Խաղաղության հոմանիշը «փոխզիջումը» չէ


Խաղաղության հոմանիշը «փոխզիջումը» չէ

  • 16-08-2016 18:08:14   | Հայաստան  |  Վերլուծություն
Արցախի հակամարտության նոր հետպատերազմյա փուլում աշխուժացած դիվանագիտական շարժերն ու դրանով պայմանավորված մարտավարական տեղեկատվական արտահոսքերը Հայաստանում աշխուժացրել են հանրային քննարկումները տարածքների հարցում: Միաժամանակ, այդ քննարկումներն ի հայտ են բերել Արցախի հարցում Հայաստանում առկա հիմնարար, խորքային բացերը, որոնք ձեւավորվել են անկախության առաջին տարիներին եւ մասնավորապես 1994 թվականի հրադադարից հետո:
 
Եթե ընդհանուր առմամբ ձեւակերպենք խնդիրը, ապա տեղի է ունեցել որեւէ ազգի, հանրության, պետականության համար գործնականում աղետալի մի իրադարձություն՝ Արցախի պատերազմում հայկական հաղթանակը երկու տասնամյակի ընթացքում դարձել է հայկական պետականության բեռ: Եվ դա արվել է հայկական «էլիտայի» թեթեւ ձեռքով:
Դա պետական քաղաքականության հարցում անփորձությա՞ն, թե՞ որեւէ մակարդակի դիտավորության հետեւանք է, այլ հարց է:
 
Բայց փաստ է, որ Արցախի հարցում հանրային պատկերացումները, քաղաքական հայեցակարգերը հստակեցնելու, ձեւակերպելու փոխարեն տեղի է ունեցել հասկացությունների եւ ընդհանրապես բուն խնդրի նենգափոխումների շքերթ, ինչի հետեւանքով հայկական պետականությունը 25 տարի անց կանգնել է ինքնիշխանության խնդրի առաջ:
Ընդ որում, այստեղ էլ նենգափոխումների առանցքային հետեւանքներից մեկն է, երբ հանրությանը համոզել են, որ կա առանձին Արցախի խնդիր, եւ կա պետականության խնդիր: Եվ համոզել են, որ պետականության խնդրի լուծումը կախված է Արցախի առանձին խնդրի լուծումից: Իսկ այդ լուծումը կախված է «փոխզիջումից»: Իսկ «փոխզիջման» առարկան ոչ թե գիշերով հարեւանի այգուց գողացված հավ է, կամ հարեւանի ծառի ճյուղից մեր այգու կողմ գլորված մի քանի խնձոր, այլ հազարավոր կյանքերի գնով, հարյուր հազարավորների զրկանքների գնով ձեռք բերված ռազմական հաղթանակ, որը լոկ «ավար» չէ, կամ բացականչություն, այլ իրական անվտանգություն է, ռազմա-քաղաքական եւ տնտեսական ռեսուրս:
 
Դա խաղաղության ռեսուրս է, բայց հայկական «էլիտան» երկու տասնամյակ շարունակ հանրությանն առաջարկել է հանձնել խաղաղության այդ ռեսուրսը խաղաղության դիմաց: Դա թերեւս աշխարհում չտեսնված մի բանաձեւ է՝ խաղաղության դիմաց հանձնել խաղաղությունը:
Այդպիսի մի քայլ կատարեց Ուկրաինան, 1994 թվականի դեկտեմբերին: Ուկրաինան, Ռուսաստանը, ԱՄՆ ու Մեծ Բրիտանիան ստորագրեցին Բուդապեշտի հուշագիրը, որով Ուկրաինան համաձայնում էր դուրս բերել իր տարածքից խորհրդային միջուկային զինանոցը, իսկ դրա դիմաց երեք գերտերությունները դառնում էին Ուկրաինայի անվտանգության եւ տարածքային ամբողջության երաշխավորը:
Երկու տասնամյակ անց այդ երեք տերություններից մեկը՝ Ռուսաստանը, գրեթե կիսեց Ուկրաինան, այն բանի համար, որ ուկրաինացիները չէին ցանկանում լինել ՌԴ ենթակայությամբ եւ ուզում էին ասոցացվել Եվրամիության հետ: Ուկրաինան ստացավ պատերազմ եւ փաստացի մասնատում: Անվտանգության թղթային երաշխիքները չօգնեցին:
Երբ Հայաստանում 2013 թվականի սեպտեմբերի 3-ի գիշերային շրջադարձից հետո հանրության մի քանի «մարգինալները» խոսում էին ինքնիշխանությանը հասցված խայտառակ հարվածի մասին, որ տեղի էր ունեցել իշխանության եւ չիշխանություն համարվող հիմնական քաղաքական ուժերի շնորհիվ, որպես «հակափաստարկ» բերվում էր այն, թե այդպես չանելու դեպքում Հայաստանին կսպառնար ուկրաինական աղետը: Մի կողմ թողնենք այդ «հակափաստարկի» տրամաբանվածության կամ իրատեսականության խնդիրը:
Գործնականում նույն իշխանությունն ու չիշխանությունը, տարբեր տարիներին տարբեր փոխատեղվածությամբ, պատրաստակամություն են հայտնել խաղաղության ռեսուրսը «փոխզիջելու» դիմաց խաղաղության հասնելու հարցում: Չգիտես ինչու, նրանց համար Ուկրաինան իր «միջուկային փոխզիջումով» արդեն փաստարկ չէ: Ուկրաինան հանձնեց իր անվտանգության ռեալ, գործուն ռեսուրսը՝ թղթային անվտանգության դիմաց: Երկու տասնամյակ անց ինքնիշխանության սկզբունքային դիրքորոշման պարագայում Ռուսաստանը պատռեց այդ թուղթը եւ կիսեց Ուկրաինան:
 
Հայաստանում մարդկանց հավաստիացրել են, թե Հայաստանի ինքնիշխանությունը կարող է լինել Արցախի խնդիրը «փոխզիջմամբ» կարգավորելու արդյունք: Արցախի հաղթանակը Հայաստանի ինքնիշխանության արդյունքն էր, երբ Հայաստանի եւ Արցախի ռազմա-քաղաքական շրջանակները կայացնում էին ինքնիշխան որոշումներ՝ թեեւ դրանք իհարկե արժանանում էին նույն այդ շրջանակների զգալի դիմադրության: Այդուհանդերձ, այդ ինքնիշխանությունը բերեց հաղթանակի:
Դրանից հետո կատարվել է տարօրինակ տրանսֆորմացիա, եւ ինքնիշխանությունը հնարավոր է դիտվում միայն այդ ինքնիշխանության արդյունքից հրաժարվելու միջոցով: Դա սկզբունքային մոլորությունն է, որ դրվել է հայկական պետական եւ հանրային գիտակցության հիմքում, դրան պատանդառելով պետականության զարգացման պոտենցիալը:
 
Այդ պոտենցիալը, իր բոլոր ռեսուրսներով հանդերձ, երկու տասնամյակ շարունակ ուղղվել է մի խնդրի կարգավորման ուղղությամբ անպտուղ մտորումների՝ բարձրաձայն, թե մտքում, մինչդեռ դա ինքնին եղել է հենց պետականության խնդիրը, հետեւաբար պետականության որակների, պետականության ներքո դրված քաղաքակրթական հենքի ամրության ու ճյուղավորման խնդիրը:
 
Խաղաղության հոմանիշը «փոխզիջումը» չէ: Դա կեղծ եւ վտանգավոր՝ պատերազմի բերող հոմանիշ է, որովհետեւ ով խաղաղության է ձգտում՝ հանձնելով իր ծանր գնով ձեռք բերած ռեսուրսները, նա ստեղծում է իրենից իսկ նոր զիջում պահանջելու հիմք, հետեւաբար իրեն ուժային շանտաժի ենթարկելու հիմք: Շանտաժն ու սպառնալիքը կհաջորդի մեկ ամիս, մեկ տարի, թե տասը տարի անց, արդեն տեխնիկական խնդիր է: Առանցքայինն այն է, թե տվյալ ազգն ու հասարակությունը իր պետականության հանդեպ միջազգային վերաբերմունքի ինչպիսի հիմք է ստեղծում՝ շանտաժի՞, թե գործակցության ու դաշնակցության: Ըստ այդմ, Խաղաղության հոմանիշը սեփական շահն ու անվտանգությունը ձեւակերպել կարողանալն է՝ բոլորի համար հասկանալի եւ ուժեղ փաստարկներով, ու դրան տեր լինելը, եւ այդ շահի տակ հզոր քաղաքակրթական հիմք ձեւավորելը:
 
Երկու տասնամյակ առաջ փլուզված խորհրդային կայսրության դեմ կանգնած հայ ժողովուրդը փաստացի հենց այդ հայտն է ներկայացրել աշխարհին, ու այն ակնհայտորեն բավարարվել է եւ ընդունվել, հակառակ դեպքում աշխարհն ուներ Արցախի ռազմական հաղթանակ թույլ չտալու բավարար ռեսուրս:
Բայց, դրանից հետո, տարեցտարի, քաղաքակրթական հայտի փոխարեն հայկական պետականությունն աշխարհին ներկայացել է առավելապես առեւտրային հայտերով, որոնց ապրանքացուցակների առաջին տեղերում էլ միշտ եղել է արցախյան հաղթանակը: Իբրեւ թե վասն խաղաղության: Դրա դիմաց, երկու տասնամյակ անց, ստացվեց նոր պատերազմ: Հասկացա՞վ հայ ժողովուրդը, որ սեփական հաղթանակից հանուն խաղաղության հրաժարվող սուբյեկտներին չի կարող սպասել այլ ճակատագիր, քան նոր պատերազմի օբյեկտ դառնալը:
Այստեղ է գլխավոր խնդիրը եւ այդտեղ է լուծումը, որ պահանջվում է հայկական պետականությունից: Այլ լուծում Հայաստանից չի պահանջվում:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play