Ու՞մ ենք իրավունք տվել դատելու՝ հաղթող ենք մենք, թե ոչ. Մեկնաբան


Ու՞մ ենք իրավունք տվել դատելու՝ հաղթող ենք մենք, թե ոչ. Մեկնաբան

  • 15-08-2016 14:52:28   | Հայաստան  |  Վերլուծություն

Մոսկվայում Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ղարաբաղյան կարգավորման գործում հաղթողներ եւ պարտվողներ չպետք է լինեն:

 

Ընդունված է կարծել, որ արցախյան պատերազմում հաղթող է հայկական կողմը, իսկ Ադրբեջանը «տուժել է», այդ պատճառով պետք է օգնել եւ սիրաշահել նրան:

 

Պատերազմում հաղթանակն արժեք է ձեռք բերում, երբ բոլորը ճանաչում են հաղթողին: Հայաստանին ոչ միայն պաշտոնապես չեն ճանաչել հաղթող, այլ նաեւ հաղթանակից 22 տարից անց ասում են, որ պատերազմում հաղթողներ չպետք է լինեն:

 

Իսկ դատավորն ո՞վ է: Ո՞վ է որոշում՝ Հայաստանը հաղթող կողմ է, իսկ Ադրբեջանը՝ պարտվող: Եթե պատերազմի դաշտում հաղթանակը հաղթող ճանաչվելու իրավունք չի տալիս, ապա ո՞վ եւ ի՞նչն է տալիս այդ իրավունքը:

 

22 տարի շարունակ ոչ առանց ներքին օպորտունիստների եւ արտաքին ուժերի աջակցության Հայաստանին համոզում էին (եւ համոզել են), որ պատերազմը գլխավորը չէ, եւ հաղթողը պատերազմի դաշտում չի որոշվում: Սակայն այդպես էլ չեն ասել, թե որտեղ է որոշվում: Ու՞մ ենք իրավունք տվել դատելու՝ հաղթող ենք մենք, թե ոչ:

 

Հայերիս դժբախտությունը, հավանաբար, այն է, որ միշտ դատավորներ, «բարձր ատյաններ» ենք փնտրում, որոնք մեր փոխարեն պետք է որոշեն իրական հաղթանակների նշանակությունը, արյան, հողի գինը: Օրինակ, ինչու են մեր երկրի սահմանները որոշվել երկու այլ երկրների միջեւ պայմանագրով, որի տակ չկա անգամ Հայաստանի ստորագրությունը:

 

Վիրտուալ հաղթանակներ կամ պարտություններ չկան, կան կոնկրետ հողեր, եւ հիմա այդ հողը պարտադրված պատերազմում հաղթողի իրավունքով պատկանում է հայկական կողմին: Նրանք, ովքեր չեն ցանկանում ճանաչել այդ հաղթանակն ու հողի նկատմամբ իրավունքը, չեն կարող Հայաստանի բարեկամ համարվել:

 

Ղարաբաղի խորհրդարանի պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը Tert.am-ին տված հարցազրույցում ասել է, որ «Ռուսաստանը չափից շատ է իր վրա վերցնում»: Նա այս հայտարարությունն արել է՝ մեկնաբանելով հողերի հանձնման եւ այլ ալոգիզմների վերաբերյալ կոչերը: Հյուսնունցն ասել է առանցքային արտահայտությունը. Հայաստանը պետք է որոշի, թե Ռուսաստանը որքան կարող է իր վրա վերցնել:

 

Սահմանին կանգնած տղաները գիտեն, թե ինչն է վճռում պատերազմի ելքը: Ապրիլի 3-4-ին նրանք հստակ համոզվել են դրանում: Շոյգուի հոգեբանական այցերը Բաքու եւ Ռուսաստանի ու Ադրբեջանի ռազմատեխնիկական բարեկամությունը Ղարաբաղում միայն մեկ հարց է առաջացնում՝ «Ռուսաստանն իր վրա շատ չի՞ վերցնում»:

lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն