Իշխանությունը «ծխածածկում» է ավելի թարմ եւ ավելի մեծ հանցանքը


Իշխանությունը «ծխածածկում» է ավելի թարմ եւ ավելի մեծ հանցանքը

  • 22-08-2016 17:19:40   | Հայաստան  |  Վերլուծություն
Հատուկ քննչական ծառայությունը տեղեկություն է տարածել 2015 թվականի հունիսի 23-ին լրագրողների դեմ կատարված բռնության քննության վերաբերյալ, երբ ոստիկանությունը ցրելով Բաղրամյան փողոցի ցույցը, գրոհել էր նաեւ այն լուսաբանող լրագրողներին:
 
ՀՔԾ տարածած տեղեկատվությունը նշում է, թե քննությամբ հիմնավորվել է, որ 4 ոստիկան խոչընդոտել են լրագրողների աշխատանքին եւ պատճառել նաեւ նյութական վնաս:
Ընդհանուր գործից անջատված այդ մասը ուղարկվել է դատախազություն, հետո դատարան ուղարկելու համար:
Փաստորեն, հատուկ քննչական ծառայությունը բացահայտում է ավելի քան մեկ տարի առաջ կատարված հանցագործությունը: Փաստորեն, մեկ տարի է պահանջվում բացահայտելու համար մի բան, որը խոշոր հաշվով տեղի է ունեցել համացանցային ուղիղ եթերում, որի վերաբերյալ եղել են բազմաթիվ տեսանյութեր: Ընդ որում, այդ ամենի առկայության պարագայում նաեւ աներկբա է, որ խոսքը տեղի ունեցածի թերեւս ոչ ամբողջական բացահայտման մասին է, ինչի վկայությունն է նաեւ այն, որ հաղորդագրությունը վերաբերում է ընդհանուր գործից անջատված մասի:
 
Այդ հանգամանքը հիմք է տալիս եզրակացնել, որ ավելի քան մեկ տարի առաջ կատարված բացահայտման իրական նպատակն ընդամենը մեկ ամիս առաջ տեղի ունեցած մեկ այլ հանցագործության «հետքի» մաքրումը կամ լղոզումն է:
 
Խոսքը Սարի թաղի գործողության մասին է, որի ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչներին պատճառվել է շատ ավելի մեծ թե ֆիզիկական, թե նյութա-տեխնիկական հարված: Եթե մեկ տարի առաջ որեւէ լրագրող կամ օպերատոր չի հայտնվել հիվանդանոցում, ապա Սարի թաղի դեպքից հետո նրանցից մի քանիսը ստիպված են եղել անգամ անցնել տեւական բուժում: Ընդ որում, շատերը դեռեւս չեն կարողացել ամբողջությամբ վերականգնել իրենց ֆիզիկական առողջությունը:
 
Ամենեւին պատահական չէ, որ Բաղրամյան փողոցում մեկ տարի առաջ տեղի ունեցած բռնության գործի բացահատումը նոր թափ եւ առարկայականություն ստացավ հենց Սարի թաղի դեպքերից հետո: Ընդ որում, դեպքեր, որոնք փաստացի նույնպես ծավալվել են ուղիղ եթերում, որոնց վերաբերյալ նույնպես կան բազմաթիվ տեսանյութեր:
 
Խնդիրն այն է, որ մեկ տարի առաջ Բաղրամյան փողոցում տեղի ունեցած բռնությունը լինելով համեմատության մեջ ավելի մեղմ, փաստացի տալիս է նաեւ ավելի մեղմ պատասխանատվության հնարավորություն, քան այն, ինչ ենթադրվում է Սարի թաղի հանցագործության մասով: Միաժամանակ, պատասխանատվության փաստը կարող է լինել իրավիճակի որոշակի «լիցքաթափման» հնարավորություն, երբ իշխանությունը կդրսեւորի օրենքը խախտած իրավապահների հանդեպ պատասխանատվության «կամք»:
 
Այդպիսով, տեղի է ունենում իրականության որոշակի «նենգափոխում». իշխանությունը բացահայտում է մեկամյա վաղեմության ավելի մեղմ հանցանքը, որպեսզի «ծխածածկի» ավելի թարմ եւ ավելի մեծ հանցանքը:
Ընդ որում, հանցանքի մեծությունը տվյալ պահին ոչ միայն վերաբերում է զուտ ծավալներին կամ ուժգնությանը: Առկա են մի քանի այլ կարեւոր հանգամանքներ:
 
Մասնավորապես, Սարի թաղի օպերացիայում, ըստ տարբեր տեղեկությունների եւ նաեւ տեսա-արձանագրությունների, ներգրավված է եղել ոչ միայն իրավապահ համակարգը, այլ նաեւ քրեա-օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներին ենթակա անձինք: Մասնավորապես, հրապարակումներ են եղել տեղի հեղինակություն Թոխմախի Մհերի՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի անձանց ներգրավվածության մասին, որոնք մասնակցել են բռնությանը եւ նույնիսկ եղել են «առաջին ջութակներից»:
Մինչդեռ, Հայաստանի իշխող համակարգն ունենալով իր կառուցվածքային եւ բովանդակային առանձնահատկությունը, շատ ավելի «պահպանողական» է հենց այդ սեգմենտին պատասխանատվության ենթարկելու հարցում: Համակարգը շատ ավելի դյուրին պատասխանատվության կենթարկի մի քանի իրավապահի, քան քրեա-օլիգարխիային «պատկանող» մեկ ներկայացուցչի:
 
Այստեղ իրավիճակը բավական նուրբ է, եւ ինչպես իշխանությունն ունի պետական եւ ստվերային բյուջե, այդպես էլ ունի ուժային պետական եւ ստվերային ռեսուրս: Իսկ իշխանության համար, ինչպես հայտնի է, պետական բյուջեն ենթակա է անխնա մսխման, գանձագողության, ի տարբերություն ստվերային բյուջեի, որտեղ ամեն մի լուման ենթակա է խիստ պատասխանատու ծախսի, որովհետեւ ունի խիստ որոշակի սեփականատեր եւ պաշտպանված է շատ կոնկրետ գործող «քրեա-օլիգարխիկ օրենքով»: Նույն կերպ նաեւ պետական եւ ստվերային ուժային ռեսուրսի պարագայում՝ պետականը ենթակա է «զոհաբերման», իսկ ստվերային ուժային ռեսուրսը՝ ոչ, քանի որ իշխող համակարգի հիմքը դա է, ոչ թե պետականը:
 
Այստեղ կա սկզբունքային խնդիր: Խոսք չկա, որ թե պետական, թե «ստվերային» կամ քրեա-օլիգարխիկ ուժային ռեսուրսներն իրենց բնույթով, արժեհամակարգով, տեսակով, խոշոր հաշվով նույնն են, եւ տարբեր են միայն կարգավիճակները: Բայց, հենց կարգավիճակների տարբերությունը ենթադրում է ընդհանուր մարտավարական ճկունության եւ առավել եւս ռազմավարական հեռանկարի որոշակի սահմանափակումներ:
Խոշոր հաշվով, ներկայում տեղի է ունենում ներհամակարգային բավական լուռ եւ համառ դիմակայություն, եւ Բաղրամյանի մեկամյա վաղեմության «բացահայտումներն» այդ իմաստով ստանում են երկակի բնույթ: Մի կողմից դրանք ծխածածկույթ են Սարի թաղում քրեա-օլիգարխիայի ներգրավվածության «անպատժելիության» համար, մյուս կողմից Բաղրամյանի բացահայտումներով փորձ է արվում նաեւ «փրկել» պետական «ստատուսը», որ գրեթե անդառնալիորեն վարկաբեկվեց Սարի թաղում:
 
Բանն այն է, որ իշխանության ձեւավորման առաջիկա ընտրական փուլին ընդառաջ խորացող ներիշխանական բաժանարար գծերը նաեւ սկսում են անցնել պետական եւ ստվերային կարգավիճակներով ուժային ռեսուրսների միջեւ, եւ մինչ այժմ միմյանց «փոխլրացնող» այդ ռեսուրսները ներիշխանական դիմակայությունների ազդեցության ներքո անուսափելիորեն վերածվելու են մրցակիցների:
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն