Ո՞րն է Սեֆիլյանի վերաբերյալ քրեական գործերը ՊՊԾ գնդի գրավման գործին կցելու նպատակը


Ո՞րն է Սեֆիլյանի վերաբերյալ քրեական գործերը ՊՊԾ գնդի գրավման գործին կցելու նպատակը

  • 16-08-2016 18:14:54   | Հայաստան  |  Հարցազրույցներ
Ժիրայր Սէֆիլյանի և մյուսների վերաբերյալ 2015թ. ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության դեպքի առթիվ հարուցված քրեական գործն, ինչպես նաև Սեֆիլյանի վերաբերյալ երկրորդ գործը՝ կապված ապօրինի զենք- զինամթերք պահելու հետ, ՀՀ քննչական կոմիտեի վարույթից վերցվել և հանձնվել է Հատուկ քննչական ծառայությանը: Գործերը կքննվեն ՊՊԾ գնդի գրավման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի հետ միասին: Արդյոք այսպիսով փո՞րձ է արվում Սեֆիլյանին ևս ներգրավել ՊՊԾ գնդի գործին: Թեմայի վերաբերյալ Lragir.am-ը զրուցել է Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի հետ:
 
Պարոն Հայրապետյան, Սեֆիլյանի և մյուսների առնչությամբ զանգվածային անկարգությունների գործը քննվում էր շուրջ մեկ ու կես տարի, իսկ զենք-զինամթերք պահելու վերաբերյալ գործն արդեն քննվում է երկու ամիս: Ինչպե՞ս եք վերաբերում ավելի վաղ հարուված այդ գործերը ՊՊԾ գնդի վերաբերյալ գործին միացնելու հանգամաքնին:
 
Իմ կարծիքով՝ անհիմն որոշում է կայացվել, որը պատճառաբանված էր ընդամենը մեկ նախադասությամբ. ըստ Դատախազության՝ գործի բազմակողմանի և օբյեկտիվ քննություն իրականացնելու համար է, որ այդ գործերը տեղափոխվում են Հատուկ Քննչական ծառայություն և կցվում ՊՊԾ գնդի գործին: Այնպիսի  տպավորություն է, որ Քննչական կոմիտեում գործի օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն չէին իրականացնում կամ չէին կարող իրականացնել: Մեկ ու կես տարի անցել է առաջին գործից, և գոնե վերջին մեկ տարվա ընթացքում որևէ գործողություն չէր կատարվում, ինչը հաստատում է, որ քննչական մարմինն էլ գտնում էր, որ այդ գործով որևէ բան չկա բացահայտելու: Այն ընդամենը  «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների դեմ օգտագործվում էր որպես մահակ, որպեսզի անհրաժեշտության դեպքում նորից հնարավոր լիներ նրանց կալանավորել: Նրանցից առնվազն երեքի՝ Գևորգ Սաֆարյանի, Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուքասզյանի պարագայում այդ գործն օգտագործվեց, քանի որ նրանց կալանավորելու որոշում կայացնելիս հիմնվեցին այն հանգամանքի վրա, որ մեկ այլ գործով նրանք արդեն իսկ մեղադրյալ են:
 
Սեֆիլյանը բացատրություն կամ որևէ կարգավիճակով ցուցմունք տվե՞լ է ՊՊԾ գնդի գրավման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:
 
Առ այսօր այդ գործի շրջանակներում նրան չեն հարցաքննել, և ես կարծում եմ՝ չկա գոնե մեկ բառ կամ նախադասություն, որի հիման վրա կարելի է Սեֆիլյանին որևէ կարգավիճակով  կապել ՊՊԾ գնդի գրավման գործի հետ:
 
ՊՊԾ գնդի գրավման ընթացքում ներսում գտնվող անձինք հայտարարում էին, որ իրենց անունից բանակցություններ կարող է վարել միայն Սեֆիլյանը, բացի այդ՝ Սեֆիլյանի վերաբերյալ երկրորդ քրեական գործով նախաքննական մարմինը նշում է, թե Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ: Արդյոք այս հանգամանքները  տրամաբանական չե՞ն  դարձնում այդ գործերը մեկ վարույթում քննելու համար:
 
Եթե դա հիմնավոր լիներ, ապա Սեֆիլյանի մեղադրանքի մեջ այդ հանգամանքը նշված կլիներ: Անտրամաբանական է արդեն ավարտված գործը բերել ու միացնել մեկ ու կես տարի հետո բոլորովին այլ հանցակազմով ու այլ դեպքի հետ կապված գործին: Բացի այդ՝ նախորդ գործը զենք-զինամթերք պահելուն է առնչվում, և այդ գործով 9 մեղադրյալ կա: Նրանցից միայն Սեֆիլյանն է, որ կապ ուներ ՊՊԾ գունդը գրաված անձանցից ոմանց հետո, իսկ մնացած անձինք որևէ առնչություն չեն ունեցել: Այգ գործը, սակայն, Սեֆիլյանի հետ էլ առնչություն չի կարող ունենալ: Ես  հասկանում եմ, թե գործերն ինչու են միացրել. արդեն մեկուկես տարի քննվող զանգվածային անկարգությունների գործը չգիտեին ինչ անել, քանի որ կարճել չէին ցանկանում: Երկրորդ գործի դեպքում ևս որևէ հանգամանք չի հաստատվում, և շատ հնարավոր է, անգամ այդ երկու մեղադրանքները չհաստատվելու պարագայում Սեֆիլյանին մեկ այլ մեղադրանք կպցնեն: Օրինակ՝ ՊՊԾ  գնդի  գործով ներգրավված են անձինք, որոնք օժանդակողի կարգավիճակ ունեն, միայն այն բանի համար, որ բանակցությունների մասնակից են եղել: Բայց թե ո՞րն է Սեֆիլյանի վերաբերյալ գործերը ՊՊԾ գնդի գրավման գործին կցելու հանգամանքը, ի՞նչ կլինի նրա վերաբերյալ գործերի ընթացքը, այս բոլոր հարցերին միայն գլխավոր Դատախազությունը կարող է պատասխանել:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play