ԱՄՆ ցույց է տվել Արցախի կարգավորման ճանապարհը. Մեկնաբան


ԱՄՆ ցույց է տվել Արցախի կարգավորման ճանապարհը. Մեկնաբան

  • 26-08-2016 18:30:29   | Հայաստան  |  Վերլուծություն

ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների հարցերի համակարգող Դենիել Ֆրիդը հայտարարել է, թե ԱՄՆ տարիներ շարունակ ձգտում է օգնել Արցախի հակամարտության արդար կարգավորման հարցում, բայց որոշողը պետք է լինեն կողմերը: Ըստ Ֆրիդի, կողմերի իշխանությունները հարմարավետ են զգում ներկայիս իրավիճակում եւ առաջնորդվում են կարճաժամկետ, ոչ թե երկարաժամկետ հաշվարկով:
 
Ֆրիդի հայտարարությունը հետաքրքիր զուգահեռի մեջ է նախօրեին ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարության հետ, թե ԱՄՆ չի զիջի Արցախի հարցում առաջնորդությունը Ռուսաստանին, բայց եթե այդպիսի բան լիներ, դա կլիներ իսկական «առաջընթաց»: Արցախի հարցում առաընթացի մասին ՌԴ պատկերացումը հայկական տարածք ռուսական խաղաղապահների դիմաց բանաձեւն է, որի վերաբերյալ համաձայնություն Մոսկվան փորձում է ստանալ Բաքվից, Անկարայից եւ մի քիչ էլ Թեհրանից:
 
Զախարովան փաստորեն հայտարարում է այդ մտադրության գլխավոր խոչընդոտի՝ ԱՄՆ մասին: Այդ ֆոնին, ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյան հայտարարում է, որ տարիներ շարունակ ձգտել են նպաստել արդար կարգավորմանը, բայց կողմերը պետք է որոշեն՝ խաղաղություն են ուզում, թե ինչ:
Տարիներ շարունակ կարգավորմանը նպաստելու մասին այդօրինակ հայտարարությունները բովանդակային առումով ընկալվել են որպես «փոխզիջման» կոչեր: Առավել եւս, երբ հաճախ այդ հայտարարություններն ուղեկցվել են հենց այդ մասին ուղիղ հայտարարություններով:
 
Մյուս կողմից, իսկ ինչով ուղեկցվեին, եթե 1994 թվականից ի վեր, պատերազմը հաղթած հայկական կողմը համաձայնել է իր հաղթանակի արդյունքը վիճարկման առարկա դարձնող կարգավորման բանաձեւին կամ բովանդակությանը:
 
Մի՞թե դա արդար է, երբ պատերազմում հայկական կողմը հազարավոր կյանքերի, ծանր զրկանքների գնով հասնում է հաջողության, իսկ դրանից անմիջապես հետո այդ հաջողության առնվազն մի զգալի մասը դառնում է «վերադարձի» ենթակա:
 
Դա կարո՞ղ է արդար լինել: Հետեւաբար, արդար կարգավորման վերաբերյալ հայտարարությունները կարո՞ղ են այլ ենթատեքստ ու բովանդակություն ունենալ, քան լոկ «փոխզիջումայինը», որում հասարակությանը երկու տասնամյակ շարունակ համոզել են հայկական «էլիտաները»՝ կամ հետգաղութային հպատակությամբ թելադրված դիտավորության, կամ անհեռատեսության եւ աշխարհքաղաքական տկարամտության հետեւանքով, կամ դրա հետ միասին նաեւ իրենց իշխանության հարցերը լուծելու համար:
 
Իհարկե կարող են, առավել եւս մի պետության դեպքում, որը թերեւս ամենից լավ, կամ համենայն դեպս ոչ մեկից պակաս չի գիտակցում անվտանգություն հասկացության արժեքը՝ թե քաղաքացիական-անհատական, թե պետական մակարդակով, եւ հենց անվտանգության, ազատության եւ արդարության վրա խարսխված պետական փիլիսոփայության շնորհիվ է ձեւավորել «ամերիկյան երազանքը» եւ աշխարհի համեմատաբար ամենաերիտասարդ, բայց ամենաառաջատար պետականությունը:
 
Եվ պատահական չէ ամենեւին, որ հենց այդ պետականությունն է միակը, որ անցնող երկու տասնամյակի ընթացքում ֆինանսական օժանդակության ծախսային հոդված է ներառել պետական դաշնային բյուջեում՝ Լեռնային Ղարաբաղի համար, առնվազն այդքանով իսկ ճանաչելով Արցախը:
 
Խնդիրն այն է, թե արդյոք այդ ամենով հանդերձ, այլ պատկերացումների ունակ է հակամարտության պատերազմական փուլի հաղթող կողմը: Որովհետեւ եթե այդ կողմի պատկերացումները համառորեն մնում են սեփական հաղթանակից «փոխզիջման» անվան տակ հրաժարվելու պատրաստակամության մակարդակին, եթե անգամ տակտիկական նկատառումներով դրան համաձայնելու տրամաբանությամբ՝ վստահ, որ Ադրբեջանը միեւնույն է չի բավարարվելու մասով եւ համաձայնությունը տապալվելու է, ապա միջազգային ասպարեզում այդ կողմը չի կարող ստանալ իր պատկերացումների շրջանակից ավելի:
 
Այդ իմաստով, ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյան բավական պարզորոշ ակնարկում է, որ արդար կարգավորումը կախված է նրանից, թե հակամարտության կողմերից ով ինչ է ուզում, ով է խաղաղություն ուզում:
Թվում է, թե Ադրբեջանը վտանգում է խաղաղությունը, իսկ Հայաստանը՝ հակառակը, պատրաստ է հանուն դրա նույնիսկ «փոխզիջման»: Իրականում, խաղաղությունը ռազմատենչությամբ չվտանգելը դեռեւս չի նշանակում զերծ լինել խաղաղությանը սպառնացող վտանգի համար պատասխանատվությունից:
 
Բանն այն է, որ հայկական կողմին երկու տասնամյակ առաջ միջազգայնորեն տրվել է պատերազմի հաղթանակի միջոցով Կովկասի նոր խաղաղության կառուցման անցնելու պատմական հնարավորություն, ինչը սակայն տապալվել ու տապալվում է առ այսօր:
 
Եվ սա է, որ երկու տասնամյակի ընթացքում առաջացնում է «արդար կարգավորման» նենգափոխման վտանգ, երբ միջազգայնորեն կարող է հարց առաջանալ, թե արդա՞ր է արդյոք, որ հայությանը երկու տասնամյակ առաջ տրվեց տրվեց այդ հնարավորությունը՝ լեգիտիմ հաղթանակի պատեհությունը, եթե հետո ոչ միայն ի զորու չէին լինելու այդ հաղթանակի վրա շարունակել ու ավարտել կովկասյան տեւական ու կայուն խաղաղության կառուցումը, այլ նույնիսկ գնալու էին հակառակ ճանապարհով:
 
Զախարովայի հայտարարությունը նախօրեին վկայեց, որ «արդար կարգավորման» միջազգային ընկալումը շարունակում է դեռեւս լինել երկու տասնամյակ առաջ եղած շրջանակում, ինչը խանգարում է առաջընթացի նեոգաղութատիրական պատկերացումներին: Բայց ինչքա՞ն կմնա այդպիսին, կախված է այն բանից, թե ի վերջո հայկական կողմը ընդունակ է սեփական հաղթանակի հաշվին խաղաղության նենգափոխված պատկերացումից անցնել սեփական հաղթանակի շնորհիվ խաղաղություն պակերացնելուն, դրանից բխող վարքի վերափոխումներով:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն