Հնչակյան կուսակցությունն իր տեղը կունենա առաջիկա խորհրդարանում.ՍԴՀԿ ատենապետ


Հնչակյան կուսակցությունն իր տեղը կունենա առաջիկա խորհրդարանում.ՍԴՀԿ ատենապետ

  • 25-08-2016 13:22:32   | Հայաստան  |  Հարցազրույցներ

«Առավոտ».  ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը` ներքաղաքական խնդիրների եւ իրողությունների մասին
 
– ՍԴՀԿ-ն երկու հայտարարությամբ հանդես եկավ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ՝ դրանցում հավասարաչափ դատապարտելով թե՛ զինյալների, թե՛ ոստիկանների գործողությունը: Ի վերջո, Ձեր կարծիքով՝ ի՞նչ տեղի ունեցավ: 
 
– Առիթ ունեցել եմ ասելու եւ այժմ էլ կասեմ` տեղի ունեցավ հանցագործություն, որին հրապարակավ, տան մեջ կամ սոցիալական ցանցերում իրենց աջակցությունը հայտնեցին ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ: Այսինքն՝ իհարկե՛, ՊՊԾ գնդի գրավումը հանցագործություն էր, իհարկե՛, զենքով աշխարհում հարցերի լուծումը երբեք չի հանգեցնում բարեփոխումների եւ ավելի լավ երկիր ունենալու տեսլականի: Դրա հետ մեկտեղ, սակայն, արձագանքը ցույց տվեց, որ հասարակության մի ստվար հատվածը կողմ էր նման հանցագործության, ինչը, սակայն, հետեւանք է: Հետեւանք է երկրում անկախությունից հետո կուտակված եւ այդպես էլ լուծում չունեցող բազմաթիվ պրոբլեմների, օլիգարխիայի, կրիմինալի եւ քաղաքական իշխանության սերտաճման, բազմաթիվ անօրինությունների: Եվ, ցավոք, այո՛, ռուբիկոնը կրկին անցած է, եւ միայն արմատական, վիրահատական մեթոդներով բարեփոխումները, այս լճացած վիճակի վերացումը կարող են կանխարգելել նորանոր հանցագործությունները: 
 
– Նախագահը հայտարարեց ազգային համաձայնության կառավարության ձեւավորման մասին, իշխանական շրջանակներում էլ խոսում են արմատական բարեփոխումների մասին: Ի՞նչ եք կարծում՝ իշխանությունն իրապես կգնա՞ բարեփոխումների: 
 
– Չգիտեմ: Անկեղծ` կարծում եմ, որ՝ ոչ: Եվ «ոչ»-ս հիմնավորված է բազմաթիվ պոպուլիստական հայտարարություններով, որ ապրիլյան պատերազմից հետո հնչեցին իշխանության ներկայացուցիչների կողմից, սակայն այդպես էլ մնացին պոպուլիստական հայտարարությունների դաշտում: Օրինակ՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատերազմից հետո հայտարարեց, թե կառավարությունը լրջորեն զբաղվելու է ստվերով եւ մենաշնորհներով: Հիմա հարց` անցել է շուրջ 5 ամիս, ի՞նչ է արել Հովիկ Աբրահամյանը իր հայտարարություններն այս կամ այն չափով իրականություն դարձնելու համար: Գոնե տեսանելի դաշտում՝ բացառապես ոչինչ: Իսկ ի՞նչ է նշանակում բարձր ամբիոններից հայտարարություններ անելն ու ոչինչ չանելը: Կրկին ակնկալիքների բարձրացում, կրկին հուսախաբություն, կրկին արտագաղթ եւ, ի վերջո, նման հանցագործություններ, որոնք, իրենց կարծիքով, ուղղված են իշխանության դեմ, սակայն հարվածում են մեր պետականությանը: 
 
– Առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են, շատ կուսակցություններ կարծում են, որ փոփոխությունները պետք է լինեն հենց ՏԻՄ ընտրություններով` ժողովրդավարական մակարդակում: ՍԴՀԿ-ն հայտարարել է, որ մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին, այն էլ՝ ակտիվ: Սեփական թեկնածուներ ունե՞ք: 
 
– Այո՛, կան, մի քանի օր առաջ Էջմիածնում առաջադրեցինք ավագանու թեկնածու՝ Հովհաննես Տերտերյանին, Արարատի մարզի մի քանի գյուղում ունենք մեր ներկայացուցիչ թեկնածուները: Ակտիվորեն մասնակցելու ենք նաեւ Կապանում, Մասիսում եւ Գավառում:
 
– Լուրեր էին պտտվում, որ Վանաձորում դուք աջակցելու եք այլ թեկնածուի:
 
– Այո՛, մեզ եղել է նման առաջարկ, սակայն, թերեւս, առանձին մասնակցենք: Հաստատ չեմ ասում, սակայն այսօր վերջնական որոշում կլինի: Եթե առանձին մասնակցենք, ապա մեր թեկնածուն կլինի ՍԴՀԿ Վանաձորի «Նազարբեկ» մասնաճյուղի ղեկավար Արտյոմ Սաֆարյանը: Այնտեղ կա ուժեղ մասնաճյուղ, որը կարող է հաղթահարել անցողիկ շեմը: Սակայն վերջնական որոշումը կլինի այսօր:
 
– Իսկ ՍԴՀԿ-ն հավակնո՞ւմ է հայտնվել առաջիկա Ազգային ժողովում:
 
– Իհարկե՛, հավակնում ենք, իհարկե՛, աշխատում ենք այդ ուղղությամբ: Այս պահին ընթանում են քաղաքական բանակցություններ մեզ համար ընկալելի այլ ուժերի հետ: Առանձին մասնակցելը միշտ էլ հնարավոր է, սակայն դա մենք դիտարկում ենք իբրեւ վերջին տարբերակ: Համենայնդեպս, սեպտեմբերից ամբողջապես ընկղմվելու ենք այդ աշխատանքների մեջ: Հնչակյան կուսակցությունը՝ իբրեւ գաղափարական ուժ, իր տեղը կունենա առաջիկա խորհրդարանում: Ես սրանում վստահ եմ:  
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play