Պուտինի առաջարկը Սերժ Սարգսյանին


Պուտինի առաջարկը Սերժ Սարգսյանին

  • 11-08-2016 17:27:58   | Հայաստան  |  Վերլուծություն

Խոսելով Արցախի հակամարտության մասին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, թե Հայաստանը շահագրգռված է վերացնել ենթակառուցվածքային, տնտեսական սահմանափակումները, զարգացնել տնտեսությունը:

 

Համատեղ մամուլի ասուլիսում Պուտինի եւ Սերժ Սարգսյանի անդրադարձեը Արցախի հակամարտությանը, կարծես թե տրամագծորեն տարբեր էին: Սարգսյանը շեշտադրել էր ինքնորոշման իրավունքի հարգումն ու ապահովումը՝ որպես հակամարտության լուծման ելակետ, իսկ Պուտինը խոսում է տնտեսական սահմանափակումների վերացման մասին, ակնհայտորեն ակնարկելով Հայաստանի փակ սահմանները: Ակնարկել Հայաստանի փակ սահմանի մասին, նշանակում է խոսել Թուրքիայի եւ Ադրբեջանի դիրքորոշման ելակետով: Իսկ այդ դիրքորոշումը հայտնի է՝ ոչ մի բաց սահման, քանի դեռ Հայաստանը չի հանձնել տարածքները: Իսկ ինքնորոշման մասին Թուրքիան ու Ադրբեջանը լսել չեն ուզում:

 

Ահա այդ պայմաններում խոսել սահմանափակումները վերացնելու մասին, նշանակում է խոսել Թուրքիայի ու Ադրբեջանի դիրքերից:

 

Ռուսաստանի նախագահը Հայաստանին ըստ երեւույթին առաջարկում է ֆուտբոլային դիվանագիտության նոր տարբերակ, ընդհանուր առմամբ թերեւս կրկնություն, նոր փորձ: Առաջինը, որ եղավ 2008 թվականին, կրկին սկսվեց հենց Ռուսաստանից, ուր այցելել էր Սերժ Սարգսյանը, որպես նախագահի պաշտոնում առաջին այց: Հենց Ռուսաստանում 2008 թվականի հունիսին նա հայտարարեց, թե մտադիր է Թուրքիայի նախագահին հրավիրել ֆուտբոլ դիտելու: Ավելի ուշ պարզ դարձավ, որ ֆուտբոլային դիվանագիտության սեղանին դրված է հայ-թուրքական սահմանի բացման հարցը, բայց Արցախում տարածքների հարցի հետ փոխկապակցված: Ընդ որում, այդ մասին 2008 թվականի ամռանը գրեթե բաց տեքստով խոսում էր նաեւ ՌԴ արտգործնախարար Լավրովը:

 

2008 թվականի հունիսին այդ գործընթացը Սերժ Սարգսյանին անհրաժեշտ էր օդի ու ջրի պես, քանի որ նա գտնվում էր Մարտի 1-ի ներքին լրջագույն ճնշման տակ: Հայ-թուրքական գործընթացով Սարգսյանը կարողացավ թուլացնել ներքին ճնշումը, փոխել օրակարգը, փոխել քաղաքական ուժերի վարքը, ուժերի որոշակի հարաբերակցությունը, հանրային տրամադրությունների կառուցվածքը:

 

Միաժամանակ, ներքին խնդիրները լուծելու համար նա գնաց ֆուտբոլային դիվանագիտության հարցում արտաքին լուրջ պայմանավորվածություններիկ որոնք էապես վտանգում էին Հայաստանի եւ Արցախի շահը: Սերժ Սարգսյանի հույսը թերեւս այն էր, որ ավելի ուշ Արեւմուտքի օգնությամբ հնարավոր կլինի կանխարգելել ֆուտբոլային դիվանագիտության ռուս-թուրքական ծրագրի առաջխաղացումը: Փաստացի դա էլ տեղի ունեցավ եւ Արեւմուտքը կարողացավ հասնել այնպիսի իրավիճակի, երբ գործընթացը մտավ փակուղի եւ սառեցվեց: Ի դեպ հետաքրքրական է, որ դրանից հետո Սերժ Սարգսյանը սկսեց Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրով Եվրաասոցացման ինտենսիվ բանակցությունը:

 

Հետո իհարկե տապալեց նաեւ դա: Այժմ, կարծես թե, պատմությունը պտույտ է գործել ու հայտնվել կրկնության առաջ: Ռուսաստանը, որ այժմ գտնվում է Թուրքիայի հետ հաշտեցման աշխույժ գործընթացում, թերեւս փորձում է վերականգնել ֆուտբոլային դիվանագիտության տրամաբանությունը: Թուրքիան կարծես թե դեմ չէ եւ հայտարարում է, որ Արցախի հարցում մոտեցումները համընկնում են: Միաժամանակ հիշարժան է, որ ՌԴ հետ մերձեցող Թուրքիայի արտգործնախարարը օրերս հայտարարել էր նաեւ հայ-թուրքական սահմանի բացման հարցը քննարկելու պատրաստակամության մասին: Եվ ահա նույն բանն ակնարկում է նաեւ Պուտինը:

 

Կհամաձայնի՞ Սերժ Սարգսյանը ֆուտբոլային դիվանագիտությունը կրկնելու նոր առաջարկին: Այդ առաջարկը հազիվ թե ամբողջապես կրկնվի, կլինեն նոր տարրեր, սակայն ընդհանուր տրամաբանությունն անխուսափելիորեն լինելու է նույնը՝ Ռուսաստանն ու Թուրքիան ձգտելու են ամրացնել 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրի ազդեցությունը Կովկասում, որը խարխլվել էր ԽՍՀՄ փլուզումից հետո՝ հատկապես Արցախի պատերազմում հայկական ուժերի հաջողությամբ արձանագրված նոր ստատուս-քվոյով: Դա հիմք է տարածաշրջանում անվտանգության եւ հարաբերությունների նոր համակարգի, որը պատմություն կդարձնի ռուս-թուրքական հարյուրամյա համակարգը: Ըստ այդմ, Ռուսաստանն ու Թուրքիան ձգտելու են պահպանել այն:

 

Իհարկե ի տարբերություն 2008 թվականի, ներկայիս իրողություններն էլ այլ են: Մասնավորապես, Իրանի շուրջ ծավալվում է ոչ թե միազգային լարում, այլ հակառակը: Միեւնույն ժամանակ, Արցախում տեղի է ունեցել ապրիլյան պատերազմը, որտեղ չի ստացվել ադրբեջանա-ռուսական ռազմա-քաղաքական բլից-կրիգը: Դրան զուգահեռ, բավական բան է փոխվել Վրաստանում եւ ի տարբերություն 2008 թվականի, ներկայումս ՆԱՏՕ-ն այնտեղ  ունի փաստացի ռազմական ներկայացվածություն: Միաժամանակ, լիովին այլ է Ռուսաստանի տնտեսա-քաղաքական պոտենցիալը: Բարդ է նաեւ Թուրքիայի իրավիճակը: Միաժամանակ առկա է նաեւ թեժ կետեր Կովկասից դուրս՝ Ուկրաինան եւ Սիրիան, որը զգալի ռեսուրս է խլում թե Թուրքիայից, թե Ռուսաստանից:

 

Այդ ամենից բացի, այլ է նաեւ Սերժ Սարգսյանի վիճակը: Նա չունի Մարտի 1-ի «հաղթահարման» խնդիր: Բայց, իհարկե կարող էր ունենալ, ընդ որում գուցե ավելի լուրջը՝ ՊՊԾ գնդի գրավումը: Ընդ որում հատկանշական է, որ Ռուսաստանը կարծես թե նրան շտապեցնում էր ուժի գործադրման հարցում: Իսկ դա կարող էր ունենալ լրջագույն ներքին դետոնացիա: Սակայն, Սարգսյանին հաջողվեց այն հաղթահարել այնպես, որ չլինի արյունահեղություն եւ ներքին մեծ բախումներ:

 

Բավարար կլինի՞ այդքանը Սարգսյանին ֆուտբոլային դիվանագիտության նոր առաջարկները մերժելու համար: Ի վերջո, այդ դիվանագիտության հետեւանքով արձանագրությունների տակ շարունակում է լինել Հայաստանի ստորագրությունը: Միաժամանակ, Սարգսյանը կոալիցիա է կազմել դրանք մերժող ՀՅԴ հետ, իսկ այժմ էլ առաջարկում է խորհրդարանի ընտրությանը գնալ ազգային համաձայնության կառավարության գաղափարով: Այդ ամենի հետ մեկտեղ, Հայաստանում փաստացի հանվել է նախագահի ընտրության խնդիրը եւ տեղի է ունեցել պատասխանատվության ապակենտրոնացում, երբ թեկուզ ֆորմալ առումով այլեւս չկա «մեկ» անձի խնդիրը:

 

Միաժամանակ Հայաստանում շարունակում է իշխել մի համակարգ, որի ուղենիշը անձնական հարստությունն ու դրա անվտանգությունն է, իսկ պետական շահը՝ այդ ամենին ենթակա գործիք: Հայաստանի դիմադրունակությունն ուղիղ համեմատական է այդ համակարգի ապամոնտաժման հետ:

lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն