Ղարաբաղի սուպերնախագահի պաշտոնն այլ մարդու համար են պատրաստում. Մեկնաբան


Ղարաբաղի սուպերնախագահի պաշտոնն այլ մարդու համար են պատրաստում. Մեկնաբան

  • 16-08-2016 18:00:42   | Արցախ (ԼՂՀ)  |  Վերլուծություն
Ղարաբաղում հրապարակվել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որի առանցքն է պետական կառավարման համակարգի փոփոխությունը: Գործող կիսանախագահական հանրապետությունից առաջարկում են նախագահականի անցնել, որտեղ չկա վարչապետ, եւ նախագահը գործադիր իշխանության ղեկավարն է:
Խորհրդարանին, ըստ ամենայնի, հատկացվելու է զուտ օրինաստեղծ դեր, իսկ հիմնական իշխանությունն իրացնելու է խորհրդարանի հետ նույն օրն ընտրված նախագահը:
 
Բարեփոխումների հիմնավորման մեջ նշված է, որ ներկայում նախագահը թեեւ իշխանություն ունի, սակայն քաղաքական պատասխանատվություն չի կրում կառավարության աշխատանքի համար: Այժմ որոշվել է շտկել դա:
1999 թվականին, երբ ԼՂՀ այն ժամանակվա նախագահ Արկադի Ղուկասյանը պաշտոնից ազատեց վարչապետ Ժիրայր Պողոսյանին, դիմեց խորհրդարանական ուժերին՝ առաջարկելով իրեն փոխանցել նաեւ վարչապետի լիազորությունները: Արկադի Ղուկասյանն այն ժամանակ ասում էր, որ կարող է համատեղել երկու պաշտոնները, ավելին, Ղարաբաղում այդ պաշտոններն օբյեկտիվորեն պետք է միավորվեն:
 
Այն ժամանակ Ղարաբաղի խորհրդարանական ուժերը դեմ էին (այն ժամանակ խորհրդարանի կարծիքը կարող էր տարբերվել նախագահի կարծիքից): Վարչապետ նշանակվեց Անուշավան Դանիելյանը, որի հետ Ղուկասյանի հարաբերությունները միանշանակ չէին:
Սահմանադրական ներկայիս բարեփոխումների հեղինակն Արկադի Ղուկասյա՞նն է: Ու՞մ համար է պատրաստվում Ղարաբաղի սուպերնախագահի պաշտոնը:
 
Բակո Սահակյանն արդեն երկու ժամկետ է՝ նախագահ է: Չնայած սահմանադրական բարեփոխումներից հետո նա նորից առաջադրվելու ֆորմալ հնարավորություն կունենա, սակայն կոնյունկտուրան կարող է թույլ չտալ նրան անել դա:
Իսկ կոնյունկտուրան այնպիսին է, որ 2017 թվականին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու, որոնք ամբողջությամբ կփոխեն երկրի կառավարման համակարգը: Կարող է փոխվել նաեւ մեկ շատ կարեւոր ինստիտուտ՝ ղարաբաղյան խնդրով գլխավոր բանակցողը: Մասնավորապես, դեռ հասկանալի չէ, թե ով է բանակցելու, եւ չի բացառվում, որ այդ գործառույթն ավտոմատ դրվի Ղարաբաղի նախագահի վրա, եւ Հայաստանն իր վրայից վայր դնի այդ ծանր բեռը:
Այդ դեպքում ԼՂՀ նախագահի պաշտոնում պետք է այնպիսի մարդ, որը կարողանում է բանակցել: Բակո Սահակյանի մասին դա չես ասի, եւ չի բացառվում, որ սուպերնախագահի պաշտոնն այլ մարդու համար են պատրաստում:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն