«Առավոտ». Մի քանի տեղ կարդացել եմ, որ Պուտինը ասել է` «հայերը պիտի հողերը տան»:
Այդ տեսակի առասպելները շատ արագ են տարածվում, եւ դրանք հերքելն անիմաստ է: Մարդիկ հավատում են այն «տեղեկատվությանը», որին նախատրամադրված են հավատալու, եւ 25 տարվա փորձը գրեթե ամեն օր տալիս է դրա ապացույցները: Օրինակ՝ ՀՀ առաջին նախագահը երբեք չի ասել` «մեր ուժը մեր թուլության մեջ է». ցանկացած մարդ, ով գոնե 10 րոպե շփվել է Տեր-Պետրոսյանի հետ, կհավաստի, որի նման անհեթեթ միտք նա չէր կարող հայտնել: Բայց նրա հակառակորդները շարունակում են նման վերագրումներ անել եւ չեն տրամադրում որեւէ փաստաթուղթ, տեսագրություն կամ ձայնագրություն, որը կհաստատի իրենց այդ մտասեւեռումը: Ճիշտ նույն սերիայից է, թե Պուտինը նման բան է ասել: Որպես դրա «ապացույց» բերվում են վերջին 5 տարում քաղաքագետների, փորձագետների, լրատվամիջոցների կամ ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունները, հրապարակումները եւ այլն: Բայց դա իրականում ապացույց չէ. ես էլ կարող եմ «Առավոտի» կայքում հազարումի բան գրել, դա կհայտնվի google-ում, ուրիշ կայքեր մեջբերումներ կանեն, էքզալտացված աղջիկներն ու կանայք կսկսեն դրան ավելացնել իրենց սեփական էմոցիաները, եւ առասպելը պատրաստ է:
Ինչպես ասում էր հայ ժողովրդի մեծ բարեկամ Գրիբոյեդովը (Չացկու շուրթերով)՝ «поверили глупцы, другим передают, старухи вмиг тревогу бьют, и вот общественное мнение: Բայց այստեղ կարեւոր է, թե ի՛նչ տեսակի առասպելներ են տարածվում:
Թեման ՀՈՂՆ է, հող հանձնել-չհանձնելը, ոչ մի թիզ հողը, հող ազատագրելը, հող պահելը: 1965 թվականին մարդիկ Երեւանում դուրս էին եկել փողոց եւ դարձյալ «հողեր» էին պահանջում: Իսկ ես մտածում եմ ոչ թե «հողերի», տարածքի, հեկտարների կամ գոտիների մասին, ես մտածում եմ Մարդկանց, նրանց՝ իրենց տներում երջանիկ եւ բարեկեցիկ ապրելու, նրանց անվտանգությունն ապահովելու մասին: Առայժմ ես, ճիշտն ասած, չեմ տեսնում կարգավորման որեւէ տարբերակ, որի արդյունքում Արցախում ապրող մարդկանց գլխին չկախվի ամենադաժան, ամենաարյունալի ցեղասպանության վտանգը: Այս պահին էլ է կախված, բայց որեւէ կարգավորում սկսելուց հետո ավելի շատ չի՞ կախվի:
Հավանաբար, մեր ուղեղներում պետք է որոշակի հեղափոխություն տեղի ունենա, եւ «հողը» պետք է «մարդ» դառնա: Ընդ որում, ամբողջ Հայաստանում՝ ներառյալ Արցախը: Մարդը չի ծնվում «հող պահելու» համար, նրա առաքելությունն է այդ հողում ուրախ եւ երջանիկ ապրելը: Ոչ թե մարդն է հողի համար, այլ հակառակը՝ հողը՝ մարդու: Եթե դա խորապես ընկալվի, ապա մենք գուցեեւ կհասկանանք, թե մեր ինչին է պետք հողը: