Սերժ Սարգսյանը պատրաստվում է Վովա Գասպարյանի հետ ընտրություն կազմակերպել


Սերժ Սարգսյանը պատրաստվում է Վովա Գասպարյանի հետ ընտրություն կազմակերպել

  • 25-08-2016 17:38:33   | Հայաստան  |  Վերլուծություն

Ժողովուրդ օրաթերթը հայտնում է, թե Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ոստիկանապետ Վովա Գասպարյանի աշխատանքը եւ վստահեցրել, որ մինչեւ խորհրդարանի ընտրություն նրա պաշտոնանկություն չի սպասվում:
 
Թերթը գրում է, որ Սարգսյանը Վովա Գասպարյանին հայտնել է, որ դեռ միասին պետք է ընտրություն կազմակերպեն:
Վովա Գասպարյանի պաշտոնանկության հարցը աշխույժ քննարկման առարկա դարձավ հուլիսի 17-ի իրադարձության եւ դրան հաջորդած զարգացումներից հետո: Երկու շաբաթների ընթացքում, ու առ այսօր, Վովա Գասպարյանը չհայտնվեց իրադարձությունների հրապարակային կիզակետում: Ինչպիսի դերակատարում է ունեցել նա ոչ հրապարակային, ներիշխանական զարգացումներում այդ օրերին, դժվար է ասել:
 
Նրա պաշտոնանկության հարցը գրեթե անկասկած էր թվում հուլիսի 29-ի սարիթաղյան իրադարձություններից հետո, սակայն օգոստոսի 1-ի Սերժ Սարգսյանի ելույթը վկայեց, որ ոստիկանապետի պաշտոնանկության հարց կարծես թե չկա: Եվ ահա, մամուլում տեղեկություն է հայտնվում, որ Սարգսյանը պատրաստվում է Վովա Գասպարյանի հետ ընտրություն կազմակերպել:
Դա նաեւ զարմանալի չէ, քանի որ Վովա Գասպարյանը ներկայում թերեւս լավագույն թեկնածուն է, կամ ամենավստահելի թեկնածուներից մեկը, ում հետ Սերժ Սարգսյանը կարող է կազմակերպել 2017-ի խորհրդարանի ընտրությունը: Թվում է, թե հուլիսի իրադարձությունները ոստիկանության ակնհայտ տապալումն էին: ՊՊԾ գունդը լավ պաշտպանված չէր, իսկ հետագայում ոստիկանությունը իր գործողություններով կարծես թե բորբոքեց հասարակությանը: Մյուս կողմից դժվար է ասել, թե ինչ կլիներ, եթե ոստիկանությունը չդիմեր կոշտ միջոցների՝ հանրային բողոքի ալիքը դրանից ավելի փոքր, թե մեծ կլիներ: Դա շատ հարաբերական է:
 
Ի վերջո, Հայաստանի իշխող համակարգում որոշումները կայացվում են բավական մանրակրկիտ ու «արդարացի» հաշվարկների հիմքով՝ իհարկե ներիշխանական առաջնահերթություններից ելնելով: Եվ եթե որոշվել է ոստիկանության ղեկավարությանը եւ մասնավորապես ոստիկանապետին չպատժել կատարվածի համար, դա նշանակում է, որ ոստիկանությունը այդ ընթացքում լուծել է իշխանության համար կարեւոր խնդիրներ, եւ դրանք անհամեմատ ավելի նշանակալից են իշխանության համար, քան ոստիկանության առաջացրած խնդիրները:
Միեւնույն ժամանակ, հուլիսյան իրադարձություններն իշխանական համակարգը դրել էին նյարդային բավական նուրբ լարերի վրա: Դրանք ոչ միայն գեներացրին հանրության բացասական վերաբերմունք ոստիկանության հանդեպ, այլ նաեւ ոստիկանության հանդեպ հենց ներհամակարգային բացասական վերաբերմունք, նկատի ունենալով այն, որ թույլ էր տրվել ՊՊԾ գնդի գրավում եւ ֆորս-մաժորի առաջացում:
Այդպիսով, ոստիկանությունը հայտնվեց երկուստեք ոչ լեգիտիմության արանքում՝ թե հասարակական, թե ներհամակարգային: Ոստիկանության ներքին լեգիտիմության միակ աղբյուրը փաստացի մնաց Սերժ Սարգսյանը: Միաժամանակ, ոստիկանությունն էլ դառնում է Սերժ Սարգսյանի լեգիտիմության միակ աղբյուրը: Այդպիսով, խորհրդարանի ընտրությանն ընդառաջ Հայաստանում ձեւավորվում է փաստացի նոր իրավա-քաղաքական իշխանական տանդեմ՝ Սերժ Սարգսյան-ոստիկանություն, որն ինչքան գործելու է հասարակության, այդքան էլ իշխող համակարգի տարբեր բեւեռների դեմ:
Ընդ որում, այդ «տանդեմը» ստացել է նաեւ միջազգային լեգիտիմություն, ինչի վկայությունը ոստիկանության գործողություններին տրված միջազգային գնահատականներն են, որոնք իհարկե իրենց խորքում զգալիորեն քաղաքական են:
Այդպիսով, ներհամակարգային դիմակայությունը ստանում է նոր ֆորմատ: Եթե մինչեւ 2015 թվականն այն ՀՀԿ-ԲՀԿ ֆորմատով էր, ապա այժմ ֆորմատը փոխվում է եւ պայմանականորեն դրա մի կողմում հայտնվում է Սերժ Սարգսյանն ու ոստիկանությունը կամ իրավապահ համակարգը, եւ մյուս կողմում մնում է իշխող համակարգի քրեա-օլիգարխիկ սեգմենտը:
Դա իհարկե, ինչպես եւ ներհամակարգային դիմակայության նախորդ ֆորմատի դեպքում, ամենեւին արժեքների եւ մտածողության դիմակայություն չէ, այլ շահերի, ինչի սրացումն առավելապես թելադրվում է արտաքին աշխարհա-տնտեսա-քաղաքական միջավայրում արձանագրվող դինամիկ զարգացումներով, որոնցից Հայաստանը ոչ միայն անմասն լինել չի կարող, այլ գտնվում է դրանց համար առանցքային հանգույցներից մեկի վրա՝ լրջագույն պատասխանատվությամբ, որից հնարավոր է մանեւրել՝ սակայն ավեի ու ավելի սահմանափակվող ժամանակով եւ տարածությամբ:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն