«Թքեմ օլիմպիական խաղերում այսպիսի եզրափակչի վրա».Կարեն Գիլոյան


«Թքեմ օլիմպիական խաղերում այսպիսի եզրափակչի վրա».Կարեն Գիլոյան

  • 17-08-2016 12:54:53   | Բրազիլիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Առավոտ». Այն, ինչ կատարվեց 31-րդ ամառային օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի եզրափակիչ գոտեմարտում, այլ կերպ չես անվանի, քան խայտառակություն:
 
Ու մեր գործընկեր, մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանի գնահատականը միանգամայն ճիշտ է: 66 կգ քաշային կարգի վճռորոշ գոտեմարտում հանդիպում էին հայաստանցի Միհրան Հարությունյանը եւ սերբ Դավոր Շտեֆանեկը՝ Ըմբշամարտի միջազգային միության նախագահ Նենադ Լալովիչի հայրենակիցը: Որ մրցավարները վերջինին հաճոյանալու են, կասկած չէր հարուցում: Բայց այն, ինչ արեցին նրանք, բիրտ քծնանք էր: Դեռ մարտը նոր էր սկսվել, գորգի մրցավարն արդեն բացահայտ ցույց տվեց իր տրամադրվածությունը, որին միացան նաեւ կողայինները: Միհրանն ամբողջ վեց րոպե ակտիվ պայքարում էր, սակայն մրցավարը համառորեն հակառակն էր տեսնում: Շտեֆանեկը նույնիսկ չէր խուսափում Միհրանի մատերն արգելված հնարքներով ցավեցնելուց: Բանը հասավ այնտեղ, որ հայ ըմբիշը մրցավարի փոխարեն զգուշացրեց մրցակցին: 
 
Դրան հաջորդեց սերբի գլխով հարվածը դեմքին, ինչի հետեւանքով բժիշկները վիրակապեցին Միհրանի գլուխը: Իսկ տեսողության «խնդիրներ» ունեցող մրցավարը շարունակում էր հայ մարզիկի գործողություններում միայն պասիվություն նկատել: Նա բիրտ համառությամբ Միհրանին էր ծնկած դիրք նստեցնում, սակայն վերջինն էլ իր համառությամբ մրցակցին միավոր վաստակելու հնարավորություն չէր տալիս: Ավելին, առաջին միավորը հենց Միհրանը վաստակեց: Բայց կանոնադրությամբ գորգի տիրոջը վերապահվող իրավունքով մրցավարը հասավ այն բանին, որ սերբին էլ միավոր տվեցին, ինչը նրան առավելություն էր տալիս: Միհրանը ավելի մեծացրեց ակտիվությունը ու մրցավարները պարտավոր էին սերբին ծնկած դիրքի բերել: Ստիպված միջամտեց մեր հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը՝ չելենջ նետելով գորգ: Բայց դա նույնպես չընդունվեց ու հանդիսականի սուլոցների ներքո գոտեմարտի ավարտին բարձրացվեց Դավոր Շտեֆանեկի ձեռքը: Հանդիսականը սուլոցներով «շնորհավորեց» նաեւ ոսկե մեդալը նրա վզին կախելու արարողությունը, որն ի դեպ կատարում էր նույն ինքը՝ Նենադ Լալովիչը, ու ջերմ ծափահարություններով՝ օլիմպիական իսկական չեմպիոնի՝ Միհրան Հարությունյանի պարգեւատրությունը: Բայց ամեն բան արդեն կատարված էր ու ոչինչ փոխել այլեւս հնարավոր չէր: 
 
Հ. Գ. ՀԱՕԿ լրատվության բաժինը Ռիո դե Ժանեյրոից հաղորդում է. «31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, եզրափակչից հետո խոսելով կատարված մրցավարական անարդարությունից, այն անվանեց «կեղտ»։ «Չեմ ուզում համեստ թվալ, այս ամենը կեղտ է։ Չեմ ուզում այստեղ լինել, այս ամենի մեջ։ Ուզում եմ թողնել և հեռանալ, սպորտն արդեն ինձ հետաքրքիր չէ»,-ասաց Հարությունյանը»: 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը