Ժողովուրդը երկարատև պայքարի պատրաստ չէ.Հրաչիկ Միրզոյան


Ժողովուրդը երկարատև պայքարի պատրաստ չէ.Հրաչիկ Միրզոյան

  • 25-08-2016 17:43:47   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է Հիմնադիր խորհրդարանի անդամ Հրաչիկ Միրզոյանը

 

Պարոն Միրզոյան, չնայած Ալեք Ենիգոմշյանի հորդորներին՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ  Արայիկ Խանդոյանը չի հանի իր թեկնածությունը Արագածոտնի մարզի  Ծաղկահովիտ գյուղի ղեկավարի ընտրություններում։ Սա ՀԽ-ի և Սասնա ծռեր խմբի համար առանցքային նշանակությո՞ւն ունի։

 

ՀԽ-ն որոշել է չմասնակցել իշխանական ընտրություն կոչված թատերական ներկայացմանը։ Համենայն դեպս մինչև հիմա դա եղել է թատերական ներկայացում։ Արայիկ Խանդոյանի առաջադրվելը հաստատ ՀԽ քննությանը չի ներկայացվել։ ՀԽ-ն կուսակցություն չէ և պարտադիր պայմաններ չի առաջադրում իր անդամներին։ Այնպես որ, հնարավոր է, որ Արայիկ Խանդոյանը ինքնաառաջադրվել է։ Մարտավարական իմաստով այստեղ որոշակի շեղում կա ընդհանուր ընդունված կուրսից՝ չմասնակցել իշխանությունների կազմակերպած ընտրախաղին։ Ես կարծում եմ, որ չարժեր մասնակցել ընտրություններին։

 

Մեծ հաշվով, եթե հաշվի առնենք, որ Խանդոյանը «Հիմնադիր խորհրդարանի» համակիր է, նրա ակցիաներին է մասնակցել, եթե նա իր առաջադրումը հետ չվերցնի, չի՞ ստացվի, որ ընտրական գործընթացները, որոնց դուք դեմ եք, լեգիտիմացվում են։

 

Դա Արայիկ Խանդոյանի անձնական որոշումը կլինի։ «Հիմնադիր խորհրդարանը» պարտադիր որոշումներ իր անդամների համար չի ընդունում։ «Հիմնադիր խորհրդարանը» կուսակցություն չէ, և Արայիկ Խանդոյանը կարող է հանդես գալ իր նախաձեռնությամբ, դա իր խնդիրն է։ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները տարբեր կարծիքներ կարող են ունենալ նրա քայլի նկատմամբ։ Ես կարծում եմ՝ առանձնապես վատ բան չի արել, լավ է արել, որոշել է, թող մասնակցի։ Ի վերջո, սրանով նաև կապացուցվի, թե համայնքն ինչպես է վերաբերում «Սասնա ծռերին»՝ հանձինս Արայիկ Խանդոյանի։

 

Կարո՞ղ է Արայիկ Խանդոյանի առաջադրումը տարաձայնությունների առիթ դառնա ՀԽ ներսում։

 

Չեմ կարծում, ավելի հավանական է, որ ոչ մի տարաձայնություն էլ չի լինի։

 

Ինչպե՞ս եք գնահատում այսօր ստեղծված իրավիճակը, երբ ամեն ուրբաթ հանրահավաքներ են տեղի ունենում և շատերն արձանագրում են, որ այդ հանրահավաքներում մարող էներգիա կա։

 

Մարող էներգիա ասելն այնքան էլ ճիշտ չեմ համարում։ Ֆիզիկայի օրենքից հայտնի է, որ կինետիկ էներգիան վերածվում է պոտենցիալ էներգիայի։ Շարժումը նոր ելքեր է փնտրում, էներգիան կա, «Սասնա ծռերը» տվեցին կայծը, բռնկումը կա, ժղովուրդը ուշքի եկավ, որը մենք տեսանք։ Հիմա հաջորդ ամպլիտուդը իշխանությունների համար կարող է լինել կրիտիկական։ Ես այդպես եմ պատկերացնում։ Փորձը ցույց է տալիս, որ մեր ժողովուրդը երկար վազքի պատրաստ չէ, երկարատև պայքարի պատրաստ չէ։ Սա գալիս է ժողովրդի տնտեսական վիճակից, որովհետև 3-4 օր չաշխատելուց հետո մարդը կարող է և շատ ծանր տնտեսական կացության մեջ հայտնվել։ Սա իշխանությունների ստեղծած պահն է։ Համենայնդեպս, մենք կարծում ենք, որ մեր ժողովուրդն ընդունակ է միայն արծվի թռիչքի, նա կարճ վազքի վարպետ է և մենք արդյունքի կհասնենք, եթե նորից կլինի այդպիսի ցնցում, եթե իշխանություններն առիթ կտան ու ժողովրդին նորից վեր կհանեն։

 

Ես չեմ կարծում, որ հանրահավաքային պայքարը ձև է իշխանափոխություն կատարելու համար։ Միտինգային պայքարն անհրաժեշտ է նախևառաջ տեղեկատվություն փոխանցելու, համաժողովրդական ձևով մտքեր արծարծելու, նոր մարդկանց լսելու, առաջնորդներ հայտնաբերելու համար։ Միտինգային պայքարը մի տեսակ հաշվետվություն ներկայացնելու, շարժումը տաք պահելու խնդիր է լուծում։ Ժամանակի ընթացքում, երբ մարմրում է կայծը, ի վերջո, փոքրիկ քամուց կարող է  բոցավառվել ու մեծ հրդեհ դառնալ։ Ընդամենը այս դերն ունի միտինգային պայքարը։

 

Դուք իշխանությունների գործողություններում տեսնո՞ւմ եք քայլ, որ ցույց է տալիս, որ նրանք վերափոխվելու կամ այլ մարտավարություն որդեգրելու ցանկություն ունեն։ Եթե չգնան այդպիսի քայլերի, ինչ հտևանքներ կարող են լինել։

 

Իշխանություններն ընդունակ չեն որևէ նոր քայլ անելու և հետ կանգնելու իրենց կանխորոշած գծից։ Բանն այն է, որ իշխանություն ասածը մի փոքր, միգուցե մի քանի տասնյակ մարդկանց համախումբ է, որին կարելի է ոհմակ ասել, փոխադարձ շահերով կապված մարդկանց խումբ է, որը իշխանության հիմնական լծակների մոտ է գտնվում։ Նրանք այնքան հանցագործություններ են կատարել, որ նրանց համար իշխանությունից զրկվելը համարժեք է կենաց-մահու պայքարի։ Ժողովրդի պայքարն ուղղված է ավելի լավ, ավելի արժանապատիվ հայրենիք ունենալուն, իսկ  իշխանությունների այդ փոքրիկ խմբի համար պայքարը կենաց-մահու խնդիր է, նրանք ընդունակ են ամեն ինչի։ Նրանք չեն կարող հետ կանգնել իրենց ճանապարհից։ Այսինքն իշխանությունն ընդունակ չէ բարեփոխվելու նման մարդկանց խմբով։ Յուրաքանչյուր բարեփոխման տակ կատարված գործողություն պարզապես թատերական ներկայացում է և քողարկում։ Իրականում իշխանությունը հատել է այն սահմանագիծը, որից այն կողմ ինքը հասկանում է, որ պատասխանատվություն է կրելու, թալանածը հետ է վերադարձնելու և կանգնելու է արդարադատության առջև։ Հետևաբար, այս իշխանություններից սպասել, որ իշխանությունը կփոխանցեն ժողովրդին, տեղին չէ։ Նման բան նրանք չեն անի։

 

Ձեր կարծիքով Արայիկ Խանդոյանն իր ցանկությա՞մբ առաջադրվեց, թե՞ այնուամենայնիվ նրան խորհուրդ տվողներ են եղել։

 

Ես տեղյակ չեմ, որևէ կապ չունեմ նրա հետ։ Ես գիտեմ, որ նա կամային անձնավորություն է, համոզել նրան մի քայլ անել, որին նա համաձայն չէ, հնարավոր չէ։ Հավանաբար ինքնուրույն է եկել այդ եզրակացության։

 

Ես խորապես համոզված եմ, որ ընտրություններով իշխանություն փոխելն անհնար է, հետևաբար մասնակցել որևէ ընտրության՝ նշանակում է լեգիտիմացնել ընտրությունը։ Իշխանությունը կարող է մի համայնքում զիջել իշխանությունը, մենք տեսնում ենք, որ առանձին համայնքներում իշխանությունը թույլ է տալիս, որ որևէ  ընդդիմադիր գա իշխանության, բայց այդուհանդերձ, այդ ընդդիմադիրը շարունակում է իշխանական վերին օղակների կարգադրությունները կատարել, ուրիշ բան չի փոխում։ Այդ փոքրիկ քանակական փոփոխությունները չեն կարող որակական արդյունքի հասցնել։ Մի կետում գուցե Արայիկ Խանդոյանի նմանները հաղթանակեն, բայց միայն այդքանը։ Գործող օրենքները, գործող կարգը, համակարգն այնպես է գործում, որ նույնիսկ լավագույն հատկանիշների տեր անձնավորությունը, մտնելով համակարգի հետ հարաբերության մեջ, փչանում է։ Այս համակարգը մարդկանց փչացնելու հատկություն ունի։ Ես հավատում եմ, որ իշխանության կազմում կան շատ ու շատ պարկեշտ մարդիկ, որոնք ազնվորեն փորձում են ծառայել օրենքներին, բայց միևնույն է, նրանք հիմնական որոշումներ ընդունողը չեն։ Նրանք ամենաշատը կարող են լինել տեղակալի կամ խորհրդականի մակարդակում, ոչ ավելին։ Նրանց որոշումով ոչինչ չի փոխվում, որոշումները միշտ վերևում են ընդունվում։ Մի համայնքում իշխանափոխությունը որակական փոփոխության չի բերելու։ Սպասենք տեսնենք ինչով կվերջանա այս պատմությունը։

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play