Մոսկվան փորձում է ամբողջությամբ կլանել Հայաստանը.Մեկնաբան


Մոսկվան փորձում է ամբողջությամբ կլանել Հայաստանը.Մեկնաբան

  • 19-08-2016 17:58:42   | Հայաստան  |  Վերլուծություն
Ռուսաստանն ու Հայաստանը մոտ են Հայաստանի տարածքում միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագրի ստորագրմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը:
 
 
 
Խմբավորումը տեղակայվելու է Հայաստանի տարածքում: Նախատեսվում է, որ դրանում կներառվեն հայկական 4-րդ բանակային կորպուսն ու Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները: Ինչպես հայտնի է, 4-րդ կորպուսը տեղակայված է Վայքում՝ Նախիջեւանի հետ սահմանին:
 
 
 
Միացյալ զորախմբի ստեղծումը պարուրված է գաղտնիքով, սակայն արդեն մի շարք հարցեր է առաջացրել: Առաջին, ինչու՞ Նախիջեւանի հետ սահմանին: Ռուսաստանն ու  Հայաստանը Նախիջեւանի սահմանին գործողությա՞ն են պատրաստվում:
 
 
 
Նախիջեւանը կարեւորագույն դիրք է Հարավային Կովկասում: Նախիջեւանի փակ սահմանն արգելափակում է Իրանից Եվրոպա, Թուրքիայից Ադրբեջան եւ Հայաստանից Ռուսաստան ճանապարհները: Նախիջեւանի բացումը եւ հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունը թույլ կտա Նախիջեւանը «բացած» ուժերին վերահսկել տարածաշրջանը:
 
 
 
Սակայն կա եւս մեկ հանգամանք: Միացյալ խմբավորման կազմում կլինեն նաեւ 102-րդ ռազմական բազայի ստորաբաժանումները: Այժմ այն Ռուսաստանի ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի կազմում է: Խմբավորման ստեղծումը նշանակու՞մ է, որ 102-րդ բազան կորցնում է ռուսական բազայի կարգավիճակը եւ ձեռք է բերում ավելի «ինքնիշխան» հայկական բնույթ: Վերջիվերջո, միացյալ խմբավորման հրամանատարը հայ գեներալ է:
 
 
 
Միացյալ խմբավորման ստեղծումը կարող է երկու անտագոնիստական գործընթացների արդյունք լինել. առաջին՝ Հայաստանում ռազմական ներկայությունը մեծացնելու Ռուսաստանի փորձը, որպեսզի մնա Կովկասում, երկրորդ՝ Կովկասից, այդ թվում՝ Հայաստանից ռուսական ռազմական ներկայության դանդաղ դուրսմղում:
 
 
 
Խմբավորման ստեղծումը կարող է այս երկու գործընթացների յուրատեսակ փոխզիջում լինել: Ռուսաստանի էքսպանսիան ուժեղ է, Մոսկվան բուլդոզերի պես առաջ է գալիս՝ փորձելով ամբողջությամբ կլանել Հայաստանը: Սակայն Երեւանն էլ չի հանձնվում՝ գերադասելով «ոչ մեծ զիջումների» քաղաքականությունը:
 
 
 
Չնայած Հայաստանը պաշտոնապես չի դրել ռուսական բազայի դուրսբերման եւ Հայաստանի սահմաններին Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ զորքերի առաքելության դադարեցման հարցը, սակայն այդ խնդիրներն առկա են եւ չեն կարող չքննարկվել աշխարհքաղաքական համատեքստում:
 
 
 
Փորձագետները գրեթե միաձայն ասում են, որ Հայաստանի ինքնիշխանացումը չի կարող տեղի ունենալ Ռուսաստանի հզոր ռազմական ներկայության պայմաններում, եւ բազայի ու սահմանապահ զորքերի հարցը մի օր դրվելու է: Այն արդեն երեք անգամ գրեթե դրվել է:
 
 
 
2015 թվականի հունվարին ռուս զինծառայողի կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո Գյումրիի բնակչությանը հազիվ կանգնեցրեցին ռուսական բազայի պատերի մոտ: Այն ժամանակ Պուտինն ապրիլի 24-ին անձամբ եկավ Երեւան հարցերը հանելու համար:
 
 
 
Երկրորդ անգամ ռուսական ներկայության հարցը ծագել է 2015 թվականի հուլիսին՝ Էլեկտրիկ Երեւանի դեպքերի ժամանակ, որը Ռուսաստանը շտապել էր անվանել հակառուսական մայդան: Այն ժամանակ Ռուսաստանը «հանձնեց» ՀԷՑ-ը կրքերը հանդարտեցնելու համար:
 
 
 
Երրորդ անգամ հակառուսական ալիք ծագեց 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, երբ պարզ դարձավ, որ Ռուսաստանը սպառազինում է Ադրբեջանին եւ 2013 թվականից զենք չի մատակարարում Հայաստանին: Մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանի դեսպանատան մոտ երեք ցույց տեղի ունեցավ շատ կոշտ կարգախոսերով: Դրանից հետո Մոսկվան Երեւան ուղարկեց Մեդվեդեւին, Լավրովին, Շոյգուին: Սակայն նրանք, ըստ երեւույթին, Կրեմլում ոչ մի սփոփիչ բան չեն պատմել:
 
 
 
Ըստ ամենայնի՝ Ռուսաստանը պատրաստվում է Հայաստանի ինքնիշխանացման նոր ալիքին, հատկապես այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ «Սասնա ծռերի» պահանջն է դարձել ապագաղութացումը: Հնարավոր է, Մոսկվայում մի բան գիտեն, որը դեռ հայտնի չէ հրապարակայնորեն: Դա կարող է վերաբերել թե տարածաշրջանային զարգացումներին, թե Հայաստանի ներքին տրանսֆորմացիաների հանդեպ մտահոգություններին:
 
 
 
Ամեն դպքում, Մոսկվայում բավարար չեն համարել 49 տարով բազայի տեղակայման ժամկետի երկարաձգումը: Մոսկվան ապահովագրվում է՝ միացյալ խմբավորում ստեղծելով:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն