Ապահովագրական ընկերությունները թերակատարել են նախատեսված խնդիրները


Ապահովագրական ընկերությունները թերակատարել են նախատեսված խնդիրները

  • 26-08-2016 17:57:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

2015 թվականին Հայաստանի ապահովագրական ընկերությունները հիմնականում թերակատարել են 2015-2017թթ. հեռանկարային զարգացման ծրագրերով նախատեսված խնդիրները։ Բացառություն է կազմում հաշվեգրված ապահովագրավճարների փաստացի մեծությունը, որը համապատասխանում է կանխատեսվածին։ Այս մասին նշվում է ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած «ՀՀ ապահովագրական ընկերությունների հնարավոր զարգացումները 2016- 2018թթ.» ուսումնասիրության մեջ։
 
Շեշտվում է, որ հաճախ ապահովագրական ընկերությունների նպատակների և խնդիրների կատարողականի գնահատումը դժվարանում է վերջիններիս ոչ չափելի լինելու պատճառով։
 
Մասնավորապես, ապահովագրական ընկերությունների ակտիվների, ինչպես նաև՝ պարտավորություններին թերկատարումը հիմնականում պայմանավորվում է 2015թ. Ռեպո գործառնությունների ծավալների կրճատմամբ։ Իսկ կապիտալի թերակատարումը առավելապես կախված է ընթացիկ տարվա չբաշխված շահույթի ցածր մակարդակից՝ կանխատեսվածի համեմատ բացասական 38.9%:
 
Ինչ վերաբերում է եկամուտներին ու ծախսերին, ապա դրանցից առավելապես թերակատարվել են ապահովագրական հատուցումները՝ բացասական 12.9%-ով, ինչպես նաև՝ ոչ տոկոսային եկամուտները։
 
«Թեև հաշվեգրված ապահովագրավճարների 2015թ. փաստացի մեծությունը կանխատեսման համեմատ փոքր շեղում է արձանագրել, սակայն առանձին դասերով ապահովագրավճարների մեծությունները կանխատեսվածի համեմատ տատանվում են։ ԱՊՊԱ-ի գծով հաշվեգրված վճարները թերակատարվել են բացասական 8.1%-ով, իսկ հատուցումները՝ բացասական 15.8%-ով»,- նշվում է ուսումնասիրության մեջ։
 
Միևնույն ժամանակ, գերակատարվել են հրդեհից ու բնական աղետներից ապահովագրության հաշվեգրած ապահովագրավճարները՝ 53.6%-ով։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը