Ջավախքը առանցքային գործոն է լինելու Կովկասի անվտանգության նոր համակարգի ձեւավորման հարցում


Ջավախքը առանցքային գործոն է լինելու Կովկասի անվտանգության նոր համակարգի ձեւավորման հարցում

  • 23-08-2016 17:32:37   | Հայաստան  |  Վերլուծություն

Վրաստանի խորհրդարանի ընտրության քարոզարշավի շրջանակում նախօրեին Ախալքալակում տեղի է ունեցել միջադեպ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի ներկայությամբ:
 
Միմյանց հետ վիճաբանել են իշխող Վրացական երազանք կոալիցիայի ներկայացուցիչ Հենզել Մկոյանը եւ անկախ պատգամավոր Սամվել Պետրոսյանը: Նրանք վիճել են Ջավախքի համար ինչ որ բան անելու շուրջ, միմյանց մեղադրելով պատեհապաշտության համար: Բանը հասել է այնտեղ, որ Կվիրիկաշվիլին հորդորել է չվիճել եւ ասել է, թե Ախալքալակն անպայման կունենա պատգամավոր: «Նախ եւ առաջ հարգեք ինքներդ ձեզ, հետո ուրիշին», հորդորել է Վրաստանի վարչապետը:
 
Վրաստանը մտել է նախընտրական թեժ շրջան: Տրամաբանական է, որ կրքերը թեժանում են նաեւ հայաբնակ Ջավախքում, հատկապես նկատի ունենալով այդ շրջանի մի շարք հայտնի առանձնահատկություններ, տարիներ շարունակ առկա զգայուն խնդիրներ, որոնք ընդհանուր առմամբ այդպես էլ լուծում չեն ստանում, եւ չի ձեւավորվում Վրաստանի հասարակական-քաղաքական կյանքում հայաբնակ Ջավախքի կայուն դերակատարության միջավայր:
 
Այստեղ իհարկե մեծ է Վրաստանի տարբեր տարիների կենտրոնական իշխանության պատասխանատվությունը: Մյուս կողմից, ընդունելի են նաեւ այդ իշխանությունների տարիներ շարունակ հնչող պարզաբանումները, որ Ջավախքի սոցիալական խնդիրներն առանձնապես չեն տարբերվում Վրաստանի այլ շրջանների խնդիրներից: Միաժամանակ հասկանալի է, որ շրջանի էթնիկ կազմի հանգամանքը այդ ոչնչով չտարբերվող խնդիրների հանդեպ այդուհանդերձ առաջ է բերում առավել զգայուն մոտեցում, ինչը նույնիսկ սուբյեկտիվ լինելու պարագայում կարիք ունի օբյեկտիվ ընկալման եւ արձագանքի:
 
Միեւնույն ժամանակ, օբյեկտիվ ընկալման կարիք ունի նաեւ այն, որ Վրաստանի իշխանություններն, ամեն ժամանակ իր չափով, միշտ էլ անվստահությամբ են մոտեցել Ջավախքին: Եվ այստեղ դերակատարում է ունեցել ոչ այնքան էթնիկ կազմը, այլեւ Ջավախքի վրա Ռուսաստանի մեծ ազդեցությունը, որը տարիների ընթացքում գոյացել է տարբեր հանգամանքներից ելնելով: Ի վերջո, տարիներ շարունակ Ջավախքը ապրել է Ախալքալակի ռուսական ռազմակայանի առկայության պայմաններում, եւ շրջանի կյանքը իր զգալի մասով կենտրոնացել էր այդ ռազմակայանի շուրջ: Ռազմակայանը Վրաստանից դուրս բերվեց ռուսական մյուս ռազմակայանների հետ միասին, որի նախաձեռնողը Միխայիլ Սահակաշվիլին էր՝ Վրաստանը ռուսական ազդեցությունից դուրս բերողն ու մի շարք ոորտներում գործնականում հեղափոխական փոփոխություններ կատարողը:
 
Միաժամանակ, Սահակաշվիլին էլ անկարող եղավ սկզբունքային փոփոխություններ մտցնել Ջավախքի հանդեպ քաղաքականության բարդ խնդրում: Նա կատարեց մի շարք փորձեր, որոնք արժանացան հակասական վերաբերմունքի: Աղմկոտ էր նաեւ ջավախքցի ակտիվիստ Վահագն Չախալյանի ձերբակալությունը:
 
Ընդհանուր առմամբ, Վրաստանի կենտրոնական իշխանության եւ Ջավախքի միջեւ փոխադարձ անվստահությունը շարունակում է պահպանվել: Այստեղ սակայն, խոսելով իշխանության առաջնային դերի մասին, այդուհանդերձ պետք է անդրադառնալ նաեւ ջավախահայության պատասխանատվության խնդրին, կամ ավելի կոնկրետ՝ Ջավախքի հայ բնակչության հասարակական-քաղաքական համարժեք էլիտայի ձեւավորման խնդրին:
Էլիտա, որը պարզունակ էթնո-հայրենասիրական ձեւակերպումներից վեր կանգնելով կարող է զբաղվել քաղաքական համարժեք գնահատմամբ, ծրագրավորմամբ եւ իրականացմամբ, մշակելով եվրատլանտյան ինտեգրացիայի կուրս իրականացնող Վրաստանի կյանքում հայաբնակ Ջավախքի դերակատարության հայեցակարգն ու գործակցության առաջարկներ ներկայացնելով Վրաստանի կենտրոնական իշխանությանը:
Համարժեք էլիտայի բացակայության համահայկական խնդիրը բնորոշ է նաեւ Ջավախքին, եւ ընդհանրապես վիրահայությանը: Բանն այն է, որ Վրաստանում լինելով բավական պատկառելի թվով ներկայացված՝ տարբեր գնահատականներով 300-մինչեւ 500 հազար հայ, հայկական համայնքն այդուհանդերձ պատշաճ դերակատարություն չունի Վրաստանի հասարակական-քաղաքական կյանքում, չի դարձել քաղաքական գործոն, որը միտված լինելով վրացական ինքնիշխան պետականության ամրապնդմանը, այդ համատեքստում նաեւ կկատարի վրացական եւ հայկական պետականության գործակցության ռազմավարական ամրապնդման առաքելություն, հաշվի առնելով երկու պետությունների կենսական շահերը Հարավային Կովկասում:
 
Այդ իմաստով, Վրաստանի վարչապետի ներկայությամբ տեղի ունեցած միջադեպը հայկական համայնքի խորհրդանշական «առաստաղն» է հասարակական-քաղաքական կյանքում: Իհարկե, այդ առումով վիրահայ համայնքի «էլիտան» կամ Ջավախքի «էլիտան» իր մտածողությամբ, քաղաքական համարժեքությամբ եւ աշխարհայացքով առանձնապես չի տարբերվում թե հայաստանյան, թե սփյուռքի այլ համայնքների «էլիտաներից»:
Գործնականում, նաեւ հենց դա է «միավորում» համայն աշխարհի հայկական «էլիտաներին»՝ ոչ թե որեւէ միասնական գաղափար, որի առանցքում բնականաբար կլինի անփոխարինելի գործիքն ու նպատակը՝ ինքնիշխան պետականությունը, այլ անհամարժեքություն համաշխարհային գործընթացներին եւ այդ պետականության շահին, որն ունենում է իր հետեւանքը արդեն ամեն համայնքի տեղային միջավայրի շրջանակում:
 
Վրաստանի հայության առումով խնդիրը այն է, որ վիրահայությունն ունենալով ահռելի ներուժ, այդուհանդերձ այդ ներուժի շատ փոքր մասն է դնում Վրաստան-Հայաստան միջպետական ռազմավարական կապերի ծառայությանը, եւ գերազանցապես ոչ թե ցանկության, այլ համարժեք աշխարհընկալման եւ մտածողության բացակայության հետեւանքով:
 
Ընդ որում, հատկանշական է, որ այդ առումով Հայաստանի իշխող «էլիտան» այդուհանդերձ պահում է իրեն ավելի համարժեք: Մասնավորապես, Հայաստանի իշխանությունը մշտապես կարողանում է նպաստել Ջավաքի խնդիրը միջպետականի կամ էթնիկ խնդրի չվերածելուն, թեեւ լինում են բազմաթիվ սեպարատ փորձեր՝ հայ-վրացական հարաբերությունը խեղելու համար, ինչն անկասկած տարածաշրջանում բխում է թե Ռուսասանի, թե Ադրբեջանի, թե Թուրքիայի շահից:
 
Մյուս կողմից, սակայն, աներկբա է, որ Հայաստանի իշխանությունն էլ իր դե ֆակտո պատասխանատվությունն ունի այն իրողության համար, որ վիրահայությունը եւ ջավախքահայությունը հայ-վրացական կարեւոր՝ իսկ ներկայիս աշխարհքաղաքական միջավայրում Հայաստանի ինքնիշխանության համար օդանցքի նշանակություն ունեցող հարաբերության մեջ ավելի շատ ոչ թե օժանդակ գործոն է, արդյունավետ հաղորդուղի, այլ խնդիրների կծիկ: Ընդ որում, այդ հարցն առանցքային նշանակություն ունի ընդհանրապես տարածաշրջանային զարգացման եւ հետխորհրդային Կովկասի նոր ստատուս-քվոյի ամրապնդման իմաստով:
 
Խոշոր հաշվով, Վրաստանի եվրատլանտյան ինտեգրացիայի եւ արդիականացման կուրսին համարժեք եւ գործուն մասնակցություն ունեցող Ջավախքը առանցքային գործոն է լինելու Կովկասի անվտանգության նոր համակարգի ձեւավորման հարցում, որը հանդիսանալու է նաեւ Արցախի կայունության եւ անվտանգության թիկունքը:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն