկան, տնտեսական ենթակառուցվածքները, եթե պետք է` նաեւ բնակավայրերը: Բայց դա անհրաժեշտ է անել սառնասրտորեն, առանց էմոցիաների եւ այն մասշտաբով, որն անհրաժեշտ է մեր անվտանգության համար: Պատերազմը, որը շուտով վերսկսվելու է, սառնասրտություն է պահանջում: Գարեգին Նժդեհն, իհարկե, հայրենասեր մարդ էր եւ իսկական հերոս, բայց պարտադիր չէ, որ նա բոլոր հարցերում ճիշտ լինի, եւ նրա բոլոր մտքերն արդիական լինեն:   
 
Արամ Աբրահամյան
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play