Իրանին ձեռնտու է քրդական էքսպանսիայի կասեցումը, որովհետև Իրանն ինքը քրդական խնդիր ունի.Հայկ Ա. Մարտիրոսյան


Իրանին ձեռնտու է քրդական էքսպանսիայի կասեցումը, որովհետև Իրանն ինքը քրդական խնդիր ունի.Հայկ Ա. Մարտիրոսյան

  • 26-08-2016 18:32:26   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի  զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը

 

Ինչպե՞ս եք գնահատում թուրքական օդուժի ու տանկերի ներխուժումը Սիրիա։ Կարծիք կա, որ դա արվել է ռուսների հավանությամբ, եթե ոչ օժանդակությամբ։ Կիսո՞ւմ եք այդ տեսակետը։

 

Օժանդակությամբ՝ ոչ, հավանությամբ՝ թերևս: Ռուս-թուրքական նոր սիրախաղի արդյունքում երկու կողմերն էլ միմյանց ռևերանսներ են անում, և քրդական շահերը երրորդ պլան մղելը այդ սիրախաղին՝ Ռուսաստանի կողմից զոհաբերվող քայլերից մեկն է: Ինչ վերաբերում է թուրքական ներխուժմանը, ապա դա, անշուշտ, միջազգային բոլոր օրենքների և կանոնների ոտնահարում է, ագրեսիայի ակտ, որոնք, սակայն, ամենևին կարևոր չեն իրական քաղաքականության մեջ: Թուրքիան այն եզակի պետություններից է, որ երբեք որևէ հանգամանքի, օրենքի, միջազգային կարգի կամ կանոնի հետ հաշվի չի նստում, այլ հետապնդում է միայն ու միայն իր շահը և հակառակ մեզանում՝ հայերիս մոտ տարածված կարծիքի՝ երբևէ չի պատժվում դրա համար:

 

Քրդերը Սիրիայի հյուսիսում արդեն քրդական պետություն էին ստեղծում՝ միավորելով քրդական երեք կանտոնները՝ Ջեզիրեն, Կոբանին և Աֆրինը: Հենց Կոբանիի և Աֆրինի միավորումը թույլ չտալու համար է, որ իբրև թե Իսլամական Պետության դեմ պայքարելու համար Թուրքիան զորքեր մտցրեց Սիրիայի տարածք: Թուրքիան այնտեղ երկար մնալու պլաններ ունի անպայման և ամենևին չեմ զարմանա, եթե Ջարաբլուսն ընդհանրապես բռնակցվի Թուրքիային՝ քրդական պետության ծրագրում մշտական աշխարհագրական սեպ խրելու համար:

 

Ձեր կարծիքով ի՞նչ հանգուցալուծում կարող է ունենալ Թուրքիայի այս ներխուժումը Սիրիա, և արդյոք Թուրքիային կհաջողվի այդքան հեշտ կոտրել քրդերի դիմադրությունը։ Ի՞նչ դիրք կգրավի ԱՄՆ-ը։

 

Հանգուցալուծում չի ունենա: Այնքան ժամանակ, որքան գոյություն ունի Թուրքիան՝ քրդերն այլևս պայքարելու են անկախության համար: Սիրիայից նույնպես նրանք որևէ տեղ չեն գնալու: Եվ քրդական պետությունը նրանց անմոռանալի երազն է այլևս: Ռոջավան՝ Սիրիայի դեռևս չստեղծված քրդական պետությունը, Արցախի պես մի հիմնախնդիր է այլևս, որ չունի այլ լուծում՝ քան ռազմական լիակատար ոչնչացումը կողմերից մեկի համար, կամ ուղղակի մասնակից երեք կողմերից մեկի, կամ երկուսի կազմաքանդումը: Երրորդ և միակ ոչ ապոկալիպտիկ ճանապարհն այն է, որ ինչ-որ հրաշքով քրդերին այնուամենայնիվ հաջողվի ռազմական կտրուկ և վստահ քայլերով միավորել կանտոնները և պետություն հռչակել: Մինչ երեկ նրանք մոտ էին այդ հանգրվանին, բայց հիմա այլևս նոր պատմական շրջան է սկսվել նրանց համար:

 

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա քրդերը ամերիկյան նոր դաշնակիցներն են, բայց և Թուրքիային անտեսել ԱՄՆ-ը չի կարող: Քրդական պետությունը դեռևս չունի կանաչ լույս Նահանգների կողմից, և Ջարաբլուսի գրավումը դրա լավագույն վկայությունն է: Բայց քրդերը շարունակում են մնալ հուսալի դաշնակիցներ ընդհանրապես ողջ Արևմուտքի համար և Թուրքիային լավագույն այլընտրանքն են ողջ Միջին Արևելքում: Այս հանգամանքը անտեսել Արևմուտքը նույնպես չի կարող:

 

Ինչպե՞ս այս ամենը կանդրադառնա մեր տարածաշրջանի վրա, հաշվի առնելով, որ Թուրքիայի ներխուժումը Սիրիա առնչվում է մեր տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներին, այդ թվում հարևան Իրանին։

 

Սա նախևառաջ դաս պետք է լինի այն հայերի և բարձրաստիճան պաշտոնյաների համար, որոնք անրջում են, թե Հայաստանի Արցախի մարզի միջազգային ճանաչումը կամ Ադրբեջանի կողմից կարգավիճակի ճանաչումը կլուծի Արցախի խնդիրը: Սուվերեն և ՄԱԿ-ի անդամ պետության տարածք ներխուժելու և ռազմական գործողություններ իրականացնելու գործում թյուրքական պետություններին դա երբեք չի խանգարել և չի խանգարելու:

 

Ինչ վերաբերում է տարածաշրջանին՝ ապա դա լարումն ավելի է մեծացնում: Իրանին, անշուշտ, ձեռնտու է քրդական էքսպանսիայի կասեցումը, որովհետև Իրանն ինքը քրդական խնդիր ունի, որն, իհարկե, շատ ավելի բարեհաջող է կառավարում, քան հարևան այլ երկրները, բայց այնուամենայնիվ դա խնդիր է, որն Իրանում լավ են հասկանում: Ընդհանրապես, այս տարածաշրջանը մոլեգնող հրդեհի մեջ է և ամեն դրվագ՝ մեծ կամ փոքր՝ երկարաժամկետ և ամենակուլ հետևանքներ կարող է ունենալ:

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play