Սերժ Սարգսյանը Բրազիլիայում մասնակցել է ՀՀ դեսպանության շենքի հիմնարկեքի արարողությանը


Սերժ Սարգսյանը Բրազիլիայում մասնակցել է ՀՀ դեսպանության շենքի հիմնարկեքի արարողությանը

  • 15-08-2016 17:11:48   | Բրազիլիա  |  Մամլո հաղորդագրություն

Աշխատանքային այցով Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մայրաքաղաք Բրազիլիայում մասնակցել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքի հիմնարկեքի արարողությանը:
 
Հիմնարկեքի արարողությանը մասնակցել են նաև ԲԴՀ արտաքին հարաբերությունների նախարար Ժոզե Սերան, Բրազիլիայում հավատարմագրված դեսպաններ, բարձրաստիճան դիվանագետներ և հայկական համայնքի ներկայացուցիչներ:
 
ՀՀ դեսպանությանը հատկացված տարածքը կազմում է 15.750 քառակուսի մետր: 
Համաձայն ս.թ. մայիսի 10-ին Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանի և Սան Պաուլոյում Հայաստանի պատվո հյուպատոս, համայնքային ակնառու գործիչ և բարերար Հիլդա Դիրուհի Բուրմայանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի՝ դեսպանության շենքը կառուցվում է Բուրմայան ընտանիքի և մասնավորապես՝ բարերար Հիլդա Դիրուհի Բուրմայանի նվիրատվությամբ: Դեսպանության շենքի շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել առավելագույնը 12 ամսում:
 
Հիմնարկեքի արարողության ընթացքում ելույթներով հանդես են եկել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին հարաբերությունների նախարարները:
 
«Մեր բարեկամությունը սկսել է 1992 թվականից և վերջերս շատ ավելի ամրապնդվել է, անշուշտ, նաև ձեր ներկայությամբ այստեղ, պարոն Նախագահ: Այն համաձայնությունները, որ ստորագրեցինք էլ ավելի պետք է ամրապնդեն մեր բարեկամությունը և մեր երկկողմ հարաբերությունները: Վստահ եղեք, որ այս հարաբերությունները ավելի պետք է ամրապնդվեն տնտեսական ներդրումների և առողջապահական ոլորտներում: Եվ այս արարողությունը, որ տեղի է ունենում դեսպանատանը, պետք է լինի հիմք մեր երկու երկրների միջև նոր և ապագայի բարգավաճ ու խոստումնալից հարաբերությունների համար»,- իր ելույթում ասել է ԲԴՀ արտաքին հարաբերությունների նախարար Ժոզե Սերան:
 
«Հետադարձ հայացք նետելով համատեղ անցած ուղու վրա, կարող ենք փաստել, որ Հայաստանի և Բրազիլիայի միջև տարբեր ոլորտներում ձևավորվել և ամրապնդվել են բազմաբնույթ կապեր: 
Նախագահ Սարգսյանի այս այցը, վստահաբար, արգասաբեր հիմք է հանդիսանալու նոր խոստումնալից նախաձեռնություններով մեր ընդհանուր օրակարգի համալրման, հայ-բրազիլական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար։ Մենք ունենք բոլոր հնարավորությունները, որպեսզի Հայաստանն ու Բրազիլիան բարեկամության, հարգանքի և վստահության հիմքի վրա առավել ամրապնդեն սերտ հարաբերությունները երկու պետությունների ու ժողովուրդների միջև։ Սա է այն գլխավոր ուղերձը, որը մենք այժմ Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայությամբ զետեղելու ենք նոր դեսպանատան հիմքում»,-իր ելույթում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
 
Հիմնարկեքի արարողության ավարտին ստորագրվել է համատեղ հուշաթերթ և պարկուճ դրվել կառուցվող դեսպանատան հիմքում:Այս մասին  հայտնում են  ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ վարչությունից։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play