Հանուն ինչի՞ հայկական երկու կողմերը պետք է համաձայնեն տարածքային զիջումների


Հանուն ինչի՞ հայկական երկու կողմերը պետք է համաձայնեն տարածքային զիջումների

  • 25-08-2016 13:56:17   | Արցախ (ԼՂՀ)  |  Վերլուծություն

 
 
 Վերջին օրերին և՜ Հայաստանի, և՜ Արցախի հանրություններում առավել հաճախ է քննարկվում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի տարածքային զիջումների հարցը: Ընդ որում` միայն զիջումների և միայն հայկական կողմի, այլ ոչ թե  հակամարտ կողմերի փոխադարձ զիջումներ ենթադրող համաձայնության: Պետք է նկատել, որ կրակին յուղ է ավելացրել նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի` ֆրանսիական Journal du Parlement պարբերականին տված հարցազրույցի անհաջող թարգմանությունը, որտեղ ՙփոխզիջում՚ բառը ներկայացվել է որպես ՙզիջում՚, ինչին իբր պատրաստ է պաշտոնական Ստեփանակերտը: Անկեղծորեն, կրքերը թեժացել են ամենալուրջ կերպով, և անգամ Հայաստանի ու ԼՂՀ պետական այրերի` հայկական կողմի միակողմանի տարածքային զիջումների հավանականությունը բացառող հայտարարություններն առայժմ չեն ունեցել պատշաճ ազդեցություն:                                                                                                                 
 
Ամեն ինչ, ըստ երևույթին, սկսվել է նրանից, երբ մեդիահարթությունում հայտնվել է հաղորդագրություն,  այսպես կոչված, ՙԼավրովի պլանի՚, իսկ այնուհետև՝ նաև ՙՊուտինի պլանի՚ գոյության մասին, որոնք իբր թե նախատեսում են հինգ շրջանների հանձնում Ադրբեջանին` նրա կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու դիմաց: Վերջերս Բաքու կատարած այցի ընթացքում  Պուտինն Ալիևի հետ ունեցած հանդիպման ընթացքում հայտարարել է. ՙՄենք ձգտելու ենք, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը գտնեն այնպիսի որոշում, որը փոխզիջումային լինի, սակայն ընդունելի երկու կողմերի համար, որպեսզի այստեղ չլինեն հաղթողներ, այլ հաղթող լինեն երկու երկրների ժողովուրդները, որպեսզի երկու պետություններն զգան, որ նրանք լուծել են այս բարդ խնդիրը` ելնելով այսօրվա և գալիք սերունդների շահերից՚։ Ավելի վաղ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ ՙմենք բոլորովին չենք ուզում պարտադրել Ադրբեջանին և Հայաստանին ինչ-որ հատուկ դեղատոմսեր, կողմերն իրենք պետք է համաձայնության գան, առանց արտաքին ճնշման գտնեն փոխընդունելի լուծումներ՚: Չնայած արտաքին ճնշման անթույլատրելիության մասին Ռուսաստանի ղեկավարի հայտարարությանը` հայկական հանրությունում առկա մտավախությունը չի թուլացել: 
 
Նման տագնապալի տրամադրությունները հասկանալի ու բացատրելի են: Իսկապես, հանուն ինչի՞ հայկական երկու կողմերը պետք է համաձայնեն տարածքային զիջումների: Մենք այժմ նույնիսկ չենք խոսի  այն մասին, որ տարածքները, որոնց մասին խոսվում է, պատմականորեն հայկական հողեր են համարվում: Խնդիրն առավել տարողունակ է և առնչվում է ԼՂՀ անվտանգության համակարգին, որը կարգավորման ՙտարածքային՚ սցենարի անհաջող զարգացման դեպքում անխուսափելիորեն կխախտվի Արցախի, իսկ հետագայում և Հայաստանի համար անցանկալի հետևանքներով: Ապրիլյան քառօրյա պատերազմն արմատապես փոխել է հակամարտության գոտում տիրող իրավիճակը, քանի որ, ինչպես կասեին իրավաբանները, ի հայտ են եկել նոր հանգամանքներ: Նոր պատերազմի հավանականությունը բացառող զմայլված լավատեսներին անգամ Բաքվի ապրիլյան արկածախնդրությունն ապացուցեց, որ Ադրբեջանը բոլորովին մտադիր չէ հրաժարվել հակամարտության ռազմական լուծումից, ինչպես նաև պանթուրքական ծրագրերից, որոնց իրագործմանը նա ձգտում է հասնել Թուրքիայի հետ համատեղ: Եվ պարտադիր չէ լինել առաջնակարգ վերլուծաբան՝ հասկանալու համար, որ Ադրբեջանին տարածքներ հանձնելն ադրբեջանցիների այժմյան մտահայեցողության և զավթողամոլ նկրտումների պայմաններում անխուսափելիորեն նոր դամոկլյան սուր կկախի Արցախի գլխավերևում:
 
Որպեսզի Պուտինի` հակամարտության կարգավորման գործընթացում հաղթողներ և պարտվողներ չպետք է լինեն դրույթն աշխատի, իսկապես անհրաժեշտ են փոխադարձ զիջումներ: Ընդ որում, հարկ է վերապահություն անել, որ փոխզիջումը հողերի հանձնում չէ: Դա փոխըմբռնում է խնդրի բազմաթիվ հարցերի շուրջ` ներառելով փախստականների` թե՜ հայ, թե՜ ադրբեջանցի, հարցը, դա ենթակառուցվածքների ապաշրջափակումն է, դա ամենից առաջ Արցախի հանդեպ ագրեսիայից և պահանջախնդրությունից Ադրբեջանի հրաժարվելն է: Ինչ-որ մեկը կարո՞ղ է պնդել, որ հակամարտության ողջ ընթացքում Ադրբեջանի կողմից լսել է փոխընդունելի (կրկնենք` փոխընդունելի) զիջումների գնալու պատրաստակամության մասին, այնպես, ինչպես դա արել են երկու հայկական կողմերը: Հազիվ թե: Եվ եթե Ռուսաստանն իր վրա է վերցրել կողմերին հաշտեցնելու հիմնական գործառույթը, իսկ այդ երկրի ղեկավարը հնարավոր է համարում ՙոչ հաղթողներ, ոչ պարտվողներ՚ բանաձևի իրագործումը, ապա թող նա իր վրա վերցնի նաև դժվար առաքելությունը՝ Ալիևին համոզելու  գնալ զիջումների: Նման միջնորդության հեռանկարայնությանը, չենք թաքցնի, խիստ հոռետեսական վերաբերմունք ունենք:
 
Անկեղծ լինենք, հակամարտության կարգավորման գործընթացում պատային իրավիճակ է ստեղծվել: Ապրիլյան պատերազմը փաստորեն այն նետել է ելման կետին, և այժմ ամեն ինչ պետք է սկսել զրոյից: Նման պայմաններում հարկ չկա խոսելու խնդրի հանգուցալուծման մասին, այժմ կարևորը լիարժեք բանակցային գործընթացի վերականգնման համար նախապայմաններ ստեղծելն է: Դրա համար ամենից առաջ անհրաժեշտ է մինչև ապրիլյան պատերազմը գոյություն ունեցող ստատուս-քվոի վերականգնում: Սա իր հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբից պահանջում է հասնել գոնե Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրագործմանը, որոնք նախատեսում են կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդում, հակամարտող կողմերի՝ շփման գծում մոնիթորինգի համակարգի ներդրում և միջազգային դիտորդական կազմի ընդլայնում: Թերևս հենց այդ է նվազագույն խնդիրը, որի լուծումը և, հավանական է,  թույլ կտա մտածել առավելագույն խնդրի` համապարփակ կարգավորման մասին, ընդ որում, իհարկե, ՓՈԽԱԴԱՐՁ ողջամիտ համաձայնությունների հիման վրա:    
 
Լեոնիդ Մարտիրոսյան
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play