Շրջանների թիվը, որոնք պետք է հանձներ հայկական կողմը 7-ից նվազել է 2-ի, ապա՝ 0-ի


Շրջանների թիվը, որոնք պետք է հանձներ հայկական կողմը 7-ից նվազել է 2-ի, ապա՝ 0-ի

  • 22-08-2016 16:40:06   | Հայաստան  |  Վերլուծություն

Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան atlanticcouncil.org կայքում հոդված է հրապարակել ղարաբաղյան կարգավորման նոր միտումների մասին:

 

Նա ներկայացրել է ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի դինամիկան, որից ակնհայտ է դառնում, որ 2007 թվականից հետո շրջանների թիվը, որոնք պետք է հանձներ հայկական կողմը, 7-ից նվազել է 2, իսկ հետո՝ 0:

 

Բրայզան գրում է, որ 2007 թվականին մադրիդյան սկզբունքները նախատեսում էին նախկին ԼՂԻՄ շուրջ 7 շրջանների հանձնում, ընդ որում, Ղարաբաղը դրա դիմաց պետք է միջանկյալ կարգավիճակ եւ Հայաստանի հետ ցամաքային միջանցք ստանար: Ադրբեջանը պետք է վերացներ շրջափակումը, իսկ սահմանին տեղակայվեին միջազգային խաղաղապահները:

 

Չնայած այդ համակարգը երբեք պաշտոնապես չի համաձայնեցվել, 2009 թվականի հունվարին Իլհամ Ալիեւն ու Սերժ Սարգսյանը լավատեսության առիթ են տվել՝ հայտարարելով, որ այդ առաջարկները կարող են բանակցությունների հիմք լինել, գրում է Բրայզան:

 

Սակայն 2009 թվականին Սարգսյանը փոխել է դիրքորոշումը եւ ընդունել 5 շրջանների վերադարձը: Բրայզան գրում է, որ այս տարիներին վեճը 5 շրջանների շուրջ էր: Հայկական կողմը, հնարավոր է, ոչ առանց արտաքին աջակցության, փորձել է փոխել 5 շրջանների պայմանը կամ էլ դրա դիմաց համապատասպան «զիջումներ» ստանալ Ադրբեջանից:

 

Ինչպես գրում է Բրայզան, 2016 թվականի հունիսի 20-ին Պուտինն իր հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպմանն առաջարկել է աստիճանաբար առաջ շարժվել՝ առաջարկելով երկու շրջան հանձնել Ադրբեջանին տրանզիտը եւ տնտեսական կապերը վերականգնելու դիմաց: Պայմանով, որ մյուս բոլոր հարցերը քննարկվելու են հետո:

 

Բրայզան պնդում է, որ Սարգսյանն ու Ալիեւը ողջունել են Պուտինի առաջարկը՝ չնայած չեն ընդունել այն: Հուլիսի 17-ին, սակայն «հայ ազգայնականների» զինված խումբը Երեւանում գրավել է ոստիկանական գունդը: Գրավումը հանգեցրել է Հայաստանի դիրքորոշման կոշտացմանը, գրում է Բրայզան:

 

Չնայած ամերիկացի դիվանագետը, ով համարվում է թուրքական շահերի լոբբիստ, ուղիղ չի նշում, որ «տարածքների հանձնման» հարցը հանված է օրակարգից, սակայն դինամիկան, որի մասին գրում է Բրայզան, վկայում է հենց այդ մասին:

 

Հատկանշական է, որ շրջանների հետ միասին «կրճատվել են» նաեւ Ադրբեջանի «զիջումները»: Եթե սկզբում խոսք էր գնում «միջանկյալ կարգավիճակի» եւ հանրաքվեի մասին, ապա վերջին առաջարկը, ինչպես գրում է Բրայզան, նախատեսում է միայն հաղորդակցությունների բացումն Ադրբեջանի կողմից:

 

Կարծիք կա, որ մինչեւ ապրիլյան պատերազմը որոշ թվով շրջանների վերադարձի դիմաց որպես Ադրբեջանի զիջում էր դիտարկվում նաեւ չհարձակման մասին պայմանագրի ստորագրումը: Ապրիլից հետո այդ պայմանը կորցրել է իմաստը:

 

Անցած 10 տարիներին ղարաբաղյան հարցով բանակցությունները հասել են մի կետի, որը նախեւառաջ ենթադրում է հրաժարում մադրիդյան սկզբունքներից եւ Ադրբեջանի «զիջումների» դիմաց տարածքների վերադարձի պայմանից՝ լինի դա միջանկյալ կարգավիճակի ճանաչում, ուժային լուծումներից հրաժարում թե հաղորդակցությունների բացում:

 

Ելնելով Բրայզայի ու այլ աղբյուրների տվյալներից, եթե 10 տարի առաջ կարգավիճակի ճանաչման դիմաց Հայաստանը պատրաստ էր հանձնել 7 շրջան, ապա 2009 թվականին խոսք էր գնում 5 շրջանի մասին՝ ուժային լուծումից հրաժարվելու եւ հաղորդակցությունների բացման դիմաց: Ապրիլյան պատերազմից հետո խոսք էր գնում 2 շրջանի մասին՝ ապաշրջափակման դիմաց, իսկ Սասնա ծռերի ապստամբությունից հետո (իսկ միգուցե որոշակի արտաքին երաշխիքներ ստանալուց հետո) օրակարգից դուրս է եկել նաեւ այդ հարցը:

 

Հայաստանը շահագրգռված է ապաշրջափակմամբ, սակայն հիմա հաղորդակցության ուղիների բացումն ավելի շատ պետք է արտաքին ուժերին: Թող նրանք էլ «վճարեն» Ադրբեջանին եւ ոչ ղարաբաղյան շրջաններով: Ղարաբաղը փոխում է սահմանադրությունը, եւ շուտով ԼՂՀ տարածքային ամբողջականությունն ամրագրվելու է Հիմնական օրենքով:

lragir.am

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն